Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է ամուսնու՝ Արթուր Մելիքսեթյանի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 19-ին սպանված 38-ամյա Նարինե Դանիելյանի գործով առաջին դատական նիստը։ Այն սկսել է մոտ մեկ ու կես ժամ ուշացումով, քանի որ ամբաստանյալին ուշ են բերել դատարան։
Դատական նիստը սկսելուց առաջ Epress.am-ի լրագրողը տեսանկարահանելու թույլտվություն է խնդրել, կողմերից ոչ մեկը չի առարկել, սակայն դատավոր Արթուր Ադամյանը, այնուամենայնիվ, առանց մեկնաբանություններ տալու որոշել է առաջին 5 րոպեն միայն թույլատրել տեսանկարահանել։
Նիստի ավարտից հետո լրագրողը խնդրել է դատավորին բացատրել, թե ինչ հիմքով է նա արգելել տեսանկարահանել՝ այն դեպքում, երբ կողմերից ոչ մեկը դեմ չի եղել։ Ադամյանը ջղայնացած ասել է, որ ինքը կաշկանդվում է, երբ «տեսախցիկի օբյեկտիվը պահում են իր վրա»։ Բացի դրանից՝ դատավորը Epress.am-ի լրագրողին հորդորել է «չեզոք լուսաբանել» դատական նիստը։
Առաջին դատական նիստն անցել է լեփ-լեցուն դահլիճում։ Հիմնականում ներկա են եղել ամբաստանյալի հարազատները։ Նիստին ներկա են եղել նաև մահացածի երկու անչափահաս դուստրերը՝ 15-ամյա Գոհարը և 13-ամյա Ժաննան։
Այսօրվա նիստը կարճ է տևել, քանի որ ամբաստանյալի հանրային պաշտպան Համլետ Ստեփանյանը նշել է, որ նախաքննական նյութերն իրենք ստացել են մեկ օր առաջ և խնդրել է դատական նիստը հետաձգել մինչև նյութերին ծանոթանալը։
Դատավորը ներկայացրել է ամբաստանյալի կենսագրությունը, որի ժամանակ նշվել է, որ նա ունի 3 անչափահաս երեխա։
«Այդ երեխաները նրա խնամքին չեն, այլ նրա ծնողների։ Ամբաստանյալն ինքն է երեխաներին զրկել ծնողից և չի կարող նրան վերաբերել «ունեմ երեք երեխա» հասկացությունը։ Դա չի կարող դիտարկվել որպես մեղմացնող հանգամանք», – ամբաստանյալի կենսագրության ներկայացման ժամանակ է ասել է տուժողի իրավահաջորդի՝ Կարինե Դանիելյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։
Ի պատասխան՝ Մելիքսեթյանի պաշտպանը նշել է, որ իր պաշտպանյալն այդ երեխաների հայրն է և «միայն տուժող կողմի ցանկությունն է դա անտեսել»։
Նիստի ավարտից հետո մեզ հետ զրույցում Սաֆարյանն ասել է, որ մինչև դատախազի կողմից գործը դատարան ուղարկվելն ինքը միջնորդել էր, որ այն հետ վերադարձվի մեղադրողին․ «Մեղադրականում առաջադրված է 104-րդ հոդվածի առաջին մասը, սակայն դա մեղմ էր և պետք է վերավորակվեր նույն հոդվածի 2-րդ մաս, քանի որ սպանության մեջ կան առանձնակի դաժանությամբ սպանության հատկանիշներ։ Նախապատրաստական փուլում կար հնարավորություն փոխելու հոդվածը։ Դատարանն այսօրվա նիստին գտավ, որ մեր միջնորդությունը պետք է հետաձգվի և այլ փուլում քննվի, ըստ էության, դա նախապատրասական փուլի դրույթի խախտում է»։
Ինչ վերաբերվում է նախաքննության փուլին, Սաֆարյանը նշել է, որ սկզբնական փուլից ինչ-որ չափով գոհ է եղել, սակայն երբ հետագայում փոխվել է քննիչը, դժգոհություններ կան այդ մասով։
«Հաջորդ քննիչը՝ Կիրակոսյանը, տրամադրվածություն ուներ մեղմելու արարքը։ Առանձին դաժանության մասին երբ խոսք է եղել, ասել է՝ ինչու՞ չեք ուզում, որ մի քիչ քիչ նստի, քչով դուրս գա», -ասել է Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ 2016թվականի սեպտեմբերի 19-ին Արմավիրի մարզի Ակնալիճ-Զարթոնք տանող ավտոճանապարհի հարակից ջրատարում հայտնաբերվել էր Նարինե Դանիելյանի դին՝ մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով: Սպանության մեջ կասկածվող ամուսնուն՝ Արթուր Մելիքսեթյանին, մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: