«Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպության հետազոտող, սոցիոլոգ Աննա Ժամակոչյանի հոդվածը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման վերաբերյալ: Տպագրվել է socioscope.am-ում:
Ինչո՞ւ չհարցնենք ինքներս մեզ. գուցե ճի՞շտ են պահպանողականների այն մտահոգությունները, որ ընտանիքն այլևս միակ ինստիտուտն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխանություն ունի։
Սա միակ հարցը չէ, որ առաջ է գալիս, երբ լսում ես ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի դեմ ելույթները։ Հոկտեմբերի 9-ի թվացյալ հանրային բանավեճը, որ ավելի շուտ կոծկում էր բռնության զոհերին համարժեք օգնության օրինագծի բացերը, թերևս որոշ օգտակար հարցադրումների կարող է մեզ բերել, եթե իրերի դրությունը դիտենք հստակեցված շրջանակով։
«Հայ ընտանիքի ավանդույթի» պահպանման դիրքից օրենքի դեմ արտահայտվողների անունից բեմից խոսեց պահեստազորի գնդապետը, ով պատրաստ գտնվեց 4 հոգու փոխարեն խոսքի իրավասություն վերցնել: Գուցե իր մասնագիտական կենսափորձի բերումով նա խնդիր չուներ բռնության, անհավասար աստիճանակագրված հարաբերությունների և իշխողի իշխանության հետ։ Նա կարողացավ այդ միջոցառման ժամանակ իրեն ելույթ չնախատեսած նախարարությանը ստիպել բարձրախոս և ամբիոն տրամադրել (հաճելի է, երբ «լռեցվածի» ձայնը հնչեցնելու իրավունքը գործնականում կարևոր արժեք է դառնում պահպանողականների համար՝ անկախ, թե իրականում որքանով են իրենք զրկված հարթակներից)։ Դահլիճում ներկա մի երիտասարդ կնոջ նա դիմեց «աղջնակ»-ով, բղավոցով սաստեց իր թիմակիցներից մեկին՝ քահանայի խոսքին հակադարձելու համար։ Սա էլ գուցե իր մասնագիտական «ավանդույթների» պահպանության ձգտումն է՝ չգիտեմ։
Այո՛, պահեստազորի գնդապետ տղամարդը կարող է իրեն թույլ տալ շարունակել իր հանրային կյանքը՝ համակարգելով «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնություն, ձգտելով Հայաստանում իրացնել Պուտինի օրենսդրական նախաձեռնությունները, երիտասարդների խմբերին մանիպուլյացիայի և հակամանիպուլյացիայի վարպետաց դասեր տալով Հայաստանում գործող «Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում» (վստահաբար քննադատելով արևմուտքը՝ հղելով արևմտյան իսկ տեսությունների և հեղինակների, սակայն նրանց խոսքը ռուսալեզու հեղինակների գրքերից վերցնելով) և, իհարկե, պայքարելով ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի դեմ։ Պահեստազորի գնդապետի սեփական հանրային գործի նշանակությունն իրեն թույլ չի տա նկատել այն կանանց անտեսանելի կյանքը, ովքեր երբևէ հանրային կյանք մտնելու հնար չեն ունենա, ասենք՝ ամուսնացվելով վաղ տարիքում, չստանալով պատշաճ կրթություն, թույլատրված չլինելով զբաղմունք և անգամ հանրային կյանքի ցանկություն ունենալ։
Հանուն Հայաստանի ինքնիշխանության վերականգնման պայքարի որոնումները արժեքային-ավանդույթային ոլորտներին են հղում, սակայն իրականում դեմ են արտահայտվում Հայաստանի ինտեգրմանը եվրոպական կառույցներին ու քաղաքականություններին։ Արդյո՞ք Հայաստանի էներգետիկ և տնտեսական կամ նույնիսկ ռազմական ինքնիշխանության հարցերը հուզում են այս պայքարի մարտիկներին։ Կամ մինչև ո՞ւր կարող են հասնել ինքնիշխանության ձգտման նրանց քայլերը. կհասնե՞ն, արդյոք, Հայաստանից ռուսական զորքերի հեռացման պահանջին և ռուսական գազից կախյալության խնդրականացմանը, իսկ դրանց դեմ առնելով կհասնե՞ն ինքնիշխանության իրենց ընկալումների հարցադրմանը։
Բայց գնդապետը միակ մարտիկը չէ օրենքի նախագծի դեմ։ Հոկտեմբերի 9-ի հանրային քննարկմանը մասնակից ընդդիմադիրներից շատերը հասուն և միջին տարիքի երևանաբնակ կանայք էին, որոնց ձայնը, սակայն, դուք չլսեցիք ամբիոնից և հազիվ թե լսեք հետագայում հրավիրված «հեռուստաբանավեճերում». պատահականություն չէ, այլ՝ «ավանդույթ»։
Այնինչ, հավաքված կանանցից շատերն իրոք վախեցած էին օրենքի հնարավոր ընդունումից։ Մեկը նշում էր, որ դա հնարավորություն կտա ընտանիքից խլել երեխաներին, տանել ապաստարան և վաճառել նրանց օրգանները։ Կառավարության կողմից այս պնդումների հերքումները վստահելի չեն թվում օրենքին ընդդիմացողներին։ Չարժե՞ նրանց այս թերահավատությանը լուրջ վերաբերել։ Արդյոք, դա իրոք չի՞ արտահայտում հանրային խմբերի անվստահությունը դեպի կառավարությունն ու ոստիկանությունը։ Միթե՞ օրենքին կողմնակից իրավապաշտպանները ևս չեն կասկածում, որ փողոցում ցուցարարներին, քննչականներում և նույնիսկ դատարանի շենքում ամբաստանյալներին ծեծող ոստիկանության համակարգը կարող է Հայաստանի ընտանիքներում պաշտպանել բռնության ենթարկվողներին։ Ինչպես Արմեն Մելիքբեկյանը մեր զրույցում նկատեց, Դավիթ Հարությունյանը այն նախարարն է, ում պաշտոնավարման ժամանակ շարունակվում են Հայաստանի բանտերում առկա բռնությունները, ով տարիներ շարունակ աջակցել է ԵԽԽՎ-ում քաղբանտարկյալների գործերի և մարտի 1-ի հանցանքի և բռնությունների կոծկմանը։ Կարելի է էլի շարունակել պաշտոնյաների անունների, չիրացված պատասխանատվությունների և երկրի չլուծված խնդիրների ցանկը….
Ներկայացված նախագծին դեմ ելած քննարկման ներկաներից շատերը հայախոս էին, մի առանձին կանանց խումբ՝ ռուսախոս։ Արդյոք նրանց հասանելի՞ են իրենց կյանքում «արևմտյան գլոբալացման» վնասակար հետևանքները հասկանալու միջոցները, արդյոք նրանք կարո՞ղ են ընթերցել հենց արևմտյան հեղինակների կողմից արևմուտքի երկրների նեոլիբերալ քաղաքականությունների հիմնավորված և արժանահավատ քննադատությունները: Ներկա կանանցից ոմանք վստահաբար չէին կարդում նույնիսկ հայերեն։ Այս մարդկանց է ուղղված յուվենալ արդարադատության, գենդերային զգայունության հարցերի, ոչ հետերոսեքսուալ մարդկանց իրավունքների դեմ կռիվը մատչելի հարթակ սարքած պուտինյան ռուսալեզու պրոպագանդան՝ մշակութային վախերով պրոռուսական և գլխավորը՝ հակաեվրոպական տրամադրություններ ձևավորելու նպատակով։ Արդյունքում մի ռուսախոս կին ներկաներին էր բաժանում «արևմտյան ընտանիքի» դեմ և Ռուսաստանի ընտանեկան դրական արժեքներին կողմ քարոզող ռուսերեն թերթիկներ….
Ռուսաստանը տիրում է Հայաստանի տնտեսության խոշոր լծակների, խոչընդոտում է Ղարաբաղի խնդրի և հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց հռչակում է, թե «ավանդույթի» տարածք չի ներխուժում։ Հակառակը՝ այն ջատագովում է ապամոդերնացումը, ծայրահեղ ազգայնականությունը և կրոնականությունը ինչպես իր, այնպես էլ հետխորհրդային մյուս երկրներում։ Հետադեմ պահպանողական մշակույթից և ցածր որակավորում պահանջող աշխատաշուկա տրամադրելուց բացի իր նախկին «քույր-եղբայրներին» ուրիշ էլ ի՞նչ կարող է առաջարկել մեծ ամբիցիաներով, սակայն չզարգացած կապիտալիզմով բռնատիրական Ռուսաստանը։
