Իսրայելի ոստիկանությունը վաղ առավոտյան Երուսաղեմի Ալ-Ակսա մզկիթի տարածքում ռեյդ է արել, ծեծել և ձերբակալել են մահմեդական հավատացյալներին: Շուրջ 14 անձ վիրավորվել է, նրանցից առնվազն 3-ը հոսպիտալացած են։
Տարբեր տվյալներով, ռեյդի ժամանակ 350-ից 500 մարդ է ձերբակալվել։
https://twitter.com/theIMEU/status/1643390120094212097?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1643390120094212097%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=
Ոստիկանական հարձակումից հետո պաղեստինյան Գազայից Իսրայելի վրա 9 հրթիռ է արձակվել։ Հրթիռներից 4-ն ընկել է բաց տարածություններում, 5-ը՝ վնասազերծվել իսրայելական «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության կողմից։ Հրթիռներից մեկը, ըստ The Jerusalem Post-ի, ընկել է Իսրայելի հարավային Սդերոտ քաղաքի արդյունաբերական գոտում՝ գործարանի վրա։ Ըստ նույն աղբյուրի, Գազայից ոչ թե 9-ը, այլ 10 հրթիռ է արձակվել։ Պաղեստինյան իշխանությունները հրթիռակոծությունը չեն հաստատել։
Իսրայելն ավելի ուշ օդային հարվածներով թիրախավորել է Գազայի արևմուտքը և Նուսեիրաթի փախստականների ճամբարը՝ դեպքի վայրից հաղորդել է Al Jazeera գործակալության թղթակիցը։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն դեռ չկա։ Արևմտյան ափին իրավիճակը լարված է։
Գազան վերահսկող՝ պաղեստինական «Համաս»-ը հանցագործություն է որակել ոստիկանական ռեյդը և կոչ արել Արևմտյան ափի պաղեստինցիներին միասնականորեն գնալ Ալ-Ակսա՝ մզկիթը պաշտպանելու:
Քար, փայտ ու հրավառություն ունեին
Իսրայելի ոստիկանությունը արդարացել է, թե ուժայինները մզկիթ են մտել, քանի որ այնտեղ բարիկադավորվել էին «դիմակավորված մարդիկ», որոնք իբր անկարգություններ էին նախատրաստում։
Այդ մարդիկ, ըստ Իսրայելի ոստիկանության, քարեր, փայտեր և հրավառության նյութեր ունեին, որոնք կիրառել են նաև մզկիթ ներխուժած ուժայինների դեմ։ Ոստիկաններից մեկի ոտքը վիրավորվել է՝ նշվում է հայտարարության մեջ։
Ոստիկանները հրազեններով և մահակներով հարձակվել են մզկիթում գտնվող մարդկանց վրա, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառել՝ հաղորդել է պաղեստինյան Կարմիր մահիկի կազմակերպությունը։
Կազմակերպությունը հավելել է՝ իսրայելցիները չեն թողել բժիշկներին մզկիթի տարածք մտնել և օգնություն ցուցաբերել վիրավորներին։
«Ես աթոռին նստած կարդում էի [Ղուրանը]։ Նրանք լուսաձայնային նռնակներ շպրտեցին ներս, դրանցից մեկը կպավ կրծքավանդակիս», – Reuters-ին պատմել է մզկիթի մոտ նստած կանանցից մեկը։
Կրոնական կռվախնձոր
Ալ-Ակսա մզկիթը, որը մահմեդականների համար երրորդ ամենակարևոր սրբավայրն է, գտնվում է հուդայականների սրբավայրը համարվող «Տաճարի լեռան» հարավում։
Այն բազմիցս հակամարտությունների և մահաբեր կռիվների պատճառ է դարձել (վերջին անգամ՝ 2021-ին)։ Ռամադանի և Փեսախի (հրեական Զատիկ) համընկնումը և ուխտավորների անսովոր մեծ հոսքը սրել է իրավիճակը։
Պաղեստինցիների համար Ալ-Ակսան այն սակավաթիվ ազգային խորհրդանիշներից է, որի նկատմամբ նրանք գոնե ինչ-որ չափով վերահսկողություն են պահպանում։
Ռամադանի ընթացքում մահմեդականներից շատերը գիշերում են մզկիթներում։ Իսրայելի ոստիկանությունը այսօր հայտարարել է, թե Ալ-Ակսայի վարչության հետ նախապես համաձայնեցվել է, որ Ռամադանի այս ամսվա ընթացքում ոչ ոք չպետք է գիշերի մզկիթում։
Մահմեդական պաղեստինցիները վախենում են, որ իսրայելական ուլտրաաջական շարժումները կփորձեն ոչնչացնել Ալ-Ակսայի մահմեդական կառույցները։ Նրանք հիշեցնում են Հեբրոնում Իբրահիմի մզկիթի նկատմամաբ 1967 թվականի հրեաների ոտնձգությունների մասին․ մզկիթի կեսը այն ժամանակ հրեական աղոթարանի վերածեցին։
Ապրիլի 5-ին լուրեր էին տարածվում, որ հրեա այցելուները փորձելու են մզկիթի տարածքում գառ զոհաբերել՝ խախտելով կրոնական (առանց այդ էլ փխրուն) ստատուս քվոն։
Իսրայելի և Պաղեստինի միջև ձեռք բերված փոխզիջման համաձայն՝ ոչ-մահմեդականները կարող են այցելել սրբավայր, բայց չեն կարող այնտեղ աղոթել․ պայմանավորվածությունները փոխելու ցանկացած փորձ կարող է բռնության կայծ առաջացնել։
Իսրայելը պնդում է, որ հավատարիմ է այս պայմանավորվածություններին։ Այնուամենայնիվ՝ վերջին տարիներին հրեա ուխտագնացները ավելի ու ավելի հաճախ են աղոթում տարածքում՝ հաճախ ոստիկանների պաշտպանության ներքո, ինչը պաղեստինցիների կողմից ընկալվում է որպես բացահայտ սադրանք։
Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Թուրքիայի և Հորդանանի իշխանությունները պաշտոնապես դատապարտել են Ալ-Ակսայում Իսրայելի գործողությունները և կոչ արել դադարեցնել սադրանքներն ու հարձակումները, որոնք կարող են էսկալացնել իրավիճակը։
Իրավապաշտպանների տվյալներով, բռնազավթված արևելյան Երուսաղեմում և Արևմտյան ափին 2023 տարեսկիզբը ամենաարյունալին է վերջին 20 տարիների ընթացքում։ Տարվա սկզբից Արևելյան ափին առնվազն 88 պաղեստինցիներ և 16 իսրայելցիներ են սպանվել։