Բաքվի կենտրոնում մի քանի տասնյակ ֆեմինիստ ակտիվիստներ կանանց իրավունքներին և իրավահավասարությանն ուղղված ակցիա են անցկացրել: Ադրբեջանական իշխանությունները նախօրեին չէին համաձայնեցրել ակցիան:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են «կանանց սպանությունը քաղաքական հանցագործություն է», «պաշտպանեք մեր կյանքերը» և «մի հաշտեցրեք, այլ հետաքննեք» կարգախոսները և պահել են նույն կարգախոսներով բաներներ:
Ակտիվիստները սկզբում հավաքվել են Շատրվանների հրապարակում և մի քանի տասնյակ ուժայինների ուղեկցությամբ երթով քայլել են «Ադրբեջան» կինոթատրոնի ուղղությամբ: Երթի ընթացքում մասնակիցները մի քանի անգամ ֆայերներ են այրել, սակայն ոստիկանները անմիջապես խլել են դրանք ակտիվիստների ձեռքից:
«Ադրբեջան» կինոթատրոնի դիմաց ոստիկանները չեն թողել ակտիվիստներին առաջ գնալ. վերջիններս մոտ կես ժամ կանգնել են նույն տեղում` վանկարկելով իրենց կարգախոսները: Վերջում ակցիայի մասնակիցները կարդացել են իրենց պահանջները և ցրվել:
Ակցիայի նախօրեին դրա կազմակերպիչները հայտարարություն են տարածել, ըստ որի` ակցիան անցկացվում է «8-ի երթ` ուզում ենք ապրել» կարգախոսի տակ:
«Լրատվամիջոցների հաղորդմամբ, միայն այս փետրվարին 11 կին է սպանվել: Կանայք նաև համակարգայնորեն ենթարկվում են բռնության այլ ձևերի, պատրիարխալ ինստիտուտների՝ կառավարության, ընտանիքի, հասարակության կողմից։ Հաճախ դա տեղի է ունենում փոքր երեխաների աչքերի առաջ, ավելին, նրանք էլ են բռնության ենթարկվում։ Փետրվարին մեծաթիվ կանայք թիրախավորվել են քաղաքական վրեժխնդրության ֆոնի վրա և նրանց կյանքը վտանգի տակ է հայտնվել», – նշվում է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նաև մատնանշում են, որ 2022-ի վերջին և 2023-ին երկրի կտրուկ գնաճի պատճառով կանանց տնտեսական վիճակի և սոցիալական պաշտպանության իրավիճակը վատացել է: Աղքատության պատճառով ավելի է արտահայտվել կանանց անպաշտպանությունը աշխատավայրերում սեռական ոտնձգությունների նկատմամբ, բերելով կանանց սեռական շահագործման:
Կրկնակի դժվարացել է ԼԳԲՏ+ ներկայցուցիչների, հաշմանդամների և տարեց կանանց կյանքը: Ակտիվիստները հայտարարել են, որ ուզում են ապրել չվախենալով սպանություններից և բռնություններից, չխրվելով աղքատության մեջ և չվերածվելով քաղաքական վրեժխնդրության գործիքի:
Հայտարարության հեղինակները մի քանի պահանջ են ներկայացրել`
—Ապահովել կանանց և ԼԳԲՏ+ ներկայացուցիչների անվտանգությունը և դադարել նրանց որպես քաղաքական վրեժխնդրության գործիք օգտագործելը:
—Արդյունավետ և արդար` օրենքին համապատասխան, հետաքննել նշված խմբերի նկատմամբ կատարվող հանցագործությունները:
—Ընդունել Ստամբուլյան կոնվենցիան։
—Իրականացնել սոցիալական բարեկեցության բարձրացման քաղաքականություն և նյութական ապահովման ծրագրեր, ինչպես նաև վերացնել ԼԳԲՏ+ անձանց և կանանց իրավունքների համար պայքարի խոչընդոտները:
Մարտի 8-ի ակցիան ավարտվել է առանց որևէ լուրջ պատահարների` հաղորդում է Turan րատվամիջոցը: