Քննչական կոմիտեն պարզել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում տեղի ունեցած սպանությունների հանգամանքները։
2022-ի ապրիլի 21-ի գիշերը գյուղի 45-ամյա բնակիչը գնդակահարել է իր կնոջ ծնողներին։ Ըստ քննիչների, նա փորձել է սպանել նաև կնոջ եղբորը, բայց վերջինս թաքնվել է Գազելի հետևում և ողջ մնացել։
Քննությունը հիմնավորվել է, որ «45-ամյա հիշյալ տղամարդը, իմանալով, որ կնոջ եղբայրը՝ նույն գյուղի 41-ամյա բնակիչը, իր հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, ապրիլի 21-ին՝ ժամը 23:30-ից 00:00-ի սահմաններում, իր ավտոմեքենայով գնացել է կնոջ ծնողների տան մոտ։ Կնոջ հայրը դուրս է եկել, վիճաբանել նրա հետ, հայհոյանքներ հնչեցրել, ձեռքով ու քարերով հարվածել վերջինիս ավտոմեքենային: Լսելով վիճաբանության ձայները՝ տանից դուրս են եկել նաև 45-ամյա տղամարդու կնոջ մայրն ու եղբայրը»:
45-ամյա տղամարդը, ըստ Քննչական կոմիտեի, գնացել է իր ավտոմեքենայի մոտ, մեքենայի ներսում լիցքավորել «իր հետ վերցրած, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի, 12 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը» և 5 կրակոց է արձակել՝ սկզբից կնոջ հոր, այնուհետև մոր և եղբոր ուղղությամբ։
Կնոջ հայրը տեղում մահացել է։ Մայրը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը՝ ժամը 04:10-ի սահմաններում, մահացել է։ «Կնոջ եղբոր սպանությունը, իր կամքից անկախ հանգամանքներով, չի իրագործվել, քանի որ վերջինս գտնվել է տան դարպասների դիմաց կայանած «Գազել» ավտոմեքենայի հետնամասում և ստացել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ»:
45-ամյա տղամարդուն, որը անցյալ տարվա ապրիլից կալանավորված է, վերջնական մեղադրանք է ներկայացվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ: