2005 թվականից սկսած Հայաստանում Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը իրավասու է ծնողներին զրկել ծնողական իրավունքից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11֊ին, «Մեդիա կենտրոնում» «Երեխաների պաշտպանությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Արշակ Գասպարյանը։
Նրա խոսքով՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի շուրջ ծավալվող վերջին օրերի քննարկումները և հատկապես երեխաներին այս օրենքի միջոցով ընտանիքից զրկելու մտավախությունները հիմնավորված չեն, այլ ավելի բնազդաբար են արվում։
Նշենք, որ օրենքի դեմ հանդես եկողները լայնորեն շահարկում են նաև Ռուսաստանի Դաշնությունում տարածվող այն դիսկուրսը, թե եվրոպական մոդելով գրված օրենքը «քանդելու է հայաստանյան ընտանիքը», «երեխաներին ընտանիքից զրկելու հնարավորություն» է տալու։
«Հայաստանում երեխայի պաշտպանության համակարգը եռաստիճան է, որը ներդրվել է 2005֊ից։ Խնամակալության և հոգաբարձության մարմնին, Կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ, առ այսօր վերապահված է իրավունք գնահահատելու յուրաքանչյուր ծնողի։ Եթե ծնողը խուսափում է երեխային դաստիարակելուց կամ երեխայի վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն, Խնամակալության և հոգաբարձության մարմինը գնահատման արդյունքում մինչև 7 օր տևողությամբ իրավասու է երեխային առանձնացնել ծնողից»,֊ ընդգծել է Գասպարյանը։
Ասուլիսին հրավիրված բանախոս «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանի խոսքով՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում ամեն բան տրամաբանական է, իսկ նրա շուրջ ծավալվող քննարկումների պատճառները կարող են լինել անտեղյակությունից։
«Օրենքի այս նախագիծը հետապնդում է երեք նպատակ։ Նախ ստեղծել իրավական կառուցակարգեր, որոնք կտրամադրեն ֆիզիկական, իրավական, սոցիալական և հոգեբանական պաշտպանություն այն անձանց, ովքեր ենթարկվել են ընտանեկան բռնության, երկրորդը՝ կանոնակարգել այս կառույցների գործունեությունը և վերջապես երրորդը, որն, ըստ իս, պակասում է այսօրվա կանոնադրության մեջ, այն է, որ ստեղծվեն մեխանիզմներ, որոնք կառողջացնեն ընտանիքում առկա անառողջ մթնոլորտը»,֊ նշել է բանախոսը։ Նա ընդգծել է, որ այսօր գործող կանոնադրության մեջ չկան նաև պաշտոնական նախազգուշացումներ, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների մեխանիզմներ։ Պաշտպանական որոշումների մեխանիզմի դեպքում բռնության ենթարկված անձը կարող է 6-9 ամսով տեղափոխվել ապաստարան։
«Հայ օգնության ֆոնդ»-ի (ՀՕՖ) Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի կարծիքով` այս օրենքի ընդունումը կարևոր է, սակայն, կանանց մոտ բռնության ենթարկվելու մասին ահազանգելու քաջություն այս օրենքը չի կարող ավելացնել։
«Կարծում եմ օրենքը չի օգնի, որ կանանց շրջանում քաջությունն ավելանա կամ այս օրենքի շնորհիվ բռնության զոհերն ավելի համարձակ կլինեն և ինքնապաշտպանության շատ մեխանիզմներ կունենան։ Ես ինքս այս օրենքի հետ կապված դժգոհություն ունեմ, քանի որ մենք իներցիայով շարունակում ենք տուժել տուժողին։ Պաշտպանության մեխանիզմներն այնպես են դասակարգված, որ եթե որևէ միջոց չի օգնում, զոհին տեղափոխում են ապաստարան։ Իսկ ինչո՞ւ բռնարանին չտեղափոխել ընտանիքից։ Ինչո՞ւ թողնել բռնարարը շարունակի ապրել նույն տանը, բռնանալ ընտանիքի մյուս անդամներին, եթե կարելի է նրան տանել ապաստարան»,֊ ասել է Միրա Անտոնյանը՝ նշելով նաև, որ ընտանիքներում բռնության հիմնական պատճառն աղքատությունը չէ, չնայած որ հանրության շրջանում տարածված է այդ կարծիքը։