Ոչ մարտական պայմաններում սպանված զինծառայողների ծնողներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը «Ովքե՞ր և ինչո՞ւ են խոչընդոտում ոչ մարտական պայմաններում մահացած (սպանված) զինծառայողների գործերի բացահայտմանը» թեմայով ասուլիսին հնչեցնում էր այն պաշտոնյաների անունները, որոնք առնչվել են շուրջ 15 տարի շարունակվող քրեական գործերի ընթացքին և խոչընդոտել այն։
Նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Նախկին Գլխավոր դատախազներ Գևորգ Կոստանյանը, Աղվան Հովսեփյանը, Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը, զինվորական դատախազներ, հրամանատարներ, ռազմական տարբեր վարչությունների ղեկավարներ․․․
Փաստաբանն ամբողջական ցուցակը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում՝ մասնավորեցնելով այն ըստ զինծառայողների․
— 2010-ին սպանված Վալերիկ Մուրադյանի ցուցակն՝ այստեղ,
— 2007-ին սպանված Տիգրան Օհանջանյանի ցուցակն՝ այստեղ,
— 2010-ին սպանված Արթուր Ղազարյանի ցուցակն՝ այստեղ,
— 2018-ին սպանված Լևոն Թորոսյանի ցուցակն՝ այստեղ,
— 2017-ին սպանված Անդրանիկ Մկրտչյանի ցուցակն՝ այստեղ։
Փաստաբան Արայիկ Պապիկյան․ — 2007 թվականից առ այսօր Տիգրան Օհանջանյանի գործի քննության առնչված պաշտոնյաներից գրեթե 6 տասնյակ անձինք իրենց գործողությունների կատարման կամ չկատարման հետևանքով գործը մտցրել են փակուղի։ Նմանապես մյուս գործերով․․․
․․․Այս ցուցակները մեր ասուլիսից րոպեներ հետո մենք հանձնելու ենք նաև Գլխավոր դատախազին և խնդրելու ցուցակներում նշված բոլոր անձանց վերաբերյալ համապատասխան իրավական ընթացակարգ սկսել։
Երբ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, օրակարգում էր նաև վեթինգը, լյուստրացիան, անցումային արդարադատությունը, որը չկատարվեց։ Չկատարվելու հետևանքով, շատ պաշտոնյաներ այս ցուցակներում ներգրավված, այսօր ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Օրինակ՝ Հայկ Գրիգորյանը (Քննչական կոմիտեի նախկին նախագահը, այժմ ԲԴԽ անդամ է – խմբ․), որը գրեթե բոլոր գործերով մասնակցություն է ունեցել, Արտակ Կրկյաշարյանը, որն այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր է աշխատում, նախկինում եղել է գործով քննիչ, Սեյրան Օհանյանը՝ Ազգային Ժողովի պատգամավոր։
․․․Հատկապես ցուցակներում շատ են դատախազներ, քննիչներ և փորձագետներ։ Կան փորձագետներ, որոնք աչքի են ընկել ակնհայտ կեղծ եզրակացություններ տալով։ Դե բնականաբար այդ առումով «անկրկնելի» դեր է խաղացել հատկապես «Փորձաքննությունների դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տնօրեն Շոթա Վարդանյանը, Շավարշ Գևորգյանը, հետագայում Մհեր Բիշարյանը նաև։
․․․Այս անունները պատահական անուններ չեն, քրեական վարույթներից յուրաքանչյուրի մեջ կան այնպիսի տվյալներ նրանց կողմից ցուցաբերված անգործության կամ գործողության մասին․․․ Օրինակ՝ Պաշտպանության նախարարներից մեկը Քննչական ծառայության պետին իր ձեռագրով գրում է․ «Դուք քրեական վարույթով չստացաք ձեզ համար ցանկալի արդյունք, տապալեցիք գործի քննությունը և հիմա փորձում եք լուծումներ գտնեք Գլխավոր շտաբի միջոցով և վերահասցեագրում եք Քննչական ծառայության պետի դիմումը Շտաբի պետ Խաչատուրովին»։ Բնականաբար հարց է առաջանում՝ այդ ի՞նչ արդյունք էր ակնկալում Պաշտպանության նախարարը, երբ Քննչական ծառայության պետին կշտամբում էր վարույթի «ոչ ցանկալի արդյունք» ստանալու մասին։
