2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ընտենական բռնության վերաբերյալ քննվել է 215 քրեական գործ, որոնցից 1-ը՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Այս մասին նշված է Քննչական կոմիտեի հրապարակած 2017 թվականի տեղեկանքի մեջ։
Ինչպես նշված է պաշտոնական տեղեկանքում, քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի դա՝ գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքեր։
127-ը վերաբերել է ծեծին, 24-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 15-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին (քր․ օր․֊ի 137-րդ հոդված), 11-ը՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, 6-ը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 6-ը՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 5-ը՝ սպանությանը (քր․ օր․֊ի 104-րդ հոդված), 4-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն և այլն:
Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 2-ը եղել են մոր, 11-ը՝ հոր, 1-ը` խորթ մոր, 2-ը` խորթ հոր , 2-ը՝ եղբոր/քրոջ, 14-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 63-ը՝ ամուսնու, 5-ը՝ կնոջ, 4-ը՝ թոռան, 6-ը՝ ամուսնու ծնողների, 5-ը՝ հարսի/փեսայի, 1-ը՝ խնամակալի, հոգաբարձուի կամ խնամատար ծնողի կողմից կատարված:
Քննչական կոմիտեն ծանուցում է, որ «Ընտանեկան բռնություն» եզրույթը կիրառվում է 2014թ. նոյեմբերի 17-ի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի 3-րդ կետում տրված ձևակերպման համատեքստում, որի համաձայն՝ «ընտանեկան բռնություն» եզրույթը մեկնաբանվում է հետևյալ կերպ. «… ֆիզիկական և հոգեբանական բռնի գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում, կամ նախկին (կամ ներկա) ամուսինների կամ զուգընկերների միջև՝ անկախ նրանից, թե կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում, թե՝ ոչ»:
Նշենք, որ տարիներ շարունակ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները հարց են բարձրացնում, որ Հայաստանը պարտավոր է ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք, որը կունենա պաշտպանիչ, կանխարգելիչ և աջակցություն տրամադրելու կոմպոնենտ։ Դա, սակայն, տեղի չի ունենում, չնայած պաշտոնական մարմիններում անցկացվող քննարկումների։