Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասում բնակվող 4 ընտանիքները, ում հրեա նորաբնակները ցանկանում են վտարել իրենց տներից, մերժել են Իսրայելի գերագույն դատարանի առաջարկած «փոխզիջումը», հաղորդում է Al Jazeera-ն։
Դատարանն առաջարկել էր, որ պաղեստինցիները շարունակեն ապրել իրենց տներում, որպես «երաշխավորված վարձակալներ», սակայն ճանաչեն հրեա նորաբնակների սեփականության իրավունքը՝ վերջիններիս «սիմվոլիկ վարձ վճարելով»։ Առաջարկով երաշխավորվում էր, որ ընտանիքների գալիք երեք սերունդները հնարավորություն կունենան ապրել այդ տներում։
Նրանց փաստաբան Սամի Էրշիդն ասել է, որ բավականաչափ արդարացի և բնակիչների իրավունքները պահպանող առաջարկ դեռևս չի հնչել, ինչի պատճառով և համաձայնության չեն եկել։ Գերագույն դատարանը, սակայն, խոստացել է ևս մեկ դատալսում անցկացնել, ինչը Էրշիդը դրական է գնահատում։
Դեռ անցյալ տարվա սեպտեմբերին հրեական պետության ստորադաս ատյանները վճռել էին, որ Արևելյան Երուսաղեմում՝ Հին Քաղաքի դարպասների հենց մոտակայքում գտնվող Շեյխ Ջարահում ու ևս երկու այլ թաղամասերում բնակվող 36 պաղեստինյան ընտանիքներ պետք է լքեն իրենց տները, քանի որ դրանք, իսրայելցի դատավորների և նորաբնակների պնդմամբ, կառուցվել են մինչև 1948 թվականի արաբ-իսրայելական պատերազմը (որի արդյունքում էլ ստեղծվեց Իսրայելի պետությունը) հրեաներին պատկանած հողերում։
Իսրայելի օրենսդրությունը հրեաներին օժտել է այդ պատերազմում կորցրած սեփականությունը վերականգնելու իրավունքով։ Նույն պատերազմում իրենց տները կորցրած և փախստական դարձած պաղեստինցիները, ըստ հրեական պետության օրենքների, չունեն ունեցվածքի վերականգնման իրավունք։
Խնդիրը կայանում է նրանում, որ պատերազմից հետո՝ 1948-1967 թվականներին, Արևելյան Երուսաղեմը գտնվել է Հորդանանի վերահսկողության տակ։ Փախստական դարձած պաղեստինցի ընտանիքները, իրենց իսկ պնդմամբ, այդ տները ստացել են Հորդանանի իշխանությունների կողմից՝ հրաժարվելով փախստականի կարգավիճակից։
1967 թվականին Իսրայելը բռնազավթեց Արևելյան Երուսաղեմը, չնայած այդ քայլը հակասում էր միջազգային իրավունքին և 1993 թվականի Օսլոյի սկզբունքներին, որոնցով Պաղեստինի պետության մաս պիտի կազմեին Գազայի հատվածը, Հորդանան գետի արևմտյան ափն ու Արևելյան Երուսաղեմը։ Վերջինս պիտի հռչակվեր Պաղեստինի մայրաքաղաք։
1972-ին արդեն մի խումբ հրեա նորաբնակներ հայտարարեցին, թե Շեյխ Ջարահում և ևս երկու թաղամասերում ապրող պաղեստինցները ներխուժել են հրեաներին պատկանող հողեր, ինչն էլ սկիզբ դրեց տասնամյակներ տևած իրավական գործընթացի, որ արդյունքում 36 պաղեստինյան ընտանիքների պարտադրեցին լքել իրենց տները։ Իրավապաշտպան խմբերի տվյալներով՝ վտարման վտանգի տակ են նաև այլ պաղեստինյան ընտանիքներ (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 1000 հոգի)։
Հիշեցնենք՝ Շեյխ Ջարահում սկսված վտարումների գործընթացը, ինչպես նաև մուսլումանական աշխարհի երրորդ գլխավոր սրբավայր Ալ-Աքսա մզկիթում աղոթելու՝ Իսրայելի ոստիկանության արգելքը հանգեցրել էր վերջիններիս և Արևելյան Երուսաղեմի պաղեստինցի բնակչության միջև մայիսի 6-ին սկիզբ առած բախումներին։
Հարկ է նշել, որ չնայած քաղաքի այդ հատվածը դե յուրե չի կազմում Իսրայելի պետության մաս, այն, ինչպես և գրեթե ողջ Արևմտյան Ափը, բռնազավթված է հրեական պետության զինված ուժերի կողմից։ Իսրայելցի զինվորները ղեկավարում են ելումուտը Պաղեստինի տարածքով, իսկ Գազայի հատվածը տարիներ շարունակ գտնվում է օդային, ջրային և ցամաքային շրջափակման մեջ։
Գազան ղեկավարող ՀԱՄԱՍ խմբավորումը, ի պատասխան Իսրայելի ոստիկանության գործողությունների, մայիսի 10-ին հրթիռակոծել էր Երուսաղեմը, ինչն էլ սկիզբ էր դրել փոխհրթիռակոծության շղթային։ 11 օր տևած փոխհրթիռակոծությունների և բախումների արդյունքում Արևմտյան ափին և Գազայում զոհվել է շուրջ 280 պաղեստինցի և շուրջ 20 իսրայելցի։ Իսրայելա-պաղեստինյան «գարնանային» բախումների մասին ավելի մանրամասն՝ այստեղ, այստեղ և այստեղ։
Տե՛ս նաև Իգալ Լևինի հարցազրույցն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Իսրայել պետության քաղաքական ռեժիմը և ինչի են հանգեցնում օկուպացիան և ապարտեիդը։