Home / Հայաստան / Գերմանիայի կանցլերը արժանացավ Ղարաբաղի ղեկավարի գովասանքին

Գերմանիայի կանցլերը արժանացավ Ղարաբաղի ղեկավարի գովասանքին

Հայաստանի արտգործնախարարը Նյու Դելիում է, վարչապետը՝ Բեռլինում։ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, Նիկոլ Փաշինյանը նախօրեին բանակցություններ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդում Հայաստանի վարչապետը մասնակցել է նաև «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը։

Շոլց․ տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը հավասարազոր են

Բեռլինում նախօրեին տեղի ունեցած բանակցություններից հետո Հայաստանի և Գերմանիայի ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Կանցլեր Շոլցը երկու անգամ շեշտել է՝ տարածքային ամբողջականության և ինքնորշման իրավունքը հավասարազոր են․

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և Լեռնային Ղարաբաղում գնալով սրվող հումանիտար իրավիճակից: Ստատուս քվոն չի կարող երկար շարունակվել, պետք է հանգել երկարաժամկետ լուծման՝ ի բարօրություն մարդկանց։ Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»։

Չնայած հենց այս երկու սկզբունքներն են ավելի քան երկու տասնամյակ եղել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքում, ազգերի ինքնորոշման մասին մասին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո չի խոսվում։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն արդեն լուծված է, որևէ կարգավիճակի հարց քննարկվել չի կարող։ Ղարաբաղի հայկական բնակչությանը Բաքուն երկու տարբերակ է առաջարկում՝ կամ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և «վերաինտեգրվել», կամ լքել Ղարաբաղը։

Շոլցի հայտարարությունը վկայում է, որ դա այդքան էլ հեշտ լուծելի խնդիր չի լինելու Ադրբեջանի ղեկավարի համար՝ «Ազատության» հետ զրույցում նշել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Հայաստանը, ըստ նրա, պետք է խորքային մոտիվները դիտարկի՝ հասկանալու համար, թե այդ հայտարարությունը որքանով է ի վիճակի սպասարկել Գերմանիան հենց ինքը։

«Որովհետև այդպիսի հայտարարությունները կարող են խթանել կոշտ քայլեր Ադրբեջանից, նրա դաշնակիցներից, և այս պարագայում, եթե Գերմանիան ինքը չի կարողանում սպասարկել իր հայտարարությամբ սահմանված նշաձողը, սա արդեն կարող է բերել հակառակ էֆեկտի», – նշել է Բադալյանը։

Ստեփանակերտը ողջունում է Գերմանիայի կանցլերի այս հատարարությունը՝ քիչ առաջ հայտարարել է Ղարաբաղի նախագահը՝ շեշտելով․ «Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար/հավաքական իրավունքները լիովին հաշվի առնելու»։

Փաշինյան․ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կփաստաթղթավորվի

Անցած տարվա կարճաժամկետ դիտորդական առաքելությոնից հետո Եվրամիությունը նոր՝ այս անգամ երկամյա ու ավելի բազմամարդ առաքելություն է գործուղել հայ-ադրբեջանական սահման։ Քաղաքացիական առաքելությունը՝ բաղկացած 100 դիտորդներից, արդեն սկսել է աշխատանքը։ Մոսկվան պարբերաբար հանդես է գալիս առաքելությունը քննադատող հայտարարություններով՝ ներկայացնելով այն որպես Ադրբեջանի հետ չհամաձայնեցված և ընդդեմ Ռուսաստանի քայլ։ 

«Այժմ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, բայց մենք ունենք նաև պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը և միսիան կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի», – նշել է Հայաստանի վարչապետը՝ հավելելով՝ «փաստաթուղթ առաջիկայում հնարավոր է ստորագրենք»:

Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից

«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով. համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն», – Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդում տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է Փաշինյանը։

Հայաստանը, ըստ նրա, համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների այնպիսի մեխանիզմ, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն։ 

«Մենք միջազգային հանրության, մեր տարածաշրջանի ազգերի աջակցության կարիքն ունենք․․․ Վերջերս ես հայտարարեցի մեր խորհրդարանում և կառավարությունում, որ ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։

Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ելույթից հետո՝ պատասխանելով ադրբեջանցի ներկայացուցչի հարցին, Հայաստանի ղեկավարը հավելել է՝ խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է, և ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից ևս ստանալ որոշ աջակցություն:

Լաչինի միջանցքը փակ է, գերիները չեն վերադառնում

Վարչապետը խոսել է նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին՝ շեշտելով՝ Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, և Լաչինի միջանցքը շարունակում է մնալ շրջափակված։ 

Փաշինյանը հավելել է՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ, և հիշեցրել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։

Բացի այդ՝ չլուծված են մնում նաև հումանիտար բնույթի հիմնախնդիրները՝ հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ «Ադրբեջանում առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել․․․»։

Հույս ունենք բացել Թուրքիայի հետ սահմանը

Տարածաշրջանային խաղաղության Հայաստանի տեսլականի մեկ այլ ասպեկտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։

Փաշինյանը շեշտել է՝ Երևանը պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ․ «Մենք հույս ունենք ամբողջությամբ բացել մեր ընդհանուր սահմանը, որը միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին Թուրքիայի կողմից»։

Հայաստանի վարչապետը խոսել է նաև առաջ շարժվելու «փոքր, բայց հուսադրող նշաններից»․ «Հունվարին վերացվել է Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը, և մենք հուսով ենք, որ շուտով կբացվի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար»։ Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո հայ-թուրքական շփումները ակտիվացել են, և թեև դրանք «զուտ մարդասիրական բնույթի էին», Երևանը «ուրախ կլինի տեսնել նաև քաղաքական արդյունքներ»։

Միրզոյանը հանդիպել է Լավորվի հետ

Հնդկաստանի մայրաքաղաքում մեկնարկած միջազգային համաժողովի շրջանակներում այսօր առանձնազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներում ջանքերի ակտիվացման հրատապության հարցն են կարևորվել՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն։ «Բանակցություններն ընթացել են բարեկամական և վստահելի մթնոլորտում»։

Արտգործնախարարները անդրադարձել են Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ավելի ուշ հաղորդել է պաշտոնական Երևանը։ Այլ մանրամասներ չեն նշվել։

Միրզոյանը հանդիպել է նաև Բորելի հետ

Հայաստանի արտգործնախարար, ըստ պաշտոնական պռես-ռելիզի, Նյու-Դելիում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Երևանի հաղորդմամբ, Միրզոյանը ընդգծել է նաև առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան, և կարևորել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը: