պատգամավոր Մարիա Կարապետյանի ապիլի 20-ի ելույթից․
— ․․․Պետության բացակայության պայմաններում, իհարկե, անհրաժեշտ էր պատմական հայրենիքի բոլոր սահմանները արծարծել որպես հնարավոր ապագա պետության սահմաններ։ Ի՞նչ իմանայիր՝ ինչ պայմաններում, ինչ հանգամանքներում և որ սահմաններում կստեղծվի Հայաստանի Հանրապետությունը։ Պետության բացակայության պայմաններում մեր երևակայական ապագա պետության սահմանները կարող էին ձգվել Աղվանքից մինչև Կիլիկիա։
Սակայն կոնկրետ տարածք և սահմաններ, կոնկրետ քաղաքացիներ ունեցող Հայաստանի Հանրապետության ստեղծումից հետո՛ պնդել, թե պետական քաղաքականություն պիտի լինի քարտեզի վրա լողացող հայերնիքի գաղափարը, հավասարազոր է մերժելուն Հայաստանի Հանրապետությունը։
․․․Թերևս կգուշակեք, որ պետականության բացակայության պայմաններում մեր ինքնության պահպանման ամենակարևոր ինստիտուտներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, Հայ Առաքելական Եկեղեցին է եղել, որը զբաղվել է բառացիորեն ամեն ինչով․․․
Իմ դատողությամբ, Հայաստանի Հանրապետության ստեղծման պահին մեր եկեղեցին ինչ-որ ինքնավերաիմաստավորման փուլ պետք է անցներ։ Եթե շարունակելու էր առնչվել քաղաքական հարցերին, ապա գուցե խոսեր հարկեր վճարելու կարևորությունից և նրանից, որ մեր երկրային կյանքում այնուամենայնիվ առաջին ատյանի դատարանից մինչև Սահմանադրական դատարան է, որ լուծվում են մեր երկրային վեճերը։
Գուցե ավելի լավ լուծում կլիներ առհասարակ որևէ քաղաքական թեմայից չխոսել, այլ խոսել հոգևոր թեմաներից։
Փոխարենը՝ այս Սուրբ Զատիկի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղում, որում կարդում ենք հետևյալը․ «Ականատես ենք նաև ցավալի իրավիճակի, թե ինչպես են թշնամանքի, ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում, խալխլում ազգային միաբանությունը։ Ականատես ենք, թե ինչպես են անտեսվում դարերով նվիրագործված ավանդույթները, մեր ինքնության հիմնասյունը հանդիսացող համակարգը, խաթարվում մեր ժողովրդի ազգային հոգևոր անվտանգությունը»։ Սա, ամենայն հագանքով, ընդդիմախոսություն է պետությանը, եթե նույնիսկ այդպիսին գիտակցաբար չի մտածվել։
Նախ՝ ինչո՞ւ երբևէ կոռուպցիան և կեղծված ընտրությունները նման տեքստերի թեմաներ չեն հանդիսացել։ Երկրորդ՝ ազգային միաբանության հասնելու միակ ձևը ազատ և արդար ընտրություններն են, երբ Հայաստանի քաղաքացիները տեսնում են, թե ինչ համամասնությամբ են իրենց քաղաքական հայացքները տարածված, իսկ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը տեսնում և տոնում է ազատ և ինքնիշխան Հայաստանի ժողովրդի ընտրությունը։
Երրորդ՝ Կաթողիկոսը բողոքում է, որ խաթարվում է մեր ժողովրդի ազգային հոգևոր անվտանգությունը։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել մեր ժողովրդի ազգային հոգևոր անվտանգության հետ։ Վերջին տարիներին պա՞ս ենք սկսել քիչ պահել՝ նախկինի համեմատ, քիչ ենք աղոթո՞ւմ։
Կամ՝ «անտեսվում են դարերով նվիրագործված ավանդույթները»։ Եթե կրկին խտացնեմ միտքը, միթե՞ թուրքին ատելու մեջ է ամփոփված դարերով նվիրագործված մեր ավանդույթը։
Եվ, իհարկե, այս ելույթը ամբողջական չէր լինի, եթե չխոսեի պետականազուրկ հայ ժողովրդի ամենամեծ պաշտպան Հայ Յեղափոխական Դաշնակցության կամ, ավելի ճիշտ, դաշնակցական մտածողության մասին։ Պարտադիր չէ լինել Դաշնակցության անդամ, դաշնակցական մտածողություն ունենալու համար։
Շատ շատերիս դպրոցական կրթությունը մեծամասամբ հենց դաշնակացական կրթություն է՝ ոչ անունով, իհարկե, այլ բովանդակությամբ։ Այլ բան, որ շատերիս կյանքը, մեր ապրված իրականությունը այդ կրթության դեմ է խոսել և իր դասերը տվել մեզ։
Հայ հեղափոխական դաշնակցությունը իր սեփական երևակայության մեջ պետությանը զուգահեռ, վերպետական նույնիսկ կառույց է։ Նրանք դա անվանում են «համազգային»․․․
Սրանից ՀՅԴ որոշ անդամների մոտ առաջանում է զգացողություն, թե իրենք հանուն մոգական ազգայինի կարող են շրջանցել Սահմանադրությունը և ինչ-որ բյուրոյում կամ խորհրդում, առանց ժողովրդի քվեարկության, կայացնել որոշումներ աշխարհասփյուռ հայ ժողովրդի անունից, որի միայն մի մասն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։
Նրանք պնդում են, թե իշխանությունների դեմ են պայքարում, ոչ թե պետության։ Բայց շատ հաճախ, երևի թե իրենց համար էլ աննկատ, հենց պետության դեմ են պայքարում։ Սրա խորհրդանշական ապացույցը նա է, որ ՀՅԴ անդամները՝ ՀՀ պատգամավոր ընտրվելիս, տվեցին ոչ թե Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորի երդում, այլ իրենց կուսակցական երդումը։
Երբ դաշնակցական պատգամավորը այս ամբիոնից բացականչում է, հաճախ լսած կլինեք, «Հավերժական Հայաստան լինելո՛ւ է»՝ ինչ-որ ապագայի եղանակով, այդ բացականչության տակ հաճախ թաքնված է ա՛յս Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը։ Դրա տակ կարելի է կարդալ, որ այս Հանրապետությունը մենք չպետք է համարենք այն, ինչ դարերով երազել ենք, չէ՞ որ այն իդեալական և վերացական չէ։ Շատ կոնկրետ է։ Ուրեմն՝ այս հանրապետությունը մեր ավետյաց երկիրը չէ։
Փաստորեն, ինչպե՞ս են առերեսվում այս ավանդական կառույցները պետականության հետ, երբ այդ կառույցներում այդքան բան խարսխված է անկախ պետականության բացակայության վրա։ Պատասխանը՝ ակամայից սկսում են պայքարել պետության դեմ։
1988 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ Հայաստանում ընթանում էին գործադուլներ և հանրահավաքներ անկախության կոչերով, հայկական ավանդական երեք կուսակցությունները՝ դաշնակցությունը, ռամկավարները և հնչակյանները, տարածեցին համատեղ հայտարարություն, որում ասում էին՝ «կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Ղարաբաղի մեր արի ժողովրդին, որ խուսափեն ծայրահեղ կեցվածքներից, որոնք խանգարում են մեր Հայրենիքի հանրային կյանքի կարգուկանոնը, ծանր կորուստների են ենթարկում մեր երկրի տնտեսական, արդյունաբերական, կրթական, մշակութային կյանքը, վնասում են մեր ժողովրդի վարկը, ինչպես նաև բնականոն հարաբերությունները՝ լինեն խորհրդային բարձրագույն իշխանությունների, թե խորհրդային մյուս հանրապետությունների հետ, և ծառայում են մեր ժողովրդի թշնամիների հետին նպատակներին»։
Սա ի՞նչ է նշանակում։ Որ ՀՅԴ-ն ամենևին էլ կողմ չէր ո՛չ Ղարաբաղյան շարժմանը, ո՛չ էլ անկախության շարժմանը։ Այսօր էլ կողմ չեն։ Եվ դա երևում է հենց այդ արտահայտության մեջ՝ «Հավերժական Հայաստան լինելու է», մի օր լինելու է։ Սա բացականչողը չի ուզում նկատել, որ անկախ Հայաստան կա և այն իր ինքնիշխանության, իր ինստիտուտների ամրապնդման կարիքն ունի։ Եվ սա բացականչողի կողքից էլ ամենևին ոչ ՀՅԴ-ական պատգամավորներ շշնջում են՝ «գուցե Ռուսաստանը մի լավ բան առաջարկեր, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնեինք ապագային»։
Տարընթերցում չլինի, թե մտքիս ծայրով անգամ անցնում է առաջարկել սահմանափակել ՀՅԴ գործունեությունը։ Ո՛չ։ Դաշնակցությունը պե՛տք է ունենա Հայաստանի Հանրապետության գրանցում՝ «հավերժական» գրանցում։ Դա կօգնի դաշնակցական մտածողությանը խաղաղվել, ֆիդայական ջոկատներ չկազմել Հայաստանի Հանրապետության կանոնավոր բանակին զուգահեռ և վերիվերջո հարգել Հայաստանի Հանրապետության օրենքները։
Հայ առաքելական եկեղեցին շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ապրիլի 20-ին տեղեկացրել է կաթողիկոսը։ Գարեգին Բ-ին անհանգստացնում են Արցախի կարգավիճակին վերաբերող «սխալ և անընդունելի արտահայտությունները»։
Ղարաբաղի Ազգային ժողովը, երկրորդելով հայաստանյան ընդդիմադիր շրջանակներին, ապրիլի 19-ին հայտարարել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիարժեք ճանաչումն անընդունելի է։ Ղարաբաղցի պատգամավորները այսկերպ արձագանքել են Նիկոլ Փաշինյանի ապրիլի 18-ի ելույթին, որում նա նշել էր՝ Հայաստանը դեռևս 2007-ին, Մադրիդյան սկզբունքները ընդունելով, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։
Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը մնում է խաղաղության պայմանագրի նախապայման՝ պարբերաբար շեշտում է Երևանը։ Փաշինյանն այսօր հավելել է՝ պայմանագիրը չստորագրելը «երաշխավորում է, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք չենք ուզում», ստորագրելը՝ «առնվազն շատ էական մեծացնում հավանականությունը, որ այդպես չի լինի»։