10 տարի առաջ Էմմա Թունյանին և նրա ընտանիքին Երևանի կենտրոնում գտնվող իրենց տանից զրկելու գործը Եվրոպական դատարանի որոշմամբ նորից քննվելու է ներպետական ատյաններում։ Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, տեղի է ունենալու գործի նոր քննության առաջին դատական նիստը։ Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնը, որի փաստաբանները ներկայացնում են Թունյանին։
Էմմա Թունյանը Բուզանդ փողոցի վրա գտնվող հողատարածքի սեփականատերն էր։ Նրա ընտանիքն այդ վայրում ապրել էր 1930-ականներից ի վեր։ 2003 թվականին Թունյանին տեղեկացրել են, որ իր սեփականությունը պետք է առգրավվի «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից՝ Բուզանդի փողոցում ապրող հարյուրավոր այլ մարդկանց սեփականության նման։ Կառավարության որոշումներից մեկով առգրավումն արդարացվում էր՝ պետության կարիքներից ելնելով։ Կառավարության որոշումից հետո Թունյանի ընտանիքին զրկել են տանից և հողակտորից առանց որևէ փոխհատուցման։
«2005 թ․ ընտանիքը դիմել էր ՄԻԵԴ, որի 2012 թ․-ի վճռով որոշվել էր, որ այս ընտանիքի սեփականության պաշտպանության իրավունքը խախտվել է, քանի որ գույքից զրկելը տեղի չէր ունեցել օրենքի հիման վրա: 2013 թվականի նոյեմբերին ընտանիքը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա: 2014թ. մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է սեփականազրկման վերաբերյալ 2005թ.-ի վճիռը և գործն ուղարկել նոր քննության: Տասնամյա պայքարից հետո գործը վերսկսվում է իր սկզբնակետից արդեն այնպիսի իրավիճակում, երբ բոլոր այն իրավական նորմերը, որոնց հիման վրա տեղի էր ունեցել սեփականազրկումը, ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը և/կամ ՄԻԵԴ-ի որոշումներին հակասող», – ասված է ՄԻԵԿ-ի հաղորդագրության մեջ:
Գործին անդրադառնալով՝ Թունյանի փաստաբան Վահե Գրիգորյանն ասել է․
«Սա մի ցուցանմուշային գործ է, որն արտացոլում է Երևանի կենտրոնի նախկին բնակիչ հազարավոր ընտանիքների դեմ իրականացված անարդարությունը, որի արդյունքում մարդկանց անիրավ ճանապարհով զրկել են իրենց տներից և հողակտորներից: Սա, միաժամանակ, առաջին գործն է, որում սեփականազրկման վերաբերյալ նախկինում կայացված ներպետական դատարանների վճիռները բեկանվել են և գործն ուղարկվել է նոր քննության»։
Թունյանի ընտանիքը պահանջում է 36 հազար եվրո փոխհատուցում։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք որոշում էր կայացվել Երևանի կենտրոնում կառուցել Հյուսիսային պողոտան, որի պատճառով հարյուրավոր մարդկանց տներ և հողամասեր խլել էին՝ հիմնականում առանց փոխհատուցում վճարելու կամ չնչին գումար տրամադրելով, որով հնարավոր էր եղել բնակարաններ գնել Երևանի ծայրամասերում։