Home / Բանակ / Բանակի զոհի ծնողները մայրուղի էին փակել

Բանակի զոհի ծնողները մայրուղի էին փակել

Նախորդ տարվա հուլիսին հրդեհից զոհված ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները այսօր փակել էին Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածը՝ պահանջելով Պաշտպանության նախարարից գալ ու պատասխան տալ իրենց հարցերին։ Մի քանի ժամ ավտոճանապարհը փակ պահելուց հետո, Սուրեն Պապիկյանը ցանկություն է հայտնել հանդիպել հարազատների հետ, վերջիններս էլ բացել են մայրուղին։

Պալյան Պողոսյանի մահվան դեպքով նախաձեռնված քրեական գործով մինչ օրս մեղադրյալ չկա, դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեպքից 7 ամիս անց՝ հայտնի չեն: Ծնողները դժգոհ են նախաքննության ընթացքից և պահանջում են պատկան մարմիններին հստակ ներկայացնել, թե ինչ փուլում է քրեական գործը:

«Վերին աստիճանի անտարբերություն, կարծես ոչինչ չի եղել, այսօր իմ երեխես տուն պիտի գար, քրեական գործը տեղից չի շարժվում։ Ոչ մի արձագանք չկա, ուզում ես վարչապետի կամ պաշտպանության նախարարի հետ հանդիպել, ոչ մի ընդունելություն։ Իմ բողոքը Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի դեմ է, էս երկուսը պիտի պատասխան տան, իրենք պիտի դատվեն», – հայտարարել է զինծառայողի հայրը՝ Ջիվան Պողոսյանը։

Հարազատները ոստիկանների հորդորով ժամանակավորապես բացեցին ճանապարհը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ մարտի 7-ին հանդիպել իրենց հետ։ 

Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսի 17-ին Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ ՊՆ-ի՝ վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով, այրվածքներ էր ստացել և տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Հուլիսի 26-ին զինծառայողը մահացել էր։

Հարկ է նշել, որ հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի մասին Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր հուլիսի 25-ին, երբ զինծառայողի առողջական վիճակը վատթարացել էր։

Դեպքի մասին

Պալյան Պողոսյանի մայրը՝ Գալյա Այվազյանը պատմում է, որ որդին ու ևս 3 զինծառայող փակված են մնացել վագոն-տնակում, մինչև հերթապահը կհասներ ու կբացեր դուռը։ Դրանից հետո էլ Պալյանը խոր այրվածքներով 5 ժամ դիրքում է մնացել՝ առանց բուժօգնության, ծառայակիցները, որոնք ավելի թեթև վնասվածքներ ունեին, Պալյանի մարմնի կրակը ջրով և հողով են հանգցրել։ 

«Կապի դուրս չեն կարողացել գալ, սպասել են մինչև լույսը բացվի, այդպես մերկ, վառած մարմնով, ցրտին մինչև լույս 6:30-ից 7-ը սպասել են, որ օգնության գան: «Վիլիսով» տղաս վառած մարմնով նստած հասցրել են Սիսիանի հոսպիտալ, այնտեղ ցավազրկել ու տեղափոխել են Երևան»,- News.am-ի հետ զրույցում պատմել է Գալյա Այվազյանը:

Դեպքից միայն մոտ տասը ժամ անց են Պալյանին Այրվածքաբանության կենտրոն հասցրել և բուժօգնություն ցուցաբերել։ Այրված էր նրա մարմնի 60 տոկոսը, շնչուղիների՝ 20 տոկոսը։ Ծնողները վստահ են՝ իրենց որդին կփրկվեր, եթե նրան ժամանակին հիվանդանոց հասցնեին, դիրքերից արագ իջեցնեին և ուղղաթիռով Երևան տեղափոխեին։

Պալյանի՝ այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ոչ Պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ոչ տարածքային զինկոմիսարիատը, դեպքից 2 օր անց միայն զինակից ընկերներն են զանգահարել:

Որդու մահվան համար ծնողները մեղադրում են Պաշտպանության նախարարությանը՝ անփութության ու անպատասխանատվության մեջ։