Հեղինակ՝ Անի Ճիլոզեան
2016 թվականի հուլիսին Թագուհի Մանսուրյանի և իր ծնողների վրա կացինով դաժան հարձակում գործեց Վլադիկ Մարտիրոսյանը՝ նրա նախկին ամուսինը, ինչի արդյունքում սպանվեց Թագուհու մայրն ու ծանր վնասվածք ստացան ինքն ու հայրը: Այս միջադեպից առաջ Մարտիրոսյանը շարունակաբար սպառնացել է Մանսուրյանի ընտանիքին, իսկ Մանսուրյանն էլ իր հերթին բազմիցս դիմել է ոստիկանություն: Չնայած դիմումներին, Մանսուրյանի անվտանգությունը չի ապահովվել, ինչը ցույց է տալիս, որ ոստիկանության համակարգում կա լուրջ խնդիր. Խոչընդոտվում է դեպքի քննությունը, անհրաժեշտ ուղղորդումները չեն իրականացվում, պաշտպանական միջոցներ չեն կիրառվում: Այս ամենն իր հերթին ցույց է տալիս ավելի խոշոր խնդիր. այն է՝ ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրության բացակայություն:
Ընտանեկան բռնությունը (ԸԲ) մի լուրջ խնդիր է, որի առջև են կանգնած կանայք ու աղջիկներ աշխարհով մեկ. Հայաստանի կանայք բացառություն չեն: Վերջերս մի հետազոտություն է իրականացվել, ըստ որի երբևէ զուգընկեր ունեցած կանանց մեկ քառորդը ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական բռնության, մոտ մեկ հինգերորդ մասին զուգընկերը թույլ չի տվել աշխատել և գումար վաստակել: Առավել ահազանգող է այն, որ տղամարդ հարցվածների 7.6%-ը ընդունել է կնոջ հետ ստիպողաբար սեռական հարաբերություն ունենալու փաստը: Ըստ նույն հարցման՝ մշակույթում առկա է կանանց նկատմամբ բռնության հանդեպ հանդժողականություն. հարցվածների մեկ երրորդը նշել է, որ կանայք պարտավոր են հանդուրժել բռնությունը՝ ընտանիքը միասին պահելու համար, իսկ մեկ այլ մաս կարծում է, որ որոշ դեպքերում բռնությունն արդարացված է: Անհանգստացնող է այն փաստը, որ ըստ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի, 2010-2015 թվականների ընթացքում առնվազն 30 կին է սպանվել զուգընկերների կամ ընտանիքի այլ անդամների կողմից (10 դեպք էլ արձանագրվել է 2016-ին, սակայն դեռ պաշտոնապես այս տվյալը չի հրապարակվել):
Անկախ ներկայումս պետության կողմից բռնության դեմ ձեռնարկած ջանքերի, Հայաստանը ձախողել է իր՝ միջազգային համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը՝ ներառյալ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեվերի վերացման մասին կոնվենցիայով նախատեսած պարտավորությունները: Ակնհայտ է ընտանեկան բռնության դեմ պայքարի համար որոշումների կայացման բարձրագույն մակարդակում քաղաքական կամքի պակասը, նաև վերոհիշյալ նպատակի համար հատկացված ֆինանսական միջոցների սղությունը: Ներկայումս Հայաստանը չունի ընտանեկան բռնության դեմ ուղղված առանձին օրենք, որը առանձնահատուկ կշեշտեր այս ոճիրի ծանրությունն ու կհատկացներ համապատասխան պատիժ: ՀՀ Քրեական օրենսգիրքը քրեականացրել է միայն խոշտանգումը, բայց չի առանձնացրել ընտանեկան բռնությունը որպես քրեական հանցանք: Ներկայումս առկա վնասվածք պատճառելը արգելող ու պատժող քրեական ու քաղաքացիական օրենքները զոհերին որևէ օգուտ չեն բերում, ինչի արդյունքում տուժածները հաճախ հետ են վերցնում իրենց բողոքները: Այսպիսով, բռնարարները ընդամենը պետական տույժ են վճարում, որը հաճախ ծանր է անդրադառնում հենց ընտանիքի վրա, որի բյուջեից էլ այն վճարվում է: Իսկ այն հազվադեպ դեպքերում, երբ բռնարարը բանտարկվում է, ընտանիքը զրկվում է եկամուտի աղբյուրից:
Կարևոր է նշել, որ պետական ծրագրերը հաճախ դուրս են թողնում մարգինալացված կանանց՝ ներառյալ հաշմանդամություն ունեցողներին, էթնիկ և սեռական փոքրամասնություններին, գյուղաբնակ կանանց, տարեցներին, սեռական ծառայություններ մատուցող կանանց, որոնք ավելի մեծ ռիսկի գոտում են: Ավելին. պետական ռազմավարական ծրագրերը գրեթե չեն իրակացվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011-2015 թվականների ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի, ինչպես նաև ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի գնահատումը ցույց տվեց, որ այս երկու փաստաթուղթն էլ սահմանել էին անհասանելի նպատակներ՝ հաշվի առնելով առկա ինստիտուցիոնալ մեխանիզմները: Բացի նրանից, որ ծրագիրը բավարար ֆինանսական միջոցներ չէր նախատեսել միջոցառումների իրականացման համար, նաև չկային հստակ չափորոշիչներ, հստակ ժամկետներ, հստակ պատասխանատվության բաժանում ներառված մարմինների միջև՝ դարձնելով այս փաստաթղթերը անարդյունավետ:
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ու միջամտությանն ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների պակասը շարունակում է ծանր խոչընդոտ լինել անվտանգության ու պաշտպանության կարիք ունեցող կանանց համար: 2015 թվականին ոստիկանությունը գրանցել է ընտանեկան բռնության 784 դեպք, իսկ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան արձանագրել է թեժ գծի 2000-ից ավելի զանգ: Հաշվի առնելով, որ ընտանեկան բռնության մասին խոսելը Հայաստանյան հասարակության մեջ տաբու է, հավանական է, որ շատերը թաքնված են պիտակավորման ու ամոթի պատի հետևում կամ էլ չեն կարողանում օգնության դիմել: Ոլորտում աշխատող մասնագետները, ներառյալ սոցիալական աշխատողներն ու բժշկական անձնակազմը, չեն անցել համապատասխան դաընթաց, նրանք հաճախ անտեսում են ահազանգող նշաններն ու սպանության սպառնալիքները: Ուստի շատ զոհեր դիմում են ոստիկանություն կամ քրեական արադարադատության միջոցների՝ փնտրելով պաշտպանություն, սակայն բախվում են մի պատի, որը ոչ միայն չի պաշտպանում իրենց, այլ նաև վերազոհականացնում է նրանց:
Մի շարք հասարակական կազմակերպություններ, ներառյալ Կանանց աջակցման կենտրոնը, աշխատանքներ են տարել ընտանեկան բռնության մասին հանրային գիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ, ստեղծելու ծառայություններ զոհերի համար, ներդնելու օրենսդրություն: Այս ջանքերի արդյունքում Հայաստանի հասարակության շրջանակներում ընտանեկան բռնության մասին իրազեկվածությունը բարձրացել է, ավելի շատ կանայք են դիմում օգնության: Մշտապես անբավարար ֆինանսական ու այլ ռեսուրսներ ունենալով՝ ՀԿ-ները վերցրել են իրենց վրա կանանց ու նրանց երեխաներին ծառայություններ տրամադրելու ողջ բեռը՝ ներառյալ ապաստարանի ծառայությունը:
Հկ-ների կողմից մշակված ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը մերժվեց 2009 և 2013 թվականներին: Սակայն Եվրամիության պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի արդյունքում 2018 թվականին սպասվում է օրենքի ընդունումը՝ ելնելով նաև Հայաստանի և Եվրամիության միջև 11.000.000 եվրոյի շուրջ կնքված համաձայնագրից: Ինչևէ, այս օրենքը զոհերի պաշտպանության վերաբերյալ մտահոգություններ է առաջացնում: Վերջերս օրենքի նախագիծը հանվեց շրջանառությունից, իսկ հանրային լսումները հետաձգվեցին:
Վերոհիշյալ ինստիտուցիոնալ խնդիրները է՛լ ավելի են ծանրացնում գենդերային կարծրատիպերը, որոնք պետական մակարդակից փոխանցվում են հանրությանն ու խթանում կանանց նկատմամբ խտրականությունը: Ավանդական ընտանիքի մասին խորը արմատներ գցած կարծիքները խթանում են գենդերային կարծրատիպերը և հաստատում են, որ տղամարդը պետք է լինի դոմինանտ, իսկ կինը հնազանդ:
Բռնությունը հաճախ արդարացվում է մշակութային այն նորմերի միջոցով, որոնք տղամարդկանց սոցիալիզացիան իրականացնում են ագրեսիվության, իշխանության, անզգամության ու վերահսկողության միջոցով, իսկ կանանց սոցիալիզացիան իրականացնում են պասիվության, հնազանդության, անզորության ու տղամարդուց կախվածության միջոցով:
Այս անհավասարությունը կանանց ու տղամարդկանց միջև է՛լ ավելի է խորացվում մի շարք գործոնների պատճառով, ներառյալ Հայաստանի կրթական համակարգը և ԶԼՄ-ները: Դպրոցական դասագրքերը քաջալերում են երիտասարդ տղաներին ու աղջիկներին շարունակել ավանդական գենդերային դերերը, ինչի շնորհիվ նորմալիզացնում ու զարգացնում են գենդերային կարծրատիպերը: Հասարակության կողմից լայն հետաքրքրություն վայելող սերիալները կանանց մշտապես ծեծված ու խաբված են ներկայացնում՝ խորացնելով առկա կարծրատիպերը:
Երբ այս դերերը մարմնավորվում են իրական կյանքում, դրանք հանգեցնում են բռնության և սովորած վարքի, ինչի պատճառով կանանց մեծ մասը չի լքում բռնարար ամուսիններին, իսկ բռնարարները վստահ են, որ իրենց գործողությունները արդարացված են: Ընտանեկան բռնության արդարացված լինելը խոչընդոտում են կանանց պաշտպանվածությունն ու չեն նպաստում բռնության շղթայի կոտրմանը:
Թագուհի Մանսուրյանի դեպքը, որը շոկի ցնցեց հասարակությունը, համակարգային խնդիրների վառ օրինակ է: Այն հանգամանքը, որ Վլադիկ Մարտիրոսյանին արդեն իսկ դատել էին և շատ թեթև պատիժ էին սահմանել Մանսուրյանին խոշտանգման ենթարկելու գործով, արտացոլում է քրեական արդարադատության ոլորտի ոչ զգայուն լինելը: ԶԼՄ-ների արձագանքը է՛լ ավելի բարդացրեց իրավիճակը: Բռնարարին հրավիրել էին շատ հանրահայտ Կիսաբաց լուսամուտներ շոուին, որտեղ նրան ներկայացրել էին իբրև զոհի, ում ծնողական իրավունքները խախտվել էին: Ավելին. չնայած, որ բռնարարը Մանսուրյանին մշտապես սպառնացել է ու դաժանորեն խոշտանգել նրան հանրային տարածքներում՝ հարևանները չեն միջամտել կամ օգնության դիմել, ինչը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության զոհերը բախվում են հասարակության անտարբերությանը:
2017 թվականի ապրիլի 10-ին Կանանց աջակցման կենտրոնը մասնակցեց վերոհիշյալ ահասարսուռ դեպքով Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստին, որը նախագահում էր Դավիթ Բալայանը: Ստորև կիսվում ենք այս դեպքի հետ կապված մեր մտահոգություններով:
● Տուժողը երկար խոսեց, և այդ ընթացքում փաստաբանը չէր ուղղորդում նրա խոսքը: Սակայն եթե կարգը թույլ տար, որ դատախազը ուղիղ հարցեր տար տուժողին կամ վկային, ապա կհնչեր միայն դեպքին կոնկրետ առնչություն ունեցող տեղեկությունը՝ նվազեցնելով նախկինում տված վկայությանը հակասող վկայություն տալու հավանականությունը:
● Դատավորը հնարավորություն տվեց մեղադրյալին ուղիղ հարց տալու զոհին: Չնայած, որ սա ընդունված է Հայաստանյան օրենսդրական համակարգում, մենք գտնում ենք, որ սա ոչ զգայուն և ոչ կոռեկտ վերաբերմունք է՝ հաշվի առնելով, որ զոհը բռնության է ենթարկվել երկար ժամանակ: Հարցադրումների հնչեցումը մասնագետի կողմից ոչ միայն նպաստում է նիստի ժամանակի արդյունավետ օգտագործմանը, այլ նաև ապահովագրում է զոհին կամ վկային հետագա նվաստացումից կամ տրավմատիզացումից: Այս պարագայում, երբ զոհը մեղադրում է կասկածյալին իրեն ծանր վնասվածքներ պատճառելու մեջ և ունի բռնության պատմություն, է՛լ ավելի ահասարսուռ է դառնում այն հանգամանքը, որ մեղադրյալին թույլ տվեցին ուղիղ հարց տալ զոհին:
● Դատավորի ձայնի տոնը հաճախ կտրուկ էր, նա շտապելով էր խոսում տուժողի հետ: Տուժողի նախկին ցուցմունքը բանավոր տված ցուցմունքի հետ համեմատելիս՝ դատավորը ֆիքսվել էր չնչին մանրամասնությունների վրա: Ամենացավալին այն է, որ ըստ տուժողի նախաքննական ցուցմունքի այն կացինը, որով իրեն խփել էր մեղադրյալը, նոր էր, և դատավորը փորձում էր իմանալ, թե ինչպես տուժողը հասկացավ, որ կացինը նոր է: Դատավորը նույնիսկ ցույց տվեց տուժողին իր գրիչը, հարցնելով, թե ինչպես նա կարող է իմանա՝ գիրչը նոր է, թե հին: Տպավորությունը այն էր, որ դատավորը փորձում էր մանր անճշտություններ գտնել վկայի ցուցմունքներում:
● Մեկ այլ երկար քննարկված թեմա դարձավ երեխայի տեսակցության հարցը: Մեղադրյալը քննարկում էր զոհի կողմից երեխայի այցելությունների ժամանակացույցի խախտումը, և երեխային իրենից հեռու պահելը: Տուժողի փաստաբանը փորձեց հարցականի տակ դնել սրա կարևորությունը, բայց դատավորը թույլ տվեց շարունակել հարց ու պատասխանը, և նույնիսկ ինքը վերադարձավ այս հարցին: Առնվազն 20 րոպե տևեց այս հարցի քննարկումը։
● Այս հանգամանքներում անհավատալի էր, որ Մանսուրյանը կարողացավ իրեն զգաստ պահել: Նա ավելի քան 2 ժամ կանգնած էր հարցաքննության ամբիոնի մոտ, հանգիստ պատասխանում էր դատավորի, մեղադրյալի, փաստաբանների, դատախազի հարցերին: Միայն մի քանի անգամ հուզվեց և զսպեց արցունքները, երբ նկարագրում էր պատահածը, և հարգալից մնաց որոշ շատ ծանր ու տհաճ հարցադրումների ժամանակ:
● Գուցե սրա մասին խոսվի հաջորդ դատական նիստերից մեկում, բայց տուժողի մոր մասին որևէ խոսք չգնաց (նա սպանվել էր քննվող միջադեպի ժամանակ): Այս սպանությունն է դատական նիստերի բուն պատճառը, ուստի տարօրինակ է, որ առաջին նիստին խոսք չգնաց դրա մասին:
● Հայաստանում ընդունված երևույթ է, որ քրեական դատավարությունները, մասնավորապես ընտանեկան բռնության հետ կամ կնասպանության հետ կապված դեպքերը տարիներով քննվեն, և այս դեպքը բացառություն դժվար թե դառնա: Սակայն, հաշվի առնելով, որ քննվում է սպանություն և սպանության փորձին վերաբերող դեպք, մենք գտնում ենք, որ վճիռը պետք է կայացվի հնարավորինս արագ:
Ընտանեկան բռնությունը բազմակողմանի խնդիր է, որը պահանջում է համակարգված միջամտություն բոլոր մակարդակներում: Հայաստանը, իսկապես, լավ աշխատող ուղղորդման մեխանիզմի կարիք ունի, որը թույլ կտար ակտիվ համագործակցություն օրենսդիր մարմինների, քաղաքացիական հասարակության, առողջապահության աշխատակիցների, երեխաների պաշտպանությամբ զբաղվող կառույցների, կրթության ոլորտի աշխատակիցների, ԶԼՄ-ների և այլոց միջև: Ճիշտ է, Հայաստանյան օրենսդրական մեխանիզմները տարբերվում են ԱՄՆ-ից, կան որոշակի էթիկական նորմեր, որոնք պետք է համաշխարհային լինեն. օրինակ՝ արդար դատավարության իրավունքն ու դատավորների անկողմնակալությունը: Վերոհիշյալ դատական նիստի ժամանակ ակնհայտ էին էթիկական նորմերի խախտումները: Դատավոր Բալայանը ցուցաբերեց գենդերային զգայունության պակաս, և որոշ պահերին նվաստացրեց տուժողին:
Ընտանեկան բռնությունը Հայաստանում բխում է հայրիշխանությունից ու վնասակար գենդերային կարծրատիպերից, ինչը բերում է բռնության արդարացմանը մշակույթում: Ուստի անհրաժեշտ է առավել շեշտադրել առաջնային կանխարգելումը՝ զգալի փոփոխություն առաջացնելու համար: Կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար: Մենք պնդում ենք, որ պետությունը պարտավոր է իրականացնել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է ըստ միջազգային համաձայնագրերի, այն է՝ ընդունել ընտանեկան բռնության օրենքը, անցկացնել ծառայություն մատուցողների հետ դասընթացներ՝ ներառյալ ԴԱՀԿ-ի աշխատակիցներին, աջակցել ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարաններին, և իրականացնել հանրությանը իրազեկող ու կրթող միջոցառումներ: Միայն զոհերին անհրաժեշտ ծառայությունների հասանելիության ու բռնարարներին պատժելու պարագայում հանրությունը կստանա այն հստակ ուղերձը, որ ընտանեկան բռնությունը լուրջ ոճրագործություն է, որը հանդուրժել պարզապես չի կարելի: Մինչ Հայաստանում ավելի ու ավելի շատ կանայք են ծեծվում, խոշտանգվում ու սպանվում, մենք չենք կարող մի կողմ քաշված սպանվել: Մենք պետք է գործենք հենց հիմա:
Բոլոր օգտագործված փաստերը վերցված են Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից 2016 թվականին հրապարակված «Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ» զեկույցից: