Ուկրաինայի արևելքում արյունալի մարտերը շարունակվում են։ Ավելի քան 8 ամիս է Բախմուտը, որն ի սկզբանե մեծ ռազմավարական նշանակություն նույնիսկ չուներ, Դոնբասի համար ճակատամարտի ամենաթեժ կետն է։
Ուկրաինական զորքերը շարունակում են պահել քաղաքի արևմտյան ծայրամասերը։ Խոսվում է տասնյակ հազարավոր զոհերի մասին։ Քաղաքից ոչինչ չի մնացել՝ ավերակներ են։ Ո՛չ ռուսները, ո՛չ էլ ուկրաինացիները նահանջելու մտադրություն չունեն։
Ուկրաինական լրատվականները գրում են, որ Մոսկվայի պլանները՝ մինչև մարտի 1-ը գրավել Դոնեցկի մարզը, արդեն իսկ տապալվել են։ 2022-ի հուլիսից հետո, երբ ռուսական բանակի վերահսկողության տակ անցավ Լիսիչանսկը (հետևաբար՝ նաև ողջ Լուգանսկի մարզը), ռուսական առաջխաղացումը դանդաղել է։ 2023-ի հունվարին նրանց հաջողվել է գրավել Սոլեդարը՝ փոքրիկ քաղաք Դոնեցկի մարզում։ Այժմ փորձում են վերցնել նաև Բախմուտը։ Նույնիսկ եթե ռուսներին հաջողվի գրավել քաղաքը, Դոնեցկի մարզի համար կռիվը շարունակվելու է։
Հակահարձակում
Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայում խոսում են լայնածավալ հակահարձակման նախապատրաստության մասին։ Առավոտյան
Ուկրաինայի նախագահն այսօր հայտարարել էր, որ հակագրոհը առ այժմ կհետաձգվի․ «Մեզ մի քիչ էլ է ժամանակ պետք»։
Մինչ այդ ռուսական պրոպագանդիստական ալիքները հայտարարում են, որ ուկրաինական հակագրոհն արդեն սկսվել է։
Տանկերը Խարկովի մոտով շարժվում են դեպի Ռուսաստանի սահման՝ գրել է «Կոմսոմոլսկայա պրավդայի» ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը, ըստ որի ուկրաինացիների «նպատակը Սվատովի սահմանին ռուսական զորքերը շարժելն ու Ատեմովսկի թևն առաջ բրդելն է՝ Լուգանսկի պաշտպանությունը քանդելու համար»։
Եվգենի Պոդդուբնին հայտարարել է, որ Կիևը սկսել է շրջափակել Արտեմովսկի ուղղությամբ տեղակայված ռուսական ուժերը։
Ըստ Սեմյոն Պեգովի, Մայորսկի մոտ (Դոնեցկի մարզ) ուկրաինական բանակը անցել է գրոհի, առավոտից այնտեղ ակտիվ մարտեր են։
Կիևը այս տեղեկությունները չի հաստատել։
միջհրամանատարական վեճեր, աննշան առաջհաղացում
Բախմուտի ուղղությամբ ուկրաինական զորքերը անցել են տեղային հակահարձակման և վերահսկողություն են սահմանել ռազմաճակատի որոշ հատվածների նկատմամբ՝ օրերս հայտարարել է Ուկրաինայի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հաղորդել է։
Սիրսկին, ըստ էության, անուղղակիորեն հաստատել է նաև ռուսական «Վագներ» մասնավոր բանակի սեփականատեր, մերձկրեմլյան օլիգարխ Եվգենի Պրիգոժինի հայտարարությունը, թե «ռուսական ստորաբաժանումներից մեկը թողել է դիրքերը և փախուստի դիմել»։
Ամերիկյան ISW-ը (Պատերազմի ուսումնասիրության ինտիտուտ) ավելի ուշ հաստատել է՝ մայիսի 9-ին ուկրաինական բանակն այստեղ աննշան առաջխաղացում է գրանցել։
Արդեն սպառված ռուսական ուժերին Բախմուտից դուրս բերելու հետ կապված խնդիրները, սպառազինության պակասը և ռուսական ստորաբաժանումների հրամանատարությունների միջև հրապարակային կոնֆլիկտները, ըստ ISW-ի, թուլացրել են Մոսկվայի դիրքերը։ Ուկրաինական տեղային հակահարձակումները կշարունակվեն։
«Շոյգո՛ւ, Գերասիմո՛վ, այ բոզեր, ո՞ւր է սպառազինությունը»
Բախմուտի մոտ 85 տոկոսը վերահսկվում է «Վագներ» մասնավոր բանակի վարձկանների կողմից։
Մայիսի 5-ին «Վագների» սեփականատեր, Պուտինի մերձավոր օլիգարխ Եվգենի Պրիգոժինը՝ սեփական բանակի վարձկանների թարմ դիակների ֆոնին կանգնած, վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։
«Այս տղաներն այսօր են զոհվել, արյունը դեռ թարմ է, – հայտարարել է պիտերցի բիզնեսմենը՝ լապտերն ուղղելով մոտ 20 արյունոտ դիակների վրա․ – Սրանք ինչ-որ մեկի հայրերը, ինչ-որ մեկի որդիներն են։ Էտ մուդակները, որոնք մենզ սպառազինություն չեն տալիս․․․ Բոզե՛ր, դժոխքում դուք նրանց փորոտիքներն եք լափելու»։
Ըստ Պրիգոժինի՝ «Վագները» գործում է «արկային սովի» պայմաններում, սպառազինության պակասը մոտ 70 տոկոս է կազմում, ինչի պատճառով ընկերությունը մոտ 5 անգամ ավել զոհեր է տալիս։ Պրիգոժինը դիմել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին և ԳՇ պետին․ «Շոյգո՛ւ, Գերասիմո՛վ, ո՞ւր են ռազմամթերքը։ Նրա՛նց նայեք, բոզեր»։
Նույն օրը հրապարակված հաջորդ տեսանյութում Պրիգոժինը հայտարարել է, թե մայիսի 10-ին «Վագների» վարձկանները լքելու են Բախմուտը և հետ քաշվելու «թիկունքային ճամբարներ»։
Պրիգոժինը ցույց է տալիս իր վարձկանների դիակները, սրքինշոթ տեսաուղերձից
«Արկային սովի» մասին պետերբուրգցի բիզնեսմենը առաջին անգամ խոսել է փետրվարին, ամբողջ գարուն ռուսական համացանցում ՎագներինԱրկերՏվեք հեշթեգով մեդիաարշավ էր ընթանում։ Դատելով վերջին հայտարարություններից՝ մեդիարշավն արդյունք չի տվել, վերջին ամիսներին իրավիճակը միայն վատթարացել է։
Պրիգոժինը հրապարակել է նաև «վագներյան» վարձկանների՝ Ուկրաինայի պատերազմին ներգրավվելու ժամանակագրությունը։
Ըստ նրա, իրեն առաջին անգամ դիմել են 2022-ի նոյեմբերին, ասել են, որ ուկրաինական «հատուկ ռազմական օպերացիան» չի ընթանում ըստ պլանի և օգնություն է պետք։ Անցյալ տարվա մարտին «Վագների» վարձկանները վերադարձել են Աֆրիկայից, որտեղ մասնավոր ռազմական ծառայություններ էին մատուցում տարբեր բռնապետներին, և նոր հավաքագրված զինյալների հետ միասին գնացել Լուգանսկի մարզի Պոպասնոյ շրջան։ Արդեն մայիսի 9-ին շրջանն անցել է նրանց վերահսկողության ներքո։
Աշնանը «Վագները» տեղակայվել է արևելյան ռազմաճակատում, որպեսզի «փրկի բանակը, որը ամոթաբար փախել էր Իզյումից և Կարմիր Լիմանից»։ Արդեն հոկտեմբերի 8-ին սկսել են Բախմուտի գրավման օպերացիան, որը ռուսաստանցի օլիգարխը «Բախմուտյան մսաղաց» է անվանում։
Պրիգոժինը՝ «վագներականների» ֆոնին, սքրինշոթ տեսաուղերձից
«Մեզ նստեցրել են ռազմամթերքի արհեստական դեֆիցիտի վրա․․․ Մեր կորուստները զգալիորեն ավելին են, քան պետք է լինեին․․․ Մոտ մեկ ամիս առաջ ընդհանրապես դադարել են զենք տալ․․․ Նրանք դադարեցրել են մատակարարումները, որպեսզի թույլ չտան մեզ գրավել Բախմուտը․․․ Եթե դուք ձեր նախանձի պատճառով չեք ուզում հաղթանակ շնորհել ռուսաստանցիներին, դա ձեր պրոբլեմն է», – հայտարարել է «Վագների»՝ զգուշացնելով զորքերի դուրսբերման մասին։
Մայիսի 9-ի տեսաուղերձում Պրիգոժինը խոսել է նաև Վլադիմիր Պուտինի («պապիկ») մասին, որը այդ ժամանակ տոնական ռազմաշքերթի էր մասնակում․ «Մեր զինվորներին սպանում են։ Իսկ երջանիկ պապիկը մտածում է, որ իրեն լավ է։ Իսկ երկիրն ի՞նչ անի։ ․․․Ինչպե՞ս հաղթել պատերազմը։ Եթե հանկարծ, ես զուտ ենթադրում եմ, պարզվի, որ այդ պապիկը ծայրաստիճան մուդակ է»։
Պուտինը մայիսի 9-ի զորահանդեսին
Պրիգոժինի ներկայացրած վերջնագրի ժամկետն արդեն լրացել է։ Սպառազինություն, ըստ համացանցում հասանելի տվյալների, այդպես էլ չի մատակարարվել, սակայն «Վագների» ստորաբաժանումները մնացել են Բախմուտում։ Զորքերի դուրսբերման մասին այլևս խոսք չկա։
Պուտինի խոհարարին կալանավորներ չեն տալիս
Ռուսական մեդիադաշտում պարբերաբար վեճեր են ծագում այն մասին, թե ով է կռվում Բախմուտում։ Պրիգոժինը պնդում է, թե այնտեղ միայն «Վագների» վարձկաններն են։ Ռուսաստանի ՊՆ-ն հակադարձում է (հիմնականում՝ հաղորդագրերով), որ այնտեղ են նաև կանոնավոր բանակի որոշ ստորաբաժանումները։
Եվգենի Պրիգոժինը («Պուտինի խոհարարը») Ռուսաստանի նախագահի մերձավոր բիզնեսմեններից է։ Նրա քեթրինգային ընկերությունը՝ «Կոնկորդը», արդեն երկար տարիներ բազմամիլիարդանոց կապալներ է ստանում պետական մարմինների, դպրոցների, զորամասերի սննդամատակարարումը կազմակերպելու համար։ Պրիգոժինը հայտնի է նաև «թրոլների ֆաբրիկաներով» և սեփական բանակով։ «Վագների» զինյալները (հիմնականում՝ լյումպեն-պրոլետարներ, հանցագործներ, նախկին ուժայիններ, վետերաններ) օգտագործվում են Ուկրաինայում, Սիրիայում, Սուդանում, Լիբիայում, ԿԱՀ-ում, Մոզամբիկում, Մալիում, Բուրկինա Ֆասոյում։
տե՛ս Քաղաքացիական պատերազմի հեռանկարները Ռուսաստանում
Սեփական զորքի համար վարձկաններ հավաքագրելու գործում մինչ այս Պրիգոժինին աջակցում էին նաև իշխանությունները։ Ուկրաինա ներխուժումից հետո նրա առջև բացվել էին ռուսաստանյան գրեթե բոլոր բանտերի դռները՝ կալանավորներ մատակարարելով նրա մասնավոր բանակի համար։
Այժմ Պրիգոժինը գանգատվում է՝ բանտերից մարդ հավաքագրել այլևս չեն թողնում, դատապարտյալների զորակոչմամբ այժմ Ռուսաստանի ՊՆ-ն է զբաղվում։
զոհեր՝ զոհեր չունենալու համար
Անցած ամիսների ընթացքում Բախմուտում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Արևմտյան երկրների խոսում են ռուսական կողմից մոտ 20-30 հազար զոհերի և վիրավորների մասին։ Ուկրաինական կողմի կորուստները չեն հրապարակվում։
Երբ նայում ես ոչնչացված քաղաքի մնացորդներին, դժվար է հասկանալ՝ ինչո՞ւ են կողմերը շարունակում այսքան մարդ զոհել հանուն դրա, նախօրեին հրապարակված ռեպորտաժում գրում է ԲիԲիՍիի թղթակից Ջոնաթան Բիլը։
Ըստ նրա՝ ամայացած Բախմուտից ոչինչ չի մնացել, համատարած ավերակներ են, որոնք անդադար ռմբակոծությունների են ենթարկվում։
Ուկրաինացի զինվորները պատմում են՝ Բախմուտի պաշտպանությունը իրենց վրա շատ թանկ է նստել, շատերը զոհվել են փողոցային ծանր մարտերում, նրանց փոխարինել են անփորձ նորակոչիկները, ամենօրյա ռմբակոծությունները շարունակվում են։ Զինվորներն ասում են՝ առաջ այստեղ «վագներական» վարձկաններն էին գրոհում, այժմ նրանց փոխարինել է ՌԴ ԶՈՒ դեսանտը։ Ամեն օր մարտեր են։
«Բախմուտի իմաստը թշնամու ուժերն այստեղ պահելն է, – լրագրողին ասում է ուկրաինացի զինվորը․ – Մենք կարող էինք նահանջել, որ խնայենք մեր զինվորների կյանքերը, բայց հետո ստիպված կլինեինք հակագրոհ անել և ավելի շատ կյանքեր կորցնել»։
Մինչ այդ լրագրողը հիշեցնում է՝ Ռուսաստանը ակտիվորեն պատրաստվում է ուկրաինական հակահարձակմանը։ Արբանյակային պատկերներից երևում է, որ Ուկրաինայի հարավային օկուպացված շրջաններում ռուսները հարյուրավոր կիլոմետրերի երկայնքով պաշտպանողական գծեր են կահավորել՝ խրամատներ, հակատանկային բետոնապատ եզրաքարեր, «դրակոնի ատամներ»։ Այս գծերը հաղթահարելն ավելի բարդ է, քան փշալարերն ու ականները, որոնք պաշտպանում են ուկրաինական դիրքերը։
Շատերը ակնկալում են, որ Ուկրաինան հարձակվելու է հենց հարավային ուղղությամբ։ Ռուսաստանն արդեն իսկ սկսել է Զապորոժիեի ատոմակայանից և շրջանի բնակավայրերից մարդկանց մասնակի տարհանումը։ Բախմուտում իրավիճակը նույնն է։ Բիլը ակնարկում է՝ հավանաբար, այստեղ էլ են նոր զարգացումներ լինելու․ «Արևմտյան ռազմատեխնիկան նաև դեպի արևելք է շարժվում․ մենք տեսել ենք այդ շարասյունները»։