Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի եկեղեցու պատմական տարածքում պատրաստվում են բիզնես-կենտրոն կառուցել: Այս մասին Epress.am-ին պատմել է համայնքի բնակիչ Սուսաննա Գաբրիելյանը,ով այսօր եկել էր կառավարության մոտ՝ իր բողոքն արտահայտելու: Նա հայտարարել է, որ համայնքի բնակիչները թույլ չեն տալու, որպեսզի կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին՝ Մկրտիչ Պռոշյանը, ով թեմի առաջնորդն է, հովիվ Եփրեմ Զարգարյանի միջոցով որևէ կառույց հիմնի այդ տարածքում ու այն հետագայում որպես հյուրանոց, ճաշատուն կամ խանութ աշխատեցնի:
Կինը պատմել է, որ կաթողիկոսի քրոջ որդու հովանավորությամբ թեմի առաջնորդները 3 գյուղ արդեն «զավթել են», հիմա էլ հերթը հասել է իր տան այգուն կից հողատարածքին, որը 20 տարի շարունակ ինքը մշակել է ու պահպանել որպես կանաչ տարածք:
«1828 թվականից իմ պապը հիմնել է մեր գյուղը, կես դար է, ինչ ես եմ ապրում այնտեղ՝ տանջանքով ստեղծել եմ, արարել: Շուրջ 20 տարի է՝ մշակում եմ իմ հողամասի շարունակություն հադիսացող տարածքը, զիբիլանոցը մաքրել եմ, քարերը հեռացրել եմ, ծառեր եմ տնկել, հիմա եկել են ու ուզում են ծառերը կտրել: 20 գյուղապետ ենք փոխել, ոչ մեկը ձեռք չի տվել այդ տարածքին»,- պատմել է բողոքող կինը:
Մեր զրուցակիցը նշել է, թե այդ հատվածը եկեղեցուց 100 մետր հեռավորության վրա է գտնվում և միանում է Քասախ գետին:
«Տարիներ շարունակ պահպանության տարածքին կից պատմական տարածք է եղել, ու հիմա շահագրգիռ անձանց կողմից այդ տարածքը տարանջատել են ու վաճառել հարուստների: Ինչ-որ անհայտ հովիվ՝ Զարգարյան Եփրեմ անունով, արխային է ընկել, որ վեհափառի քրոջ տղան մեր թեմի առաջնորդն է, Օշականում է նստում, օգտագործում է առիթը ու այդ տարածքում ուզում է օբյեկտ սարքել: 20 տարի ոչ մեկը էդ հողի համար չէր եկել, հիմա եկել են՝ իբր հողամասն են բարեկարգում, թող եկեղեցու քարուքանդ բակը նորոգեն», – ասել է կինը:
Նրա խոսքով՝ նշված անձինք բիզնես-կենտրոններ ունեն հարևան մի քանի գյուղերի եկեղեցիների բակերում, հիմա էլ որոշել են Օհանավանում նմանատիպ բիզնես հիմնել:
«Նույն կարգավիճակում է մեր հարևան գյուղը՝ Մուղնին. ակումբ ուներ, էլի նույն կերպ զավթեցին, ինչ-որ մեկի ձեռքից առան, հենց Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում դպրության տուն սարքեցին, 3 ամիս գործելուց հետո դարձրին բիզնես-կենտրոն՝ գաթայի, լավաշի հացատուն: Դրանից չկշտացան, եկեղեցուն կից բնակավայր տվեցին, չբավարարվեցին, եկան Օհանավանի եկեղեցուց 50 մետր ներքև անհատույց տնամերձ հատկացրին, ապահովեցին: Դուրս եկավ, որ 3 տեղ տերտերին տուն հասավ, դրանից էլ չկշտացավ՝ 28 թվից եկեղեցու բակում դրած պապիս քարերը քարուքանդ արեց», – նշել է Գաբրիելյանը: