Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման առաջնորդներից Բահա Աբու Ալ֊Աթան նոյեմբերի 12-ի գիշերը սպանվել է իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի ուղղությամբ հրթիռային հարվածի արդյունքում։ Ի պատրասխան, պաղեստինցի գրոհայինները տասնյակ հրթիռներ են գործարկել Իսրայելի, այդ թվում՝ Թել Ավիվի ուղղությամբ։ Իսրայելում զոհերի մասին տվյալներ չկան։
Իսրայելի իշխանություններն Ալ֊Աթային մեղադրում էին Գազայի հատվածի հետ սահմանային գոտու վրա հարձակումների մեջ։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն Աթային «տկտկացող ռումբ» էր անվանել։
Խմբավորման հայտարարության համաձայն, Ալ֊Աթայի տան վրա հրթիռային հարձակման արդյունքում մահացել է նաև նրա կինը, ևս երկու հոգի վիրավորվել է։
Մեկ այլ հրթիռային հարված Իսրայելն արձակել է «Իսլամական ջիհադի» առաջնորդներից մյուսի՝ Ակրամ Ալ֊Աջուրիի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող բնակավայրի ուղղությամբ։ Սիրիական լրատվամիջոցների հաղորդմամբ, հարվածի արդյունքում երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ Ալ֊Աջուրիի որդին։
Հրթիռների արձակումը խմբավորումը որակել է որպես «պատերազմի հայտարարություն» և խոստացել է վրեժխնդիր լինել։
Հարձակումներից կարճ ժամանակ անց Պաղեստինի գրոհայինները սկսել են հրթիռներ գործարկել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգին հաջողվել որսալ դրանց զգալի մասը։ Զոհերի մասին տեղեկություն չկա։ Աշկելոն քաղաքի բժշկական կենտրոնը հաղորդել է Իսրայելի հարավում թեթև վնասվածքներով հոսպիտալացված 17 քաղաքացիների մասին։
Հրթիռներից մեկը պայթել է մարդաշատ խաչմերուկում, բարեբախտաբար տուժածներ չկան։
Իսրայելական բանակն իր հերթին սկսել է հարվածներ հասցնել պաղեստինական հրթիռային սարքավորումների ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում 25֊ամյա պաղեստինցի է զոհվել, ևս երեքը վիրավորվել են, հայտնում են Գազայի իշխանությունները։
Ռազմական գործողությունների նման սրացումներն ընթանում են Իսրայելի շարունակական քաղաքական ճգնաժամի ֆոնին, երբ խորհրդարանին չի հաջողվում կառավարություն ձևավորել։ Իշխող կուսակցություններից կոալիցիա հավաքելու Նեթանյահուի անհաջող փորձերից հետո այժմ ընդդիմությունն է փորձում կոալիցիա ձևավորել։ Եվս մեկ անհաջողության դեպքում նոր ընտրություններ կանց կացվեն՝ վերջին շրջանում արդեն երրորդը։