Իսրայելի միակուսակցական խորհրդարանը՝ Քնեսեթը, արդեն երրորդ անգամ անընդմեջ արտահերթ կարգով ցրվել է։ Պատգամավորների գործունեությունը դադարեցվել է դեկտեմբերի 23-ի կեսգիշերին։ 2021 թվականի մարտի 23-ին երկրում անց կկացվեն վերջին երկու տարվա ընթացքում արդեն չորրորդ խորհրդարանական ընտրությունները։
Իսրայելում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2019 թվականին․ աջական և ձախական կուսակցությունները երկու տարի անընդմեջ գրեթե հավասար ձայներ են հավաքում խորհրդարանական ընտրություններում։ 2019-ի ապրիլին և սեպտեմբերին անց կացված քվեարկությունների արդյունքում ձայների մեծ մասին արժանացած կուսակցություններին այդպես էլ չի հաջողվել կառավարություն ձևավորել։
Իսրայելի օրենսդրության համաձայն, կառավարություն ձևավորելու լիազորություն ստանում է ամենամեծ թվով քվեներ ստացած կուսակցության ղեկավարը, ով պետք է վայելի նվազագույնը 61 պատգամավորների աջակցությունը։
2020 թվականի գարնանը կայացած ընտրություններից հետո առաջատար երկու կուսակցություններին հաջողվել էր կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն ու «Կապույտ և սպիտակ» դաշինքի առաջնորդ Բենի Գանցը հերթագայությամբ ղեկավարում էին կառավարությունը։ Ներքին տարաձայնությունների պատճառով, սակայն, երկու կուսակցությունների ներկայացուցիչներին չհաջողվեց համաձայնեցնել ու ընդունել 2020 և 2021 թվականների պետական բյուջեն։ Երկու կուսակցությունների ներկայացուցիչներն այս ձախողման մեջ միմյանց են մեղադրում։