Home / Բանակ / Իսրայելի ուժայինները կրկին ահաբեկում են պաղեստինցիներին

Իսրայելի ուժայինները կրկին ահաբեկում են պաղեստինցիներին

Իսրայելի ոստիկանությունը հերթական ռեյդն է իրականացրել պաղեստինցիների և մուսուլման աշխարհի համար 3-րդ ամենակարևոր սրբավայրում՝ բռնազավթված Երուսաղեմի Տաճարաց լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում։ Վիրավորվել է շուրջ 150 մարդ։ Առնվազն 300 մարդ բերման է ենթարկվել։ Ոստիկանները, ըստ որոշ ականատեսների, անխտրական բռնություն են կիրառել մզկիթում աղոթելու համար հավաքված մարդկանց, ինչպես նաև անգամ բուժաշխատողների նկատմամբ, ում մուտքը մզկիթ նրանք փորձել են խափանել։ Սրբատեղիում կիրառվել է նաև արցունքաբեր գազ։ 

Իսրայելի ոստիկանությունը պնդում է, թե մուտք է գործել տաճար ցրելու «բռնի ամբոխը» այն բանից հետո, երբ մզկիթում գտնվող պաեստինցիների մի խումբ քարեր է նետել հրեական աղոթատեղիի ուղղությամբ։ Ըստ ուժայինների՝ ձերբակալվել է շուրջ 300 մարդ, պաղեստինյան աղբյուրները խոսում են 400 մարդու ձերբակալման մասին։

Ըստ տեղում աշխատող լրագրողների, հրեական պետության ոստիկանները ծեծի են ենթարկել թե մզկիթի աշխատողներին, մուսուլման հավատացյալներին, ծերերին ու երիտասրարդներին։ Ոստիկանները նաև փորձել են խափանել բուժանձնակազմի մուտքը մզկիթ, ինչի պատճառով այնտեղ փակված են մնացել մի շարք վիրավորված մարդիկ։ Ալ-Աքսայի անվտանգության աշխատակիցներից մեկի աչքին ուժայինները կրակել են ռետինե փամփուշտներով։ Բռնության են ենթարկվել անգամ լրագրողներն ու բուժաշխատողները։ Ստորև տեղադրված տեսանյութում երևում է՝ ինչպես են իսրայելցի ոստիկանները հետապնդում և ծեծի ենթարկում տեղում աշխատող լրագրողներից մեկին։

https://twitter.com/m7mdkurd/status/1514979456347222018

Al Jazeera-ի թղթակից Նաջվան Ալ-Սամրիի խոսքով՝ էսկալացիայի պատճառներից մեկը ծայրահեղ աջ հրեական խմբերը կոչն է եղել ներխուժել Ալ-Աքսա մզկիթի համալիր Փեսախի (հրեական Զատիկ) ժամանակ և կենդանիների զոհաբերություններ մատուցել նրա բակերում, ինչը չի եղել հին ժամանակներից ի վեր:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի գրասենյակը, որի նստավայրը գտնվում է Հորդանան գերի՝ Իսրայելի կողմից բռնազավթված արևմտյան ափին, հրեական պետության գործողությունները որակել է որպես «վտանգավոր զարգացում» և «պատերազմի հայտարարություն»։

Կառույցն ընդգծել է, որ թույլ չի տա հրեա նորաբնակներին զավթել Ալ-Աքսայի տարածքը և կոչ է արել միջազգային հանրությանը վերջ դնել իսրայելական ագրեսիային։ Իսրայելի կողմից պաշարված Գազայի հատվածը ղեկավարող «ՀԱՄԱՍ» զինյալ խմբավորումը հայտարարել է, որ պաղեստինցի ժողովուրդը «ամեն գնով» կպաշտպանի սրբատեղին և կոչ արել Արևմտյան Ափին և Գազայում ապրող ժողովրդին միավորվել հանուն մզկիթի փրկության։

Ինչ վերաբերում է Իսրայելի ղեկավարությանը՝ երկրի վարչապետ Նաֆթալի Բենեթի խոսնակ Օֆիր Գենդելմանը, ասել է, որ Իսրայելը թույլ չի տա «խռովարարներին» խոչընդոտել աղոթքին Երուսաղեմում և խաթարել հասարակական կարգը:

Գենդելմանը մեղադրել է «պաղեստինցի ավազակներին»՝ առանց պատճառի քարեր նետելու մեծ՝ նպատակ ունենալով բորբոքել իրավիճակը Ալ-Աքսա մզկիթում։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը փորձում է «հանդարտեցնել» իրավիճակը։

https://twitter.com/AJEnglish/status/1514889458990071812

Հինգշաբթի օրը, հիշեցնենք, պաղեստինցի մի տղամարդ մտել էր Թել Ավիվի մարդաշատ փողոցներից մեկում գտնվող փաբ և անկանոն կրակել՝ սպանելով երկու հոգու և ծանր վիրավորելով ևս 10-ին: Ընդհանուր առմամբ, Իսրայելում վերջին երկու շաբաթվա ընթացքում 21 պաղեստինցի է զոհվել՝ փողոցային հարձակումների և իսրայելա-պաղեստինյան փողոցային բախումների հետևանքով։

Անցյալ տարվա գարնանը Իսրայելը լայնամասշտաբ հարձակում էր սկսել պաղեստինցիների նկատմամբ թե Արևմտյան ափին, թե Գազայի հատվածում։ 11 օր տևած փոխհրթիռակոծությունների և բախումների արդյունքում  Արևմտյան ափին և Գազայում զոհվել է շուրջ 280 պաղեստինցի և շուրջ 20 իսրայելցի։  Իսրայելա-պաղեստինյան «գարնանային» բախումների մասին ավելի մանրամասն՝ այստեղայստեղ և այստեղ։

Չնայած Արևելյան Երուսաղեմն ու Հորդանան գետի Արևմտյան ափը դե յուրե չեն կազմում Իսրայելի Պետության մաս և Գազայի հատվածի հետ միասին նախատեսվել են որպես Պաղեստինի պետություն, դրանք, գրեթե ամբողջությամբ բռնազավթված է հրեական պետության զինված ուժերի կողմից։ Իսրայելցի զինվորները ղեկավարում են ելումուտը Պաղեստինի տարածքով, իսկ Գազայի հատվածը, թեև իսրայելական օկուպացիայի չի ենթարկվել, տարիներ շարունակ գտնվում է օդային, ջրային և ցամաքային շրջափակման մեջ։

Թեմային ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք կարդալ Իգալ Լևինի հարցազրույցն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Իսրայել պետության քաղաքական ռեժիմը և ինչի են հանգեցնում օկուպացիան ու ապարտեիդը։