Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Երևանի Կենտրոնի որոշ տարածքներ «հանրային գերակա շահ» ճանաչելուց հետո տուժած մարդու գործով։
Այս անգամ հայցվորը՝ ՀՀ դեմ հայվորը Բյուզանդի 13 հասեցում իր տունը և հողատարածքը կորցրած Յուրի Վարդանյանն է իր ընտանիքի հետ։ Վարդանյանն ու նրա կինը և որդին ՄԻԵԴ են դիմել՝ պահանջելով ճանաչել իրենց սեփականության իրավունքի խախտումը, ինչպես նաև դրանից հետո սկսված դատավարության ընթացքում արդարացի դատաքննության իրավունքի խախտումը։
Դատարանն իր վճռում հիշեցում է, որ «հանրային գերակա շահի մասին 2002 թվականին ընդունված ՀՀ կառավարության որոշումը նաև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից է ճանաչվել հակասահմանադրական»։
ՄԻԵԴ-ի վճռում ներկայացված գործի նախապատմության մեջ նշվում է, որ 2005 թվականին Բյուզանդի փողոցի կառուցապատումը ստանձնած «Վիզկոն» ՍՊԸ֊ն փորձել է դատական կարգով անօրինական ճանաչել Վարդանյանի սեփականության իրավունքը հողատարածքի նկատմամբ։ Առաջին ատյանի դատարանը «Վիզկոնի» հայցը բավարարել է՝ նշելով, որ որևէ դատական ակտով Վարդանյանի սեփականությունը երբեք էլ ճանաչված չի եղել, թեև նման երկու ակտեր կային 1997 և 2000 թվականներից, որոնց հիմքով էլ Վերաքննիչ դատարանը հետագայում բավարարել է Վարդանյանի վերաքննիչ բողոքը։
Վճռաբեկ դատարանը, հանձին դատարանի նախագահ Արմեն Մկրտումյանի, երկու անգամ առաջարկել է վեճը հաշտությամբ կքնել։ Մի անգամ էլ ասել է, որ «վերջին անգամ է հնարավորություն տալիս» Վարդանյանին հաշտության գնալու։
Վարդանյանը, սակայն, առաջարկված հաշտության պայմաններին չի համաձայնել։ Վճռում միջազգային դատարանը գնահատել է Մկտրումյանի բառապաշարը՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի նախագահի խոսքերը «արդարացի կասկած» են հարուցում, որ «դատավորը կողմնակալ է»։ Ուստի ՄԻԵԴ֊ը ճանաչել է, որ Վարդանյանի արդար դատավարության իրավունքը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6֊րդ հոդված) ՀՀ դատարանում խախտվել է։
ՄԻԵԴ֊ը քննադատել է նաև այն, որ այս գործով Վերաքննիչ դատարանը առանց Վարդանյանի ներկայության նիստ է անցկացրել, թեև նա բացակայում էր հիվանդանոցում լինելու պատճառով։ Այս մասին նա հիվանդանոցից բժշկական փաստաթուղթ էր ներկայացրել։
Ինչ վերաբերում է արդարացի փոխհատուցման խնդրին, ՄԻԵԴ֊ը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ առայժմ հնարավոր չէ որոշում կայացնել։ Հայցվորները պահանջել են 10 միլիոն 381 հազար 842 եվրո հողատարածքի դիմաց (նրանց գնահատմամբ այդքան է կազմում հողատարածքի այսօրվա արժեքը) և 1 միլիոն 048 հազար 97 եվրո՝ տան դիմաց։ Բացի դա, Վարդանյանն իր ընտանիքի հետ պահանջում է 12 հազար եվրո՝ ոչ գույքաին վնասի դիմաց։
ՄԻԵԴ֊ն այս հարցի լուծման համար կոչ է արել ՀՀ Կառավարությանը և հայցվորին 3 ամսվա ընթացքում ներկայացնել վնասի փոխհատուցման չափի իրենց գնահատականները և տեղեկացնել դատարանին՝ իրենց հաշտության մասին, եթե այն կկայանա։