Քննարկմանը ներկա կանանցից շատերը Խորհրդային Հայաստանի անկումով իրենց մասնագիտական աշխատանքը կորցրած մարդիկ էին, որ իրենց անձնային արժանապատվության միակ տեղը գտել են ընտանիքում՝ «հայ ընտանիքում»։ Եվ մի՞թե հասկանալի չէ այդ տարածքը «դրսից» և անգամ հայկական պետության «ներխուժումից» ազատ ու «սրբազան» պահելու իրենց ձգտումը։ Նրանցից ոմանք էլ իրենց անձնային արժանապատվությունը շոյելու մխիթարությունը գտնում են իրենց «հայ» կամ «բնիկ երևանցի» ծնված լինելու մեջ։ Մի՞թե ուշ խորհրդային ազգայնական-քաղքենի այս հայացքի ներքո հասկանալի չէ Գավառի գյուղերից մեկում դաժան բռնությունների ենթարկված կնոջ դեպքի պես օրինակների վրա հենվող օրենքի դեմ իրենց զայրույթը։ Այդպես, օրենքին հակառակվողներից մեկը երիտասարդ մի ֆեմինիստի շփոթել էր Գավառի (10 տարվա բռնություններից ազատված) նախկին բնակչուհու հետ, ում «խորհուրդ էր տալիս» խոսելու փոխարեն Գավառ վերադառնալ։
Մի ավագ սերնդի տղամարդ էլ համոզված էր, որ ես տեղացի չեմ և պնդում էր հարցը, թե որտեղից եմ եկել։ Եթե հաշվեք ողջ կյանքումս Հայաստանից բացակայություններիս գումարային օրերը, վախենամ տարին չբոլորվի։ Հայերենը միակ լեզուն է, որով այս հոդվածի պես հոդվածը կարող եմ գրել մեկ օրում, իսկ ռուսերենով և անգլերենով վստահ չեմ, թե նույնիսկ կնախաձեռնեի։ Բայց մի՞թե այս տղամարդու հարցը տեղին չէ. որտեղ եմ ես կամ ինձ նմաններն ապրել մինչ այժմ, որ տեսանելի և լսելի չենք եղել իրեն։ Այո՛, ապրել եմ Հայաստանում, որտեղ տեսանելիություն և լսելիություն տրամադրող հիմնական հարթակները ամբողջովին զավթված են նույն քաղտնտեսական էլիտայի կողմից, որն այդ օրը դահլիճ էր տրամադրել ինձ ու տարիքով այդ տղամարդուն։ Ուրեմն մի՞թե օրենքի նախագծի քննարկումն իբրև շոու պիտակավորող, դրանում զուտ ֆինանսական ակնկալիք տեսնող պահպանողականների քննադատությունը չի արտահայտում նաև մեր կասկածները, թե կառավարությունը ընտանեկան բռնության դեմ պայքարի գաղափարական առաջամարտիկ է։
Ներկաներից մեկ ուրիշ կին պնդում էր, որ հետազոտել է օրենքի պատմություններն արևմուտքում (վստահաբար ռուսալեզու աղբյուրներից) և պարզել, որ դա բերել է «պղծվածների» աճին, իսկ Հայաստանում դրանք չպետք է տեղ ունենան։ Իմ հարցին, թե ո՞վ՝ արդյո՞ք ինքն է որոշում մարդկանց պղծվածությունը, նա պատասխանեց՝ «Ո՛չ, Աստված»։ Խոստովանում եմ՝ այս կնոջ դեմքի վստահ արտահայտությունը կասեցրեց իմ հարցը, թե ո՞ւմ աստվածը և ինչպե՞ս է որոշում։ Այն, որ գիտական կոմունիզմ սերտած սերունդը կարող է այսքան անկասկածորեն մարդկանց պիղծ դատել, նրանցից ազատվելու կոչեր անել՝ հենվելով աստծո և բարոյականության իր պատկերացման վրա, ինձ թևաթափ արեց։ Գուցե նաև այն պատճառով, որ կուզեի այդպիսի հավատավոր գաղափարականությամբ, բայց ոչ բնավ այդպիսի գաղափարների հավատացող մարդիկ ավելի շատ տեսնել Հայաստանի պետական հաստատություններում կամ Առաքելական եկեղեցում, այլ ոչ՝ կոնֆորմիստների, որ կարող են չընդունել կամ ընդունել օրենքներ՝ ըստ իրենց բյուրոկրատական շահի և քաղտնտեսական վերնախավի թելադրանքի։
Դավադրական տեսությունների, աստծո, անպղծության, հայկական գենի, ավանդական ընտանիքի այսպիսի մտայնություններ հնչեցնող ձայներում մի՞թե տեսանելի չեն մեր խորքային՝ առնվազն ոչ վաղ անցյալից եկած խնդիրները, խորհրդային անավարտ մոդերնացման, ՀՀՇ-ականների ազգային անկախ պետության պարտված իդեալի, Ղարաբաղի խնդրի և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ձախողման և արտաքին աշխարհի հետ կասկածելի «կոմպլեմենտար» շփումների արձագանքները։
Ուրեմն արդարացվա՞ծ են գերխնդիրներով ծանրաբեռնված Հայաստանի ինքնիշխանության այսպիսի որոնումները։ Իմ պատասխանը սթափ է. եթե Հայաստանի ինքնիշխանության միակ հենասյունը անհավասարությամբ, բռնությամբ ու թույլերի տառապանքով լի «ավանդական» ընտանիքի պահպանման մեջ է, ապա ես կցանկանայի այն կորսված տեսնել։