Մայիսի 6-ին Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերված ժամկետային զինծառայող Լևոն Թորոսյանը սպանվել է։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում հայտնել է «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության փորձագետ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը, որն այսօր մասնակցել է դիահերձմանը։
Ռուբեն Մարտիրոսյան
Փորձագետի խոսքով՝ զինվորի դիակի վրա առկա են մեկ հրազենային կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ․ գնդակի մուտքը՝ կզակից, իսկ ելքը գլխի գագաթնային շրջանից։
«Նշված հրազենային վնասվածքից բացի, սպանվածի մարմնի վրա հայտնաբերել ենք հետևյալ վնասվածքները․ իրար զուգահեռ նույնաչափ և նույն ժամանակին առաջացած քերծվածքներ արմունկների շրջանում և արյունազեղումներ զինվորի սեռական օրգանների վրա», ֊ ասել է մեր զրուցակիցը։
Դատելով վերջին վնասվածքից՝ Մարտիրոսյանը պնդել է, որ կատարվածը սպանություն է։ Նրա վարկածով՝ զինվորի մահը վրա հասնելուց անմիջապես առաջ հարվածել են նրա սեռական օրգաններին, իսկ արյունազեղումների բնույթը թույլ է տալիս պնդել, որ հարվածները եղել են սարսափելի ուժի։
«Ամենայն հավանականությամբ, հարվածները հասցվել են զենքի խզակոթով, ինչի հետևանքով Լևոն Թորոսյանն ամբողջապես կորցրել է դիմադրելու ունակությունը։ Դրանից օգտվելով էլ մարդասպանները, զենքը դնելով նրա կզակին, սպանել են նրան։ Ինչու եմ վստահ, որ սպանությունը մի մարդ չի կատարել… Լևոն Թորոսյանը ֆիզիկապես ամրակազմ ու ուժեղ երիտասարդ էր․․․
Նշեմ, որ Թորոսյանի գլխի շրջանի վնասվածքները այնաստիճան ծանր են, որ նրա մահը վրա է հասել կրակոցից անմիջապես հետո», ֊ ասել է Մարտիրոսյանը։ Նա ընդգծել է, որ դատաբժիշկը դեռ չի ասել՝ արդյոք արմունկների վնասվածքները հետմահու են հասցված, թե կենդանության օրոք։ Եթե այդ վնասվածքները հասցված են եղել հետմահու, ապա, Մարտիրոսյանի խոսքով, մարդասպանները ցանկացել են տեղափոխել դիակը դեպքի վայրից․ «Եթե Լևոն Թորոսյանն ինքնասպանություն գործած լիներ, ապա նման անհրաժեշտություն՝ դիակը տեղափոխելու, չէր առաջանա»։
Նա անդրադարձել է նաև Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, որի համաձայն, Լևոն Թորոսյանի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Մարտիրոսյանի խոսքով՝ դա հերթական դեպքն է, երբ փորձում են կոծկել բանակում կատարված սպանությունը։
«Այս սպանությունը կոծկելու փորձը, ինչպես և նախորդ սպանությունների կոծկումը, կատարվել է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հրամանով։ Քանի դեռ նման մարդիկ իրենց պաշտոններում են, չի բացահայտվելու ո՛չ Լևոն Թորոսյանի, ո՛չ էլ նման այլ սպանությունների գործերը», ֊ հավելել է Մարտիրոսյանը։