28-ամյա բանկի աշխատող Արսենը ամուսնանում է: Պսակադրության համար նա ընտրել է Երևանից դուրս եկեղեցի: «Ես համեստ եկեցեցի էի ուզում, ու ինձ խորհուրդ տվեցին Սուրբ Հռիփսիմեն: Այնտեղ, ինձ ասացին, քահանաները քահանաների են նման», – Epress.am-ի թղթակցին պատմել է Բադեյանը:
– Ես գնացի ու պայմանավորվեցի պսակադրության մասին: Երիտասարդ, եկեղեցական հագուստով տղամարդն ինձ հայտնեց, որ արարողության համար հարկավոր է խորհրդանշական 5 հազար դրամ վճարել: Արդեն պատրաստվում էի հեռանալ, երբ նա ասաց. «Բայց եթե ուզում եք, որ ամեն ինչ նորմալ ընթանա…»:
Այնուհետև տեղի ունեցավ հետևյալ երկխոսությունը.
– Ի՞նչ է նշանակում «նորմալ»:
– Դե, ուզո՞ւմ եք, որ ամեն ինչ լավ կազմակերպված լինի:
– Դա ի՞նչ հարց է: Իհարկե չեմ ուզում: Թող ամեն ինչ ինչքան հնարավոր է տգեղ լինի:
– Մի բորբոքվեք, դուք սխալ հասկացաք: Օրինակ, կարող է ուզեք, որ աղոթքների ու հոգևոր երգերի ժամանակ գլխավոր քահանայի հետ երգեն նրա երկու աշակերտները:
– Ես դեմ չեմ:
– Դա արժե 15 հազար:
– Պայմանավորվեցինք:
– Հյուրերի համար մինչև եկեղեցու մուտքը կարող ենք կարմիր գորգ փռել՝ 10 հազար: Եթե ուզում եք աթոռները տոնական տեսք ունենա…
– Ինչքա՞ն:
– 10: Իսկ աղավնիներ…մեծ մոմեր…թերթիկներ…
Հաշվեցինք՝ 80 հազար դրամ: Հետո երիտասարդ քահանան խնդրեց, որ ապահովագրության համար գումարի կեսը վճարեմ: Անդորրագիր կամ կտրոն չտվեց:
Լուսանկարը՝ Tvsvadba.ru