Իսրայելը 12 տարի ղեկավարած Բենիամին Նեթանյահուն կարող է կորցնել իշխանությունը՝ չնայած այս տարվա մարտի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած Likud կուսակցության հաղթանակին։ Նեթանյահուի կուսակցության ստացած մանդատները բավարար չեն եղել երկրի խորհրդարանում՝ Քնեսեթում մեծամասնություն ունենալու համար։ Կոալիցիա հրեական պետության ղեկավարին ևս չի հաջողվել կազմել։
Փոխարենը՝ կոալիցիա կազմելու համաձայնության են եկել ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած կենտրոնամետ Yesh Atid կուսակցությունը, աջական Yamina-ն, և, պատմության մեջ առաջին անգամ, արաբական Raam-ը։ Մինչ այս արաբական որևէ կուսակցություն Իսրայելի կառավարության մաս չի կազմել։ Կոալիցիոն համաձայնության մաս են կազմում ևս 5 այլ կուսակցություններ։ Թվիթերում հրապարակվել է երեք ուժերի ղեկավարների լուսանկարը՝ համաձայնագիրը ստորագրելիս։
https://twitter.com/AnshelPfeffer/status/1400177480917520394
Նոր ձևավորված կոալիցիան դեռ պետք է ստանա 120 անդամ ունեցող Քնեսեթի մեծամասնության աջակցությունը։ Թե որքան կարող է այս գործընթացը տևել՝ հստակ չէ։ Կա նաև հավանականություն, որ կոալիցիան ձախողվի, եթե անդամ կուսակցություններից մեկը որոշի դուրս գալ համաձայնություն կամ Քնեսեթն իր հավանությունը չտա։
Այնուամենայնիվ՝ Yesh Atid-ի ղեկավար Յաիր Լապիդն արդեն զանգահարել է երկրի գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ տեղեկացնելու համաձայնության մասին։
Լապիդը, սակայն, անմիջապես չի դառնա վարչապետ։ Ըստ կոալիցիոն համաձայնության՝ Իսրայելը մինչև 2023 թվականի օգոստոսը կղեկավարի աջական Yamina-ի առաջնորդ Նավթալի Բենեթը, այնուհետև իշխանությունը կփոխանցի Լապիդին։
Գործող վարչապետ Նեթանյահուն կոալիցիան անվանել է «ձախական», «վտանգավոր», «դարի կեղծիք» և կոչ արել Քնեսեթի՝ «աջական ձայներով ընտրվածներին» դեմ քվեարկել համաձայնությանը։
Հենց Իսրայելում կոալիցիայի վերաբերյալ արձագանքները ևս միանշանակ չեն։ AFP լրատվականը գրում է, որ արաբական մյուս կուսակցությունները մտադիր չեն աջակցել Բենետի կառավարությանը, քանի որ վերջինս դեմ է պաղեստինյան պետության գաղափար։ Իսկ Likud-ի ներկայացուցիչները ամոթանք են տալիս կոալիցիային համաձայնած մյուս աջականներին։
«Ձախերը տոնում են, բայց սա շատ տխուր օր է Իսրայելի Պետության համար։», – նշել է Likud-ի կարկառուն ներկայացուցիչ Միկի Զոհարը՝ հավելելով, որ կոալիցիայի մյուս աջականները «պիտի ամաչեն»։
Վարչապետից բացի Իսրայելում շուտով կփոխվի նաև Նախագահը։ Երեկ հրեական պետության 11-րդ նախագահ է ընտրվել Իցհակ Հերցոգը՝ ստանալով Քնեսեթի 87 անդամների ձայնը։ Հերցոգը նախկինում ղեկավարել է երկրի Լեյբորիստական կուսակցությունը։ Հարկ է նշել, որ Իսրայելում նախագահն ունի հիմնականում արարողակարգային պարտականություններ, մինդեռ երկրի ղեկավարման լծակների մեծամասնությունը, ինչպես և Հայաստանում, տրված են վարչապետին։