Զուգահեռներ Հայաստանի և Իսրայելի միջև. Մտքեր Հայաստանի ներկա դիսկուրսի մասին: Այս անվանմամբ քննարկումը Ամերիկյան համալսարանում երեկ առաջացրեց ներկաներից շատերի դժգոհությունը: Դրա պատճառն այն էր, որ թեև միջոցառման ֆեյսբուքյան էջում նշված էր «ինչպե՞ս կարող է Հայաստանը հետևել Իսրայելի օրինակին տարբեր ոլորտներում» խորագիրը, քննարկումը վերածվեց Իսրայելի և նրա քաղաքականության քննադատության:
«Ես մի փոքր շփոթված եմ, քանի որ կարծում էի՝ քննարկումը լինելու է այն մասին, թե ինչպես կարող է փոքր թվով բնակչությունը լինել ուժեղ, դիմակայել ագրեսիային և ինքն էլ ագրեսիա չանի ուրիշների դեմ: Ի՞նչ պետք է անի Հայաստանն այդքան ուժեղ լինելու համար: Մենք ունե՞նք հնարավորություն չլինել ուժեղ: Ոչ: Այդպիսի այլընտրանք չկա: Բայց մենք հիմա չենք քննարկում, թե ինչպես Հայաստանը կարող է դառնալ ուժեղ, թե ինչ կարող ենք Իսրայելից սովորել», – ասաց ներկաներից մեկը:
Մյուսը դժգոհեց, թե քննարկումն ավելի շատ պաղեստինցիների խնդիրների մասին էր:
Դժգոհության հրահրողը քննարկման երկու ամերիկահայ մասնակիցներն էին՝ փիլիսոփա Մարգար Մելքոնյանը և գրող Նենսի Գրիգորյանը, ովքեր երևանյան մասնակիցներին միացել էին սկայպով ԱՄՆ-ից: Նրանք կասկածեցին, թե նախ Հայաստանն ու Իսրայելը և հայերին ու հրեաներին համեմատելը միշտ միակ հնարավոր համեմատությունն է: Օրինակ՝ հայերը կարող են նաև իրենց համեմատել պաղեստինցիների հետ՝ ճնշումների ենթարկվելու, դրանց դիմադրելու, գաղթելու առումով: Ավելին՝ երկրորդ Իսրայելը դառնալ փորձելը ոչ միայն անհնար է Հայաստանի համար, այլև, եթե հնարավոր լիներ, կործանարար կլիներ նման աղքատացած երկրի համար:
Մարգար Մելքոնյանն ասաց, որ Իսրայելն ավելի շատ կարելի է համեմատել և նմանեցնել նախկին ապարտեիդական Հարավային Աֆրիկային, քան Հայաստանին: Նման են ոչ միայն գաղափարապես, այլև նրանով, որ իրենց տարածաշրջաններում դարձել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի փոխնակներ: Իսրայելը հիմնականում բնակեցված է վերջերս այդտեղ եկած մարդկանցով և նրանց ժառանգներով, որոնք որոշ արտոնություններ և