Գլխավոր / Բնապահպանություն / Նախարարությունն ու շահագործողը դեմ են Ամուլսարի նախագծի վերաբերյալ նոր փորձաքննություն անցկացնելուն

Նախարարությունն ու շահագործողը դեմ են Ամուլսարի նախագծի վերաբերյալ նոր փորձաքննություն անցկացնելուն

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն առարկում է, որպեսզի «Լիդիան Արմենիա» օֆշորային կազմակերպության՝ Ամուլսարի ոսկու հանքին վերաբերող ծրագիրը նոր, անկախ փորձաքննության ենթարկվի։ Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանում հայտնել է նախարարության ներակայցուցիչ Ռուզաննա Փիլոյանը։ Նոր փորձաքննություն են պահանջում նախարարության դեմ հայց ներկայացրած Ամուլսարի հարակից գյուղական համայնքի՝ Վայոց ձորի մարզի Գնդևազ գյուղի մի շարք բնակիչներ և երկու բնապահպանական կազմակերպություններ՝ «Էկոիրավունքը» և «Էկոդարը»։

Փիլոյանն ասել է, որ վիճարկվող Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) դրական եզրակացությունը հիմնված է եղել մի փորձաքննության վրա, որն այլևս վավեր չէ, քանի որ դրանից հետո նոր փորձաքննություն է անցկացվել։

Դատավոր Կարեն Զարիկյան․

– Իսկ նոր եզրակացության մեջ ի՞նչ փոփոխություններ են մտցվել, որոնք ըստ ձեզ, հին եզրակացությունից տարբեր են։

Ռուզաննա Փիլոյան․

– Հիմնարար փոփոխություններ են կատարվել, կատարելագործվել է նախագիծը, շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներին ավելի լուրջ մոտեցումներ են ցուցաբերվել։

Նախարարության ներկայացուցչին միացել է նաև գործում որպես երրորդ կողմ ներգրավված հանք շահագործողը՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը։ Ընկերությունն ավելի հեռու է գնացել՝ պահանջելով առհասարակ կարճել վարչական վարույթը, քանի որ վիճարկվող ՇՄԱԳ եզրակացությունն այլևս չկա։

Հայցվորների ներկայացուցիչ Հայկ Ալումյանը խնդրել է նկատել, որ իրենք ոչ թե բնապահպանական փորձաքննության եզրակացությունն են վիճարկում, այլ դրա հիման վրա տրված ընդերքօգտագործման թույլտվությունը։ Նա նշել է, որ եզրակացությունն ընդամենը ապացույց է, որը հիմք է հանդիսացել վարչական ակտը կայացնելու համար։

Դատարանը մերժել է գործը կարճելու մասին «Լիդիան Արմենիայի» միջնորդությունը։

Ընկերության ներկայացուցիչը շարունակել է խոսել նոր փորձաքննության դեմ։

«․.. անշեղորեն պահպանվել են ոչ միայն ՀՀ օրենսդրության, այլև ընկերության խոշոր ներդրողներ Միջազգային ֆինանսական կորպորոցիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ստանդարտները, որոնք որպես կանոն շատ ավելի խիստ են և համընդգրկուն։ Ազդեցության գնահատման գործընթացի վրա ծախսվել է 4-5 միլիոն դոլար՝ միջազգային հեղինակություն վայելով կազմակերպությունների ներգրավմամբ»,֊ ասել է «Լիդիան֊Արմենիայի» փաստաբան Սայաթ Բադալյանը։

Հայցվորներից Արթուր Գրիգորյանը հիշեցրել է, որ հանքարադույնաբերողի ներկայացրած փորձաքննության հաշվետվությունը պետք է տարանջատել Բնապահպանության նախարարության տված եզրակացությունից։ Նա նշել է, որ հայցվորները վիճարկում են նախարարության տված եզրակացությունը և դրա հիման վրա տված թույլտվությունը, ոչ թե «Լիդիան Արմենիայի» եզրակացությունը։

«Մեր խնդիրն է հստակ առանձնացնել այս երկուսը։ Այն մարդիկ, ովքեր իրականացրել են պետական բնապահպանական փորձաքննությունը, չեն ապահովել օրենքով նախատեսված ընթացակարգերը, չեն անդրադարձել ռիսկերին, որոնք կարող է առաջացնել տվյալ հանքաարդյունաբերական նախագիծը»,֊ ասել է Արթուր Գրիգորյանը։

Tekali Taxi