Պարզվում է՝ Ամենայն հայոց կաթողիկոսի ներդրումային հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն եկեղեցաշինությամբ: Նա լուրջ հետաքրքրություններ ունի նաև այնպիսի եկամտաբեր ճյուղերի նկատմամբ, ինչպիսին, օրինակ, արևային էներգետիկան է: Այս մասին գրում է hayeli.am կայքը: Եկեղեցու ղեկավարը մտադիր է Էջմիածնում 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառաուցել և դրա շրջակայքում հիմնել զբոսայգի: Այս նպատակով կառավարության վերջին նիստում գործադիրը Էջմիածին քաղաքում անհատույց սեփականության իրավունքով 4 հա հողատարածք նվիրեց Առաքելական եկեղեցուն:
Կառավարության որոշման համաձայն՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք Իսի-Լե-Մուլինո փողոց 1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 1,4 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասը անհատույց սեփականության իրավունքով հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Իսկ 04.11.2004թ. որոշմամբ վերը նշված հողատարածքին հարակից պատմական և մշակութային նշանակության 4,0 հա հողամասը Եկեղեցուն հանձնված է եղել անհատույց օգտագործման իրավունքով:
Հաշվի առնելով, որ նշված հողատարածքներում նախատեսվում է կառուցել 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան և դրա շրջակայքում հիմնել զբոսայգի, կաթողիկոսը գրությամբ դիմել է վարչապետին՝ Եկեղեցուն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 4,0 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու խնդրանքով: Կառավարությունը բավարարեց խնդրանքը:
Hayeli.am-ը նշում է, որ, փաստորեն, Գարեգին Բ-ն որոշել է արևային կայանը կառուցել պատմական և մշակութային նշանակության տարածքում: Հենց այս պատճառով էլ կառավարությունը ստիպված է եղել փոխել տարածքի նպատակային նշանակությունը, քանի որ պատմամշակութային տարածքում արգելվում է էներգետիկ կայանի կամ այդ կարգի այլ կառուցապատումների իրականացումը: Արևային կայանի համար եկեղեցին փաստացի 5,4 հա տարածք ունի, որից 4 հա պատմամշակութային տարածք է, իսկ 1,4 հեկտարը, որը եկեղեցին վերցրել էր ավելի վաղ, գտնվում է Սուրբ Գայանե վանքին հարակից հատվածում և նախկինում պատկանել է գյուղատնտեսության նախարարության ենթակայության Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն ՊՈԱԿ-ին: Հողակտորը գիտական կենտրոնից հետ է վերցվել 2017-ի հուլիսին:
Ուշագրավ է նաև, որ պատմամշակութային նշանակությամբ տարածքի նպատակին նշանակությունը փոխելու վերաբերյալ մշակույթի նախարարությունը եզրակացություն չի տվել: Նախագծում ներառված չէ նաև տարածքի արժեքը: Հատկանշական է, որ տարածքի հարցով հոգևոր առաջնորդը անձամբ է դիմել վարչապետին, այն դեպքում, երբ Մայր Աթոռն ունի վարչատնտեսական հարցերով զբաղվող բաժին, որը նախատեսված է հենց այս կարգի գործերի համար, գրում է hayeli.am-ը: