Home / Բանակ / Ռուսական մեկօրյա «ապստամբությունը»՝ տեսանյութերով

Ռուսական մեկօրյա «ապստամբությունը»՝ տեսանյութերով

լրացում 1 — Վագները վերադառնում է իր դաշտային ճամբարներ՝ Բելառուսի նախագահի հետ բանակցություններից հետո հայտարարել է բիզնեսմեն-հրամանատար Եվգենի Պրիգոժինը․ «Մեզ ուզում էին լուծարել։ Հունիսի 23-ին մենք դուրս եկանք արդարության երթի։ ․․․Այս ընթացքում մենք մեր զինյալների արյունից մեկ կաթիլ անգամ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ արյունը կարող է թափվել։ Գիտակցելով պատասխանատվությունը, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք հետ ենք շրջում մեր շարասյունները և շարժվում, ըստ պլանի, հակառակ ուղղությամբ՝ դեպի մեր դաշտային ճամբարներ»: 
___

Ռուսաստանում զինված ապստամբություն էր։ Կրեմլամերձ օլիգարխ Եվգենի Պրիգոժինի մասնավոր բանակը լքել էր ուկրաինական դիրքերը և վերադարձել Ռուսաստան՝ կանոնավոր բանակի հրամանատարներին գահընկեց անելու։ Մեկ գիշերվա ընթացքում գրավել են Դոնի Ռոստովը, որը ուկրաինական «օպերացիայի» հրամանատարական կետն էր համարվում։ Վագների վարձկանները շարժվում էին դեպի Մոսկվա՝ Վորոնեժն անցել էին, հասնում էին Լիպեցկի ծայրամասերին։ Տարբեր տեղերում «օպերատիվ մարտեր» էին։ Պուտինը «դավաճաններին» առաջարկել էր կանգ առնել։ Առաջարկը իսկույն մերժվել էր։

Epress.am-ը հավաքել է ռուսական մեկօրյա «ապստամբության» հիշվող տեսանյութերը․

1. Զինված ապստամբությանն ընդառաջ բիզնեսմեն-հրամանատարը հայտարարել էր՝ իրականում Ուկրաինան և ՆԱՏՕ-ն Ռուսաստանի վրա հարձակվելու պլաններ չեն ունեցել, Պուտինին խաբել են գեներալներն ու օլիգարխները, ռազմական օպերացիան անիմաստ էր, և այն տապալվել է։

https://youtu.be/PtBcCjqIp6g

2. Ռոստովի Դոնում Պրիգոժինը հանդիպել էր Ռուսաստանի պաշտապնության նախարարի տեղակալ, Ինգուշեթիայի նախկին նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովի (Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի քննադատներից էր) և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Վլադիմիր Ալեքսևի հետ։ 

Ռոստովը, որը ուկրաինական պատերազմից հետո վերածվել էր ռազմաբժշկական հաբի, արդեն նրա վարձկանների վերահսկողության տակ էր։ Բանակցությունների եկած գեներալներից համար մեկ վագներականը պահանջում էր իրեն «դուք»-ով դիմել։

Չնայած առաջադրված ծանր մեղադրանքներին՝ ոչ ոք չէր փորձում նրան ձերբակալել։

3. Պաշարված և Վագների զինյալների կողմից փաստացի գրավված Ռոստովում տանկը․․․ լռվել էր կրկեսի դարպասներում․

4. Վարձկանները հսկում էին Ռոստովի փողոցները․

Ռոստովյան ասֆալտներին ավտոմատավորված մարդիկ էին պառկած․

Կուբանցի ոստիկանները ողջունում էին ապստամբներին․

5․ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով դիմում էր սիրելի հայերնակիցներին և դավաճաններին, հիշում 1917 թվականը, առաջարկում կանգ առնել և ընդունում, որ Ռոստովը գրավված է։ 

6․ Վորոնեժի մարզում «օպերատիվ մարտեր» էին․

7․ Կադիրովցիները շարժվում էին դեպի Ռոստով․

8․ Վագները հայտարարում էր, թե խոցել է կանոնավոր բանակի ուղղաթիռներից առնվազն երեքը։ Համացանցում որոշ վիդեոներ էին հայտնվել։ Fighterbomber տելեգրամ-ալիքը, որը, իբր, նախկին օդաչու է վարում, պնդել է, թե ընդհանուր առմամբ վագներականները խոցել են ԶՈՒ 6 ուղղաթիռ (3 Ми-8мтпр, 1 Ми-8, 1 Ка-52 և 1 Ми-35) և մեկ օդանավ (Ил-18).

9․ Չնայած «Դոն մայրուղին շրջափակված էր», ապստամբները հասել էին Վորոնեժ, անցել Վորոնեժը և, ըստ վերջին տվյալների, հասել Լիպեցկի մարզ։ Մոսկվան 400 կմ-ի վրա էր։ Եվ ահա՝ դաշնային էսկավատորները փորում էին մայրուղին, որպեսզի մասնավոր բանակի զինյալները չկարողանան այնտեղով անցնել։

Մայրուղու մյուս հատվածներում Վագների շարասյունը «խոչընդտոները» հաղթահարում էր մոտավորապես այսպես։

Մոսկվայում, մինչ այդ, նախատրաստվում էին՝ ռազմական տեխնիկա էին բերում, դաշտային ռազմաճաշարաններ կառուցում․․․ Քաղաքապետը երկուշաբթին հայտարարում էր ոչ աշխատանքային։

լրացված — Պրիգոժինը, նրա տանկերն ու ռազմիկները լքում են Ռոստովը, հրապարակում հավաքվածները նրանց ճանապարհում են ծափահարություններով։ Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքում գործարք է կնքվել՝ վագներականները վերադառնում են ելման դիրքրեր, Պրիգոժինը հեռանում է Բելառուս, դրա դիմաց նրանք բոլորը ազատվում են քրեական պատասխանատվությունից։

____________________________________

քաղաքագետ Աբբաս Գալյամով — Հունիսի 23-ի առավոտյան Պրիգոժինը հայտարարեց՝ Ռուսաստանը պատերազմ սկսելու հիմքեր չուներ։ Պատերազմի ամբողջ տրամաբանությունը, ամբողջ գաղափարախոսությունը բխում էր մեկ-միակ թեզից՝ եթե մենք չսկսեինք, կսկսեին իրենք։ Այժմ Պրիգոժինը հայտարարում է՝ ոչ Ուկրաինան, ոչ էլ ՆԱՏՕ-ն որևէ բան սկսելու պլաններ չունեին։

Սա օրիգինալ միտք չէ, իհարկե։ Մինչ այս նույնը ասել են նաև Նավալին, Գուդկովը, Խոդորկովսկին, ընդդիմադիրների զանգվածները։ Բայց նրանց դեմ մեկ-միասնական պաշտպանական գիծ էր կառուցվել՝ իրենք Ռուսաստանի թշնամիներն են ու դավաճանները։ Երբ նույն բանը էլիտաներին ասում է «մեծն ռուս հայրենասեր» Պրիգոժինը, սա արդեն թիկունքից հարված է, որը շրջանցում է բոլոր պաշտպանական գծերը։

Պրիգոժինի դեմ պաշտպանություն չկա՛։ Իշխանությունները չեն կարող միանգամից մի կողմ դնել նրա ասածները։ Չեն կարող ասել՝ նա թշնամի է, նրա խոսքերը կարևոր չեն։ Հենց նոր իրե՛նք էին նրան Ռուսաստանի հերոս հռչակել, իրե՛նք էին նրան շնորհավորում Բախմուտը գրավելու կապակցությամբ։ Սա՛ է ամբողջ սենսացիան։

․․․Բայց համակարգը գնալով ավելի անարդյունավետ է դառնում։ ․․․Ամեն վայրկյան քաղաքական կշեռքի վրա էին դրվում ռիսկերը, որ կապված են Պրիգոժինի հետ, և ռազմական նվաճումները, որոնք պայմանավորված էին Պրիգոժինով։ Նժարը, որի վրա ռազմական նշանակությունն էր, համակարգի համար նրա կարևորությունը, ամեն անգամ ավելի ծանր էր թվում։ Ի վերջո՝ նա արդյունքների էր հասել, Բախմուտն էր գրավել։ Պաշտպանության նախարարության, բանակի անմեղսունակության ֆոնին Պրիգոժինը ուղղակի գտածո էր Պուտինի համար։ Սրա հետ ստիպված էին հաշվի նստել։ Նրանց գցում-բռնում էին։ Տեսնում էին ռիսկերը՝ շատ է խոսում, կոնֆլիկտային է, իրեն շատ բան է թույլ տալիս։ Բայց օգուտն ավելի շատ էր, հետևաբար՝ դիմանում էին։ Հավասարակշռությունը խախտվեց։ Ըստ ամենայնի՝ համակարգը որոշեց, որ Պրիգոժինն ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան նվաճումներ ապահովում։ [Վերջին կաթիլը նրա հայտարարությունները չէին]: Ինձ թվում է՝ հակառակը: Նա այդ հայտարարություններն արեց, որովհետև գիտեր, որ որոշումն արդեն կայացված է։

Քաղաքագետ Իլյա Մատվեև․ — Ամիսներ շարունակ արևմտյան լրատվամիջոցներից ինձ հարցնում էին՝ արդյո՞ք Պուտինը կարող է գրավել Կրեմլը, արդյո՞ք նա սպառնում է Պուտինին։ Ես միշտ պատասխանում է, որ դա անհեթեթություն է։ Պրիգոժինին ստեղծել է Պուտինը՝ բառացիորեն ոչնչից, և առհասարակ՝ ռուսաստանյան էլիտան 20+ տարիների ընթացքում զրկվել է ինքն իրեն առանց Պուտինի պատկերացնելու կարողությունից։ Ասում էի՝ Պրիգոժինի հորիզոնը Շոյգուին փոխարինելը, նոր պաշտպանության նախարար դառնալն է, առհասարակ արևադեմին մոտենալը։ Այնուամենայնիվ, Պրիգոժինն հիմա գնացել է անմոռացության և 1) կարողացել իր արկածախնդրության մեջ ներքաշել Վագների զինյալներին՝ ֆանտաստիկ է, բայց փաստ 2) նրա ապստամբությանն ի պատասխան ․․․ ոչ մեկ չի ուզում և պատրաստ չէ կրակել։ Պուտինը «հրամաններ է տվել բոլոր գերատեսչություններին», բայց Ռոստովում ուժայինները զրուցում են Պրիգոժինի հետ, ոչ թե կալանավորում նրան։ Գերատեսչությունները չեն կատարում հրամանը՞։ Ի՞նչ է՝ Պրիգոժինն արդեն հաղթե՞լ է։ Ի՜նչ անհեթեթությունից, ի՜նչ աղբից է ծնվում նոր փետրվարի 17-ը:

ֆեյբուքյան օգտատերեր․ —  Մեջբերենք Մարքսին, որը մեջբերում էր Հեգելին․ «․․․պատմությունը կրկնվում է՝ առաջին անգամ ողբերգության, երկրորդ անգամ՝ կատակերգության տեսքով»։

* Նյութի հրապարակումից հետո հայտարարվեց, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել Եվգենի Պրիգոժինի հետ․ «Այս պահին կա «Վագների» հետ իրավիճակի հանգուցալուծման ընդունելի տարբերակի նախագիծ՝ նրա մարտիկների անվտանգության երաշխիքների ապահովմամբ», – հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։ Պրիգոժինը սա ըստ էության հաստատել է։ «Ապստամբությունը» հայտարարվել է ավարտված։