Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սամվել Մարդանյանն ընթերցել է 2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավճիռը՝ Հակոբ Մանուկյանին դատարարտելով 10 տարի ազատազրկման, Վահագն Հայրապետյանին, Մխիթար Մխիթարյանին և Ադիբեկ Հովհաննիսյանին՝ 4 տարի ազատազրկման և Հարութիկ Կիրակոսյանին՝ 3 տարի ազատազրման: Վերջինիս նկատմամբ կիրառվել է համաներում և նա ազատ է արձակվել: Նրանք մեղավոր են ճանաչվել Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ: Այս մասին Epress.am-ին փոխանցել է դատարանի դահլիճում գտնվող Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանը:
Մեղադրող դատախազներ Հարություն Հարությունյանը և Հայկ Հարոյանը մեղադրյալ Հակոբ Մանուկյանի համար պահանջել է 13 տարվա ազատազրկում, Վահագն Հայրապետյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի և Մխիթար Մխիթարյանի համար՝ 4 տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանի համար՝ 2 տարվա: Դատավորի կարծիքը, փաստորեն, գրեթե 100 տոկոսով համընկել է մեղադրող դատախազների կարծիքի հետ:
Նշենք, որ թե տուժող, թե մեղադրվող կողմի ներկայացուցիչները դատական գործընթացի ավելի քան 2 տարվա ընթացքում մշտապես դժգոհել են դրա ընթացքից, դատախազներին և դատավորին մեղադրել են կողմնապահության մեջ:
Այսօր առավոտյան Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, հայտարարություն է տարածել, որտեղ ևս մեկ անգամ նշել է՝ տուժող կողմը վստահ է՝ Արտակ Նազարյանին սպանել են:
Տեսանյութը՝ Արման Վեզիրյանի, Հելսինկյան ասոցիացիա
Լուսանկարում՝ Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