Նանա Մուրադյան՝ Վալերիկ Մուրադյանի մայրը․ — Մարտի 15-ին կլրանա իմ տղայի սպանության 13 տարին։
․․․Եթե զինվորական գործ ա, պետք ա չբացահայտվի․ սենց ա խնդիրը դրված էս ղեկավարների ու էս բանակի համար։ Դրա համար էլ մինչև էսօր ականատես ենք լինում բանակի էս իրավիճակին և վերջին էս 15 զինվորների դեպքը։
․․․Հանցագործներից գումարները վերցնում, դնում են իրենց գրպանները։ Կոռուպցիան հենց էդտեղ ա։ Եվ բանակի գործերը երբեք չեն բացահայտվի, որովհետև դա մի մեծ շղթա ա, եթե էդ շղթան մի տեղից պոկվեց, ուրեմն չգիտեմ ինչքան գեներալներ ու հրամանատարներ ու բարձրաստիճան ղեկավարներ են գնալու իրար հետևից բանտերը․․․
Վարչապետն ասում էր՝ մի կեղծիք, մի փաստ բերեք մտցրեք աչքս, տեսեք՝ ինչ եմ անում։ Ոչ թե հինգը փաստ, այլ հինգը քրեական գործերով բազմաթիվ փաստեր, անթիվ անսահման փաստեր բերել ենք դրել ենք իր աչքի առաջ։ Հիմա մենք սպասում ենք վարչապետին և Գլխավոր դատախազին, որը որ շատ լավ տեղյակ ա էս քրեական գործերից, որ տեսնենք՝ ինչ պիտի անեն։ Սպասում ենք՝ պատասխանատվության ենթարկեն այս շղթային հերթով․․․
Իրավապաշտպան Նինա Կարապետյանց․ — Էս բոլոր գործերի տապալումը կոչվում ա համակարգային կոռուպցիա։
2020 թվականի հենց այս օրը՝ փետրվարի 17-ին, վարչապետն ընդունեց մայրերին և խոստացավ, որ հատուկ հանձնաժողով ա ստեղծվելու և էդ հատուկ հանձնաժողովը քննելու ա էդ գործերը․․․ Եվ էդ խմբի աշխատանքները ղեկավարել ա ներկայիս Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը․․․ Բոլոր էս տվյալների մասին ինքը տեղյակ ա եղել մինչև Գլխավոր դատախազ դառնալը։
Գոհար Սարգսյան՝ Տիգրան Օհանջանյանի մայրը․ — 15 տարի էր պետք, թե՛ էս իշխանությանը, թե՛ նախկին, որ իրենք հայտարարեին՝ պաշտոնական վարկածը (էլեկտրահարում) հերքվել ա։ Գործն անցել ա 3 ատյան դատարան, հիմա Եվրադատարանում ա։
Ունենք զինվորի մահ, չունենք մահվան պատճառ․․․ Էս զինվորների սպանությունները կոռուպցիա ա։ Հենց էն պահից, երբ զինվորը սպանվում ա իրանք մտածում են՝ ումից ինչքան գումար վերցնեն։
15 տարի ես էս համակարգի մեջ պայքարել եմ ու մինչև հիմա էլ պայքարում եմ, ոչ մի փոփոխություն չկա, թե՛ 2007 թվականի սպանության գործերից, թե՛ 2018-ի, թե՛ 2022, 2023 թվականի։ Նույն սցենարով գնում ա։ Որովհետև համակարգում ոչինչ չի փոխվել։
Սպանված զինվորների մայրերն ու հայրերն արդեն տարիներ շարունակ ահազանգում են՝ քննիչները վերացրել կամ կեղծել են իրեղեն ապացույցները, խմբագրել մահվան հանգամանքները, պաշտպանել իրական հանցագործներին, սպանությունները վերաձևել ինքնասպանությունների կամ դժբախտ պատահարների։ Նրանցից շատերը սեփական հետաքննությունն են անցկացրել՝ ապացույցներ հավաքագրել, ամփոփել նյութերում առկա անհամապատասխանություններն ու բացերը։ Ծնողների բողոքների քննությամբ ավանդապես զբաղվել են նույն այն կառույցները, որոնց այդ բողոքները վերաբերում են։ Հիմնականում, իհարկե, ապարդյուն՝ սեփական հանցագործությունները բացահայտելու որևէ շահագրգռվածություն դրանք չունեն։