Երևանի բնակիչ Մարիամ Խաչատրյանն ամուսնական կյանքի 20 տարիների ընթացքում պարբերաբար ծեծի է ենթարկվել ամուսնու՝ Սեյրան Հովհաննիսյանի կողմից։ Բաժանվելուց հետո արդեն նախկին ամուսինը, այնուամենայնիվ, շարունակել է ծեծել կնոջը։ 2016 թվականի հոկտեմբերի 8-ին նա խմած վիճակում գնացել կնոջ մոտ, վիճաբանել, ապա բազմաթիվ անգամ հարվածել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին։ Կինը դիմել է ոստիկանություն․ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (Ծեծ)։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործն ընթանում է տուժող կողմի իրավունքների խախտումներով:
Epress.am-ի հետ զրույցում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը պատմել է, որ կնոջ խոսքով՝ ամուսնության առաջին օրվանից սկսած ինքը ծեծի և նվաստացումների է ենթարկվել ոչ միայն ամուսնու, այլև նրա հարազատների կողմից: Այդ ընթացքում բռնության են ենթարկվել նաև ամուսիների 6 երեխաները, որոնք ծեծերի պատճառով տարբեր հիվանդություններ են ձեռք բերել:
Չնայած ամուսինների որդիները դեմ են եղել ծնողների ամուսնալուծությանը, այնուամենայնիվ, այևս չդիմանալով անընդհատ բռնություններին, կինը բաժանվել է: Մարիամի խոսքով՝ ամուսնալուծությունից հետո անգամ նախկին ամուսինը նրան հանգիստ չի տվել և երեխաներին տեսակցելու պատրվակով պարբերաբար հայտնվել է իր բնակության վայրում, վեճեր և ծեծկռտուկներ հրահրել։
Փետրվարի 15-ին գործով կայացած առաջին լիարժեք դատական նիստն անցել է տուժող կողմի իրավունքների բազմաթիվ խախտումներով: Այդ խախտումների և դատավոր Տաթևիկ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար տուժողի շահերը պաշտպանող փաստաբան Նոնա Գալստյանը դիմել է ՀՀ արդարադատության խորհրդին, ՀՀ Նախագահին, Արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին։
Փաստաբանի խոսքով՝ դատավորն իր պաշտպանյալին զրկել է փաստաբան ունենալու իրավունքից, հեգնել է նրան և մեկուսացրել:
«Ես տուժողի ցանկությամբ դատական նիստի ընթացքում ներգրավվել եմ որպես նրա ներկայացուցիչ: Այդ կապակցությամբ միջնորդել եմ դատարանին ողջամիտ ժամկետով հետաձգել գործի քննությունը՝ հնարավորություն տալով ինձ ծանոթանալու քրեական գործի նյութերին: Դատարանը ներկայացված միջնորդությունս մերժել է՝ պատճառաբանելով, որ այն միտում է պարունակում գործի քննությունը հետաձգել, ինչը նպատակահարմար չի համարում», – իր բողոքում նշել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ դատավորն այդքանով նպատակ է ունեցել խոչընդոտելու իր մասնակցությունը գործի քննությանը:
Նիստի ժամանակ, երբ կինը սկսել է պատմել ամուսնու կողմից իր նկատմամբ արված ոտնձգությունների մասին, նրա ինքազգացողությունը վատացել է: Չնայած այդ վիճակին, փաստաբանի պնդմամբ, դատավորն անտեսել է կնոջ ծանր վիճակը և հրաժարվել է հետաձգել դատական նիստը՝ ստիպելով տուժողին կանգնել և շարունակել պատասխանել առաջադրված հարցերին:
«Գրիգորյանը դրսևորել է նաև դատավորին ոչ հարիր գործելաոճ, երբ անտեսել է տուժողի ծանր հոգեբանական վիճակը և ինքնազգացողության կտրուկ վատթարացումը և, ընդգծված հեգնական վերաբերմունք ցուցաբերելով, ստիպել է նրան պատասխանել հարցադրումներին՝ հրաժարվելով հետաձգել դատական նիստն այն պատճառաբանությամբ, թե բավարար տվյալներ և փաստաթղթեր չեն ներկայացվել տուժողի մասնակցության անհնարինության վերաբերյալ», – բողքում նշել է Գալստյանը:
Կնոջ վատ ինքնազգացողության պատճառով դատական նիստը մի քանի անգամ ընդմիջելով՝ դատավորը կարգադրիչներին հանձնարարել է Խաչատրյանին մեկուսացնել, որպեսզի վերջինս որևէ մեկի հետ չհաղորդակցվի:
«Հանձնարարելով դատական կարգադրիչներին մեկուսացնել տուժողին՝ դատավորը, ըստ էության, ոչ միայն առհասարակ արգելել է տուժողի և նրա ներկայացուցիչների միջև շփումը և իրավաբանական օգնության տրամադրումը՝ վերջինիս դնելով անօգնական վիճակի մեջ և իմաստազրկելով դատական ներկայացուցչության ինստիտուտը, այլև անհիմն կերպով սահմանափակել է նաև տուժողի ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ այսպիսով նվաստացնելով նրա մարդկային արժանապատվությունը և կոպտորեն ոտնահարելով տուժողի իրավունքները: Անգամ ծայրաստիճան վատ ինքնազգացողություն ունենալու պայմաններում տուժողը հարկադրված գտնվել է դատական կարգադրիչի հսկողության տակ և հնարավորություն չի ունեցել շփվել որևէ մեկի հետ, միջոցներ ձեռնարկել իր առողջական վիճակի բարելավման համար»:
Երբ դատավորը տեղեկացել է, որ ընդմիջման ժամանակ բժշկին այցելելու համար Խաչատրյանը ստիպված է եղել հեռանալ դատարանից, նա որոշել է կնոջը տուգանել 30 հազար դրամի չափով: Փաստաբանը դատարանի այդ որոշումը որակում է որպես անհիմն: Վերջինս ինքնաբացարկ է ներկայացրել դատավորին, որը մերժվել է:
«Միանշանակ կարելի է փաստել, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ոչ իրավաչափ գործողությունները՝ մասնավորապես, տուժողին իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից զրկելը և մեկուսացնելը, վերջինիս առողջական խնդիրների անտեսումը, տուժողի ցուցմունքները կանխակալ ոչ արժանահավատ գնահատելը և հեգնական բնույթի հարցադրումներ կատարելն ինքնին հանդիսանում են խտրական վերաբերմունքի դրսևորումներ և ընտանեկան բռնության ենթարկված անձին կրկնակի զոհականացնելու միտում են պարունակում», – իր բողոքը եզրափակել է փաստաբանը:
Նշենք, որ երեկ՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցած հաջորդ դատական նիստի ընթացքում դատարանի առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գործողությունների։