Իսրայելում Քնեսեթը կողմ քվեարկեց նոր կառավարության ձևավորմանը, որը կգլխավորեն Բենյամին Նեթանյահուն և Բենի Գանցը՝ հերթափոխով ստանձնելով վարչապետի պաշտոնը․ յուրաքանչյուրը 18 ամիս ժամկետով։ Քնեսեթի 73 պատգամավոր կողմ է քվեարկել այսպիսի կառավարությանը, 46-ը՝ դեմ։
Նախարարները կառավարության անդամի երդում են տվել։
Իսրայելում գործունակ կառավարություն չկար 2019-ի սկզբներից։
Նեթանյահուի կառավարությունը ձևավորվել է ամիսներ տևած բանակցությունների արդյունքում։ Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության և Իսրայելի բանակի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի «Կապույտ֊սպիտակ» կուսակցության մեջ կոալիցիոն համաձայնության հասնել չէր ստացվում։ Այժմ պաշտոնյաները կղեկավարեն երկիրը հերթափոխով՝ յուրաքանչյուրը մեկուկես տարի։ Իր հերթին սպասող «վարչապետը» կզբաղեցնի Պաշտպանության նախարարի պաշտոնը։
Քնեսեթի կիրակնօրյա նիստը բացեց վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա հայտարարեց, որ այս կառավարությունը ձևավորվել է Իսրայելի բնակիչների մեծամասնության ջանքերի շնորհիվ։ Նրա խոսքով, կառավարության գլխավոր առաջնահերթությունը կորոնավիրուսի դեմ պայքարը կլինի։
«Կապույտ֊սպիտակի» առաջնորդ Բենի Գանցը, ով մինչև վերջերս Նեթանյահուի գլխավոր քաղաքական հակառակորդն էր, նշել է, որ ազգային միասնության կառավարությանը միանալու որոշումը հեշտ չէր ո՛չ իր, և ո՛չ էլ Նեթանյահուի համար։ «11 տարի իշխանություն լինելուց հետո դուք որոշում եք կայացրել համակերպվել վճռի հետ, որը կայացրել են ընտրողները, և պատրաստ եք կիսել իշխանության ղեկն իմ և իմ ընկերների հետ»,- նիստի ժամանակ նշել է Գանցը։
«Կապույտ֊սպիտակի» իր նախկին գործընկերներին նա դիմել է դատապարտող խոսքերով․ «Ես ուզում էի, որ երկրում կյանքի որակի բարձրացման ուղին մենք միասին անցնեինք, բայց դուք նախընտրեցիք խզել մեր գործընկերությունն ու միությունը»։