Էջմիածնում գտնվող «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ֊ինն է, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ «Մայր Աթոռը վարկային կազմակերպության «փայատեր» է» հոդվածում նշելով, որ իրենց նման տեղեկություններ են հասել։
Ուսումնասիրելով վերոնշյալ կազմակերպության կայքը՝ թերթը պարզել է, որ այդ ընկերության 72,8 տոկոս բաժնետերն «ԷԿԼՕՖ» հիմնադրամն է, որը ստեղծվել է Շվեյցարիայում։ ՀՀ պետական ռեգիստրից էլ թերթը տեղեկացել է՝ վարկային կազմակերպության հիմնադիր «ԷԿԼՕՖ» հիմնադրամն ստեղծվել է «Հայաստանյան էկումենիկ եկեղեցական փոխատվական ֆոնդ» (ՀԷԵՓՖ) հիմնադրամի կողմից։
Այդ հիմնադրամի մասին տեղեկություններն էլ թերթը գտել է Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական կայքում։
Առաջնորդվելով «Քեզանից բան ուզողին տուր, քեզանից փող առնել կամեցողից երես մի դարձրու» սկզբունքով՝ 2002թ․ Ժնևում Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամը, ըստ Մայր Աթոռի կայքի, շահույթ չհետապնդող, աջակցության քրիստոնեական կազմակերպություն է, որն առաջնորդվում է սոցիալական, հոգևոր, մշակութային և զարգացման նպատակներով։
«Հրապարակ»֊ը հատկանշական է համարում, որ թե ՀԷԵՓՖ փոխատվական հիմնադրամի տնօրենը, թե «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության խորհրդի նախագահը Տիգրան Հովհաննիսյանն է, ով 2014թ֊ից Մայր Աթոռի վարչական խորհրդի անդամ է։ Հիմնադրամի գլխավոր գրասենյակը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում՝ Միջեկեղեցական մասնաշենքում, քանի որ տարածքը տրամադրվել է Ամենայն հայոց կաթողիկոսության կողմից։
«Այսքանից հետո հարց է առաջանում՝ ինչպե՞ս է եկեղեցին տնօրինում շահույթ չհետապնդող հիմնադրամի կողմից ստեղծված վարկային կազմակերպությունից ստացված եկամուտները»,֊ եզրափակում է «Հրապարակ»֊ը։