թարմացում — Օրվա վերջում հայտարարվեց, որ Լուկաշենկոն և Պրիգոժինը բանակցել են, ընդունելի լուծում են գտել և Վագների զինյալները հետ են շրջվել, որ վերադառնան իրենց դաշտային ճամբարները․ ռուսական մեկօրյա «ապստամբությունը» ամփոփել են տեսանյութերով ։դ
Հունիսի 23-ին պուտինամերձ օլիգարխ, «Վագներ» մասնավոր բանակի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոնֆլիկտը հասել է «զինված ապստամբության» շեմին։ Արդեն այսօր ուկրաինական դիրքերը լքած վագներականները գրավել են Դոնի Ռոստովը և, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Վորոնեժի որոշ ռազմական օբյեկտները։
Պուտինը հանդես է եկել տեսաուղերձով՝ համեմատել տեղի ունեցողը 1917 թվականի իրադարձությունների հետ, ըստ էության, հաստատել, որ Ռոստովը անցել է ապստամբների վերահսկողության ներքո և խոստացել, որ բոլոր նրանք, ովքեր «բռնել են դավաճանության ճամփան», «կրելու են անխուսափելի պատիժը»։
Մոսկվայի և Վորոնեժի մարզում հակաահաբեկչական օպերացիա է հայտարարվել՝ քաղաքներում տանկեր և զրահամեքենաներ են։
«Դոն» մայրուղու վրա ռազմական տեխնիկա է կենտրոնացված։ Վորոնեժ-Մոսկվա ճանապարհը փակ է։ Պրիգոժինը հայտարարում է, թե ռուս ուժայինները և կանոնավոր բանակի ներկայացուցիչները անցնում են ապստամբների կողմը։ Այս տեղեկությունը հաստատել հնարավոր չէ։ Պաշտոնական Մոսկվան ակնարկում է, որ փորձելու է ճնշել հեղաշրջման փորձը։
Տելեգրամյան ալիքներով հակասական տեղեկություններ են տարածվում։ Epress.am-ը փորձել է ամփոփել մայիսի 24-ի կեսօրի դրությամբ հայտնի և քիչ թե շատ արժանահավատ տեղեկությունները․
նախ՝ ո՞վ է Պրիգոժինը
Մինչև բոլորովին վերջերս Եվգենի Պրիգոժինը պալատական օլիգարխի համբավ ուներ։ Հայտնի էր «Պուտինի խոհարար» մականվամբ։ Նրա քեթրինգային ընկերությունը՝ «Կոնկորդը», տարիներ շարունակ կապալներ էր ստանում բարձրագույն պետական մարմինների, դպրոցների, մանկապարտեզների, զորամասերի սննդամատակարարումը կազմակերպելու համար։
Պրիգոժինին պատկանող մասնավոր բանակի վարձկանները օգտագործվում էին Ուկրաինայում, Սիրիայում, Սուդանում, Լիբիայում, ԿԱՀ-ում, Մոզամբիկում, Մալիում, Բուրկինա Ֆասոյում՝ տեղի հանքերի և իշխանությունների պաշտպանության համար։ Իրավապահները նրան օգնում էին զինյալներ հավաքագրել, ռազմական օպերացիաներ կազմակերպել։
տե՛ս Քաղաքացիական պատերազմի հեռանկարները Ռուսաստանում
Epress.am-ի թղթակից Իգոր Գեորգիևը նրան այսպես էր բնութագրում․ «․․․Պրիգոժինը պաթոլոգիապես դաժան բանդիտ է, որը ԽՍՀՄ օրոք 9 տարի նստել է քրեական հոդվածներով, իսկ 90-ականներին՝ ծաղկուն բիզնես հիմնել։ Արդեն Պուտինի ժամանակ ձեռք է բերել մի շարք կարևոր ակտիվներ, այդ թվում՝ «Կոնկորդ» հսկայական քեթրինգային ընկերությունը, «թրոլների ֆաբրիկան» և, իհարկե, սեփական բանակը՝ ավելի լավ զինված և պատրաստված, քան ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներից շատերը։ Այն համալրված է լյումպեն-պրոլետարներով՝ հանցագործներ, նախկին ուժայիններ, վետերաններ, այսինքն՝ բռնության լուսանցքայնացված արհեստագետներ, որոնց հասարակական վերաինտեգրումը թվում է գրեթե անհնարին․․․»։
Ուկրաինա ներխուժումից հետո Պրիգոժինի առջև բացվել էին ռուսաստանյան գրեթե բոլոր բանտերի դռները՝ կալանավորներ մատակարարելով նրա մասնավոր բանակի համար։ Անցյալ տարի, սակայն, Պրիգոժինի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջև հարաբերությունները սրվել են։ Գարնանը Պրիգոժին-Շոյգու կոնֆլիկտը դարձել է հրապարակային։ Բիզնեսմենը ժամանակ առ ժամանակ հայհոյում էր պաշտպանության նախարարին, որը, ըստ նրա, տապալել է ուկրաինական «օպերացիան» և գցել Բախմուտը գրաված «վագներականներին»։ Վերջին ամիսներին պարբերաբար նաև վերջնագրեր էին ներկայացվում։
տե՛ս Պուտինը և ճարպոտ գեներալները զայրացրել են Խոհարարին․ հազարավոր զոհեր
Ռուսաստանցի ընդդիմադիր փորձագետները այս պրոցեսին արձագանքում էին իրարամերժ գնահատականներով՝ ոմանք քաղաքացիական պատերազմ էին գուժում, ոմանք խոսում բեմադրության մասին, որը կոչված է տեղեկատվական ֆոն ապահովել ուկրաինական ֆրոնտում ռազմական անհաջողությունների համար։
ինչից սկսվեց և ուր հասավ
Ուրբաթ առավոտյան Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, թե «Ուկրաինա ներխուժումը ապաշնորհ կերպով պլանավորված օպերացիա էր», ուկրաինական հակագրոհի ֆոնին ռուսական բանակը նահանջում է միաժամանակ և՛ Զապորոժիեի, և՛ Խերսոնի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը, ըստ նրա, խաբում է նախագահին։
Պրիգոժինը հայտարարել է, թե նախագահին խաբել են, իբր Ուկրաինան և ՆԱՏՕ-ն պատրաստվում է հարձակվել Ռուսաստանի վրա, և ստիպել ներխուժել հարևան երկիր՝ անձնական, ֆինանսական, կարիերային դրդապատճառներից ելնելով։
https://youtu.be/PtBcCjqIp6g
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին միլիտանտ-բիզնեսմենը «դողդողացող պապիկ» է անվանել, որը «կործանել է հազարավոր կյանքեր՝ ռուսական բանակի ամենամարտունակ հատվածը»։
Ավելի ուշ՝ ուրբաթ ցերեկը, նա հայտարարել է, թե Քննչական կոմիտեին բողոքներ է ներկայացրել ընդդեմ պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի, որոնք «պատասխանատու են ռուս ժողովրդի ցեղասպանության համար»։
Երեկոյան Պրիգոժինի հետ փոխկապակցված «Разгрузка Вагнера» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել և հայտարարել, թե «Վագների» ճամբարը ենթարկվել է հրթիռային հարձակման։ Ավելի ուշ Պրիգոժինի մասնավոր բանակը արդեն պաշտոնապես կրկնել է այս թեզը։ «Բազմաթիվ զոհեր ունենք։ Վկաների խոսքով՝ հարվածը թիկունքից է եղել, այսինքն՝ իրականացվել է ՌԴ ՊՆ-ի կողմից», – հայտարարել է բիզնեսմենը։ Խոսքը այն ճամբարի մասին է, ուր Բախմուտի բազմամյա մարտերից հետո նահանջել են «Վագների» վարձկանները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է այս մեղադրանքները՝ որակելով «տեղեկատվական սադրանք»։
Հրթիռակոծման միակ «վկայությունը» «Разгрузка Вагнера» տելեգրամ ալիքի հրապարակած անորակ տեսանյութն է։ Ֆոնից լսվում է երկու տղամարդկանց հայհոյախառն զրույցը․ նրանք այդ պահին վազում են անտառի միջով։ «Էս ի՞նչ էր, արա։ *** [ուկրաինացիներն] են *** [խփե՞լ]», – հարցնում է նրանցից մեկը։ «Ի՞նչ *** [ուկրաինացիներ], նրանք էտ կողմից չեն կարող *** [խփել]», – պատասպանում է մյուսը։ Սրանից հետո տեսանյութի հերոսները հասնում են ենթադրյալ հարվածի վայրին, կադրում դիակներ և վառված ծառեր են երևում։
Տեղանքը նույնականացնել հնարավոր չէ։
Bellingcat-ի հետաքննողներից Արիկ Տոլերը, սակայն, ուշադրություն է հրավիրում նրան, որ կադրերը հիշեցնում են Վագների այն ճամբարը, որը մեկ օր առաջ ցուցադրվել էր Պրիգոժինի մերձավոր լրագրող Ալեքսանդր Սմիրնովի կողմից («Позывной Брюс» տելեգրամ ալիք)։ Անկախ լրագրողները ենթադրում են, որ սա «տեղեկատվական սադրանքի» տպավորություն է թողնում։
«Վագների հրամանատարների խորհուրդը որոշում է կայացրել․ չարիքը՝ երկրի ռազմական ղեկավարությունը, պետք է կանգնեցվի», – արդեն գիշերը հայտարարել է Եվգենի Պրիգոժինը։
Նա կոչ է արել «չդիմադրել» և խոստացել, որ նախագահ Վլադիմիր Պուտինին, ՆԳՆ-ին, Ռոսգվարդիային և մյուս գերատեսչություններին վտանգ չի սպառնում։ «Հաշիվները մաքրելու ենք» միայն նրանց հետ, ովքեր «ոչնչացնում են ռուս զինվորներին»՝ հայտարարել է Պրիգոժինը և հավաստիացրել, որ Վագների «25 հազար» զինյալներ շարժվում են դեպի Դոնի Ռոստով, որտեղ գտնվում է ռուսական բանակի շտաբը։
«Սա ռազմական հեղաշրջում չէ, սա արդարության երթ է», – հավելել է վարձկանների հրամանատար բիզնեսմենը։
Տելեգրամ ալիքներն արդեն առավոտյան հայտարարում էին, որ վագներականները գտնվում են Ռոստովի կենտրոնում, պաշարել են այդ թվում նաև Հարավային ռազմական շրջանի շտաբը (որին, ի դեպ, ենթարկվում է նաև Գյումրիի ռուսական բազան և Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախումբը)։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Ռոստովը գտվում է Պրիգոժինի վարձկանների փաստացի վերահսկողության ներքո։
«Դոնի Ռոստովում իրավիճակը մնում է շատ բարդ՝ քաղաքացիական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքը փաստացի արգելափակված է», – քիչ առաջ հեռարձակված տեսաուղերձում հաստատել է Վլադիմիր Պուտինը։
խոսում է Մոսկվան
Տեսաուղերձում Պուտինը դիմել է «ռուսաստանցիներին, ռազմական և ուժային գերատեսչություններին և բոլոր նրանց, ում խաբեությամբ և սպառնալիքներով դրդել են զինված ապստամբության»։
«Վագներ» մասնավոր բանակի գործողությունները նա «մեջքից հարված» և դավաճանություն է անվանել և համեմատել 1917-ի իրադարձությունների հետ։
«Մենք առերեսվել ենք դավաճանության հետ, անչափավոր ամբիցիաները հանգեցրել են հայրենիքի դավաճանության», – հայտարարել է Պուտինը և խոստացել «անխուսափելի պատժի» ենթարկել մեղավորներին։
Եվգենի Պրիգոժինի անունը նա չի տվել։ Պուտինը շեշտել է՝ ՌԴ ԶՈՒ-ին հրաման է տրվել «վնասազերծել բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են զինված ապստամբությունը», վերջիններիս նկատմամբ «վճռական և դաժան գործողություններ» են լինելու։
Երեկ երեկոյան Հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է՝ քրեական վարույթ է նախաձեռնվել զինված ապստամբության կոչեր անելու համար։ Կեսգիշերն անց Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը հայտարարել է Եվգենի Պրիգոժինի դեմ քրեական գործ հարուցելու մասին․ հաղորդագրությունում խոսվում է արդեն ոչ թե կոչերի, այլ «զինված ապստամբություն կազմակերպելու փաստի» մասին։
Գիշերը տեսաուղերձով է հանդես եկել նաև ռուսական բանակի Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Սուրովիկինը (հայտնի է Արմագեդոն մականունով)։
Նա դիմել է «Վագների» հրամանատարներին, կոչ արել կանգ առնել, Ուկրաինան «սպասում է, երբ է մեզ մոտ ապակայունանալու ներքաղաքական իրավիճակը», «նրանց ջրաղացին ջուր մի լցրեք», ռազմաճակատում մենք կռիվ ենք տալիս «հակառակորդի գերակշռող ուժերի դեմ», «մենք նույն արյունն ունենք», «ենքարկվեք նախագահին» և այլն:
«Վագների հրամանատարները հավատարիմ են մնում երկրի ամենահեռանկարային քաղաքական գործչին [խոսքը Պրիգոժինի մասին է] և կատարելու են նրա բոլոր հրամանները։ Ոչ անվտանգության ծառայությունը, ոչ էլ Սուրովիկինը չեն կարող կանգնեցնել այն, ինչ արդեն սկսվել», – պատասխանել է «Վագների» հետ փոխկապակցված AP Wagner-ը։
Մինչ գեներալները խնդրում էին հրաժարվել ապստամբությունից, Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդում էր, թե ուկրաինացի զինվորականները օգտվել են «Պրիգոժինի կազմակերպած սադրանքից» և սկսել ուժեր կուտակել Բախմուտի տակ։ Գիշերը Ուկրաինայի տարբեր հատվածներում օդային տագնապ էր, Կիևը ռմբակոծվում էր։
Մոսկվա դեռ չեն հասել
Ռոստովի իշխանությունները վաղ առավոտյան կոչ են արել բնակիչներին չլքել բնակարանները։ Տեղաշարժը սահմանափակվել է։
Համացանցում տեսանյութեր են շրջանառվում, որոնցում երևում են Վագների զինյալները՝ կուտակված պետական գերատեսչությունների շուրջ։ Քաղաքի կենտրոնում մեծաթիվ ռազմական տեխնիկա է կենտրոնացված։
Իշխանությունները անուղղակիորեն հաստատում են՝ քաղաքը վերահսկվում է վագներականների կողմից։
Պրիգոժինը Ռոստովում հանդիպել է Ռուսաստանի ՊՆ փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի հետ, որը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի քննադատի համբավ ունի։ Կադիրովը խախտել է աննախադեպ լռությունը և հայտարել, որ «Վագների» գործողությունները դավաճանություն են։
Reuters-ը՝ հղվելով ռուսական հատուկ ծառայություններում իր աղբյուրներին, գրում է, թե վագներականները վերահսկողության տակ են առել նաև Վորոնեժի ռազմական օբյեկտները։ Պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվել։
«Դոն մայրուղու շրջափակման պատճառով հսկայական խցանումներ են գոյացել Վորոնեժից դեպի Ռոստով տանող հատվածում․ մեքենաները «նահանջելու» տեղ չունեն, երթևեկությունը արգելված է։ Ժամը 10։30-ի դրությամբ Վորոնեժում համեմատաբար հանգիստ է», – գրել է «Новая газета»-ն՝ հավաստիացնելով՝ քաղաքի փողոցներում զինված խմբավորումներ չկա՛ն։
Ավելի վաղ Վորոնեժում և Մոսկվայում հակաահաբեկչական օպերացիա է հայտարարվել։
Մոսկվայի կենտրոնում տանկեր և զրահամեքենաներ են։ Կրեմլը և ուժային կառույցների շենքերը գիշերվանից օղակված են։
Հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմի պայմաններում իշանությունը կենտրոնանում է անվտանգության ծառայության ձեռքերում։ Հատուկ ծառայությունները կարող են գաղտնալսել բոլոր հեռախոսազրույցները և հաղորդագրությունները, այդ թվում՝ համացանցային, կարող են անջատել կապի միջոցները, խուզարկել քաղաքացիներին և ցանկացած տրանսպորտային միջոց, օգատգործել մարդկանց մասնավոր սեփանականությունը, անխոչընդոտ մտնել բնակարաններ, գրասենյակներ և այլ մասնավոր տարածքներ։
Պրիգոժինը հայտարարում է, թե կանոնավոր բանակի ներկայացուցիչները անցնում են Վագների կողմը։ Հաղորդվում է գերիների մասին։
ինչո՞ւ հենց Ռոստովը
«Սիրիական ռազմական կամպանիայից ի վեր Դոնի Ռոստովը այն կետն էր, ուր մատակարարվում էին, օրինակ, վագներականների դագաղները։ Նրանց բարեկամները հենց այստեղ էին գալիս՝ զոհվածների համար փոխհատուցում ստանալու համար», – պատմում էր «Новая газета»-ի թղթակից Կատերինա Մատվեևան։
Վագների վարձկանները ոչ միայն մտել են քաղաք, այլև՝ երբևէ չեն լքել այն։
Մատվեևան շարունակել է․
«Ուկրիանայում «հատուկ օպերացիայի» մեկնարկից հետո Ռոստովը վերածվել է իրական ճակատամերձ քաղաքի։ Հենց այստեղ է գտնվում Հարավային ռազմական շրջանի շտաբը, շրջանի ամենախոշոր ռազմական հոսպիտալը։ Այստեղ են բերում Ուկրաինայում սպանվածներին և վիրավորներին, սա առաջին խոշոր ռազմաբժշկական հաբն է։ Զոհերի մարմինները նույնականացնելու համար բարեկամները գալիս են Ռոստով։ Բայց չեչենական առաջին պատերազմից և երկու սառնարաններով կահավորված 124-րդ «շչերբակովյան» լաբորատորիայից հետո շատ բան է փոխվել։
Վագներականները վաղուց տեղավորվել են Ռոստովում։ Քաղաքի ռեստորանները միշտ լիքն էին՝ նույնիսկ աշխատանքային օրերին։ Հիմնական հաճախորդները «միլիտարի» ոճով մարդիկ էին։ Քաղաքում աճում էր նաև բնակարանների պահանջարկն ու գինը՝ և՛ վարձակալության, և՛ վաճառքի։ Որոշ վագներականներ այստեղ էին բերում նաև իրենց ընտանիքներին․ աշխատավարձները թույլ էին տալիս, համ էլ մոտ է սահմանին՝ ամենանեղ հատվածով ընդամենը 120 կմ։
Քաղաքը, ըստ էության, վերածվել էր «երաժիշտների» քնած կայազորի։ Բայց Պրիգոժինի մասնավոր բանակի ստորաբաժանումներում, որոնք «տեղաբաշխված են» Ռոստովով մեկ, խիստ ներքին դիսցիպլինա է գործում․ նրանք համակարգողների հետ կապի մեջ են մնում նույնիսկ արձակուրդների ժամանակ։
․․․Ուժայինները գիտեին քաղաքում գտնվող վարձկանների քանակի մասին։ Հավանաբար, որոշակի տեղեկություն ունեին նաև ապօրինի զենքից, որը 2014-ից ի վեր «անցնում է» սահմանը և հայտնվում այդ թվում նաև Դոնի Ռոստովում․․․»։