Գլխավոր / Դատարան / Քաղաքապետը զբաղված է․ «հանրային գերակա շահից» տուժածները բողոքում են նախագահականի մոտ

Քաղաքապետը զբաղված է․ «հանրային գերակա շահից» տուժածները բողոքում են նախագահականի մոտ

2002 թվականի ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանի փոքր կենտրոնի տարածքները «հանրային գերակա» անվան տակ օտարելու արդյունքում տուժած երևանցիներից շատերը դեռ պայքարում են իրենց բնակարանների համար արդարացի փոխհատուցում ստանալու համար։ Եթե որոշ բնակիչները կարողացել են ներկա և նախկին քաղաքապետերից ստանալ իրենց հասանելիք գումարը, մի քանիսը բողոքել են մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան և հաղթել, ապա ոմանք դեռ բողոքի ակցիաներ են անում Կառավարության շենքի, նախագահական նստավայրի, քաղաքապետարանի դիմաց։

Այդպիսի բնակիչներից չորսն այսօր նախագահական նստավայր էին այցելել։ Լալայան 29, Տերյան 18, Բյուզանդի 9 և Տերյան 20 շենքերում բնակարաններ ունեցած բնակիչներին նախագահականի նամակների բաժնի ղեկավար Աիդա Ասատրյանն ասել է, որ նրանք պետք է ստանան փոխհատուցում և առաջարկել է այդ հարցով դիմել քաղաքապետին։

«Իսկ Քաղաքապետարանում ասում են՝ քաղաքի ստատուսը փոխվել է, քաղաքապետարանի ստատուսն էլ ա փոխվել», ֊ նախագահականում կայացած հանդիպումից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է Արթուր Մելիք֊Շահնազարյանը։

Քաղաքապետարանից բնակիչներին հուշում են՝ դիմեք դատարան։ Դատարան դիմելու համար մեծ գումարներ են պետք․ ՄԻԵԴ հասնելն ավելի թանկ ու երկարատև գործընթաց է, իսկ իրենք, նշում են բողոքողները, տարեց մարդիկ են։

«Մեզնից մեկն ապրում է փեսայի տանը, մյուսը՝ աղջկա, երրորդը՝ մոր տանը։ Ինչի ՞։ Ես տուն ունեի, էն էլ ինչ բնակարան ունեի։ Ինչի՞ պիտի ես գնամ փեսուս քթի տակ ապրեմ»,֊ ասել է բողոքողներից Քնարիկ Առուստամյանը։

Կինը հիշում է՝ ինչպես իրենց 2000-ականներին հանեցին տներից․ «Բոլորին վախեցնելով՝ վտարեցին իրենց տներից․․․ Տղիդ կբռնենք, տղիդ կտանենք․․․ Մի դատապաշտպան ունեի, ասեց՝ իրենց մեջքին նենց մարդիկ են կանգնած՝ Ռոբերտ Քոչարյան, Դավիթ Հարությունյան, Երվանդ Զախարյան, Նարեկ Սարգսյան, սուս ու փուս գնա, ստորագրի, հետո հատուցման համար կպայքարես։ Մեր շենքից երկու հոգի չէին ստորագրել։ Եկանք, տեսանք՝ նրանցից մեկի տունը քարուքանդ էին արել։ Լիլիա Ղազարյան, թերթերում գրեցին։ Երեք օր հետո մահացավ հիվանդանոցում։ Ես էլ մահանայի՞»։

Բնակիչները քաղաքապետից մոտ ապագայում հանդիպում չեն ակնկալում․ վերջին մի ամսում Տարոն Մարգարյանը զբաղված էր խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ընտրարշավով, իսկ հիմա էլ սկսվում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։

Tekali Taxi