Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մտադրություն Վրաստանը չունի, բայց պատրաստ է քննարկել տնտեսական և հումանիտար հարցերում փոխգործակցության հնարավորությունները՝ ի պատասխան ռուսական կողմի հայտարարություններին՝ ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Պատճառը, ինչպես հայտնի է, Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն է, որը պաշտոնական Թբիլիսին բռնազավթում է որակում։ Ռուս-վրացական պատերազմի 13-րդ տարելիցի առթիվ երկու երկրների հարաբերությունները (նաև՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնահարցերը) կրկին միջազգային օրակարգում են։
«Արևմուտքը» կոչ է անում ապաբռնազավթել «Վրաստանի անքակտելի մասերը»
Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեծ մասը՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան օգոստոսի 4-ին կոչ են արել Ռուսաստանին չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշումը և դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքներից։
Ռուս-վրացական պատերազմի 13-րդ տարելիցին ընդառաջ ընդունված հայտարարությունը ստորագրել են նաև ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամներ Նորվեգիան, Իռլանդիան և Էստոնիան, ինչպես նաև Ալբանիան, որը ԱԽ ոչ մշտական անդամի կարգավիճակ կունենա 2022-2023 թվականներին։
Ծավալուն հայտարարությունը ստորագրած 7 երկրները ափսոսանք են հայտնել, որ Ռուսաստանը շարունակում է խախտել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, դատապարտել են բռնազավթումը և ռուսական անօրինական ռազմական ներկայությունը «Վրաստանի անքակտելի մասերի»՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայում։
Ռուսաստանի գործողությունները «միջազգային օրենքի ակնհայտ խախտում» որակելով՝ նրանք անդրադարձել են նաև Ռուսաստանի կողմից ռազմական ներկայության ուժեղացմանն ու Վրաստանի տարածքում ռազմական զորավարժություններին, նաև՝ մարդու իրավունքների խախտումներին, կամայական ձերբակալություններին, տեղացի բնակիչների առևանգումներին, ազատ տեղաշարժի սահմանափակումներին և այլն։ Կոչ է արվել անհապաղ ազատ արձակել Իրակլի Բեբուային և Վրաստանի մյուս քաղաքացիներին, որոնք պահվում են կալանքի տակ։
Վկայակոչելով Եվրադատարանի մեծ պալատի այս տարվա որոշումը՝ համահեղինակները հորդորել են նաև «անհապաղ, առանց խոչընդոտների մուտքի հնարավորության տալ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և այլ միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին»։
Մոսկվան առաջարկում է ընդունել Հարավային Կովկասի ռուսական կայունացումը
ՄԱԿ ԱԽ անդամների հայտարարությանն ի պատասխան՝ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Բիկանտովը կոչ է արել Թբիլիսիին և արևմտյան երկրներին «հրաժարվել Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստան վերաինտեգրելու անհեռանկար գծից» և առաջարկել է Թբիլիսիին իրավահավասար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն հաստատել Սուխումի և Ցխինվալի հետ։
Բիկանտովը հայտարարել է, թե Ռուսաստանը «փրկել է Հարավային Օսիայի ժողովրդին ոչնչացումից»։ Ռուս-աբխազական և ռուս-հարավօսական հարաբերությունները որակել է որպես «Հարավային Կովկասը կայունացնող գործոն»։
Ռուսաստանցի պաշտոնյան հավելել է՝ Մոսկվան պատրաստ է վերականգնել երկկողմ հարաբերությունները Թբիլիսիի հետ՝ այնքանով, որքանով պատրաստ է վրացական կողմը։
«Արևմուտքի» հայտարարությանն արձագանքնել են նաև ռուս օրենսդիրները։
«Պարզ է, որ Ռուսաստանը ճանաչումը չի չեղարկի։ Այս տեսանկյունից՝ այդ հայտարարությունները ավելի արժեքավոր չեն, քան թուղթը, որի վրա գրված են», – հայտարարել է, օրինակ, Դումայի՝ ԱՊՀ և եզրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Սենատոր Ալեքսեյ Պուշկովն էլ առաջարկել է Արևմուտքին հրաժարվել Կոսովոյի ճանաչումից․ «Հակառակ դեպքում, դա ոչ թե սկզբունքի, այլ Վրաստանի, իբրև աշխարհաքաղաքական պատվիրատուի, պաշտպանության տպավորություն է թողնում։ Չի՛ ստացվի»։
Հարավային Օսիայի նախագահն էլ ՄԱԿ ԱԽ անդամների հայտարարությունը «անհասկանալի քայլ» է որակել, որը «նպատակադրված է հաստատելու զորքերը դուրս բերելու, օկուպացված տարածքները ազատագրելու երևակայական գաղափարները»։ Նա հայտարարել է, որ Աբպազիայում և Օսիայում օկուպացիա չկա, կա պետություն, որի ստրատեգիկ դաշնակիցը եղել է, կա ու կլինի Ռուսաստանի Դաշնությունը։
Ռուսաստանը Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականի օգոստոսի 25-ին՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ավարտից հետո։ Ռուսաստանից բացի նման որոշում են ընդունել ընդամենը չորս երկիր՝ Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն և Սիրիան։ 2008 թվականի սեպտեմբերից Թբիլիսին խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, երկու երկրների միջև հյուպատոսական և առևտրատնտեսական հարաբերությունները (սահմանափակումներով հանդերձ) ամեն դեպքում պահպանվում են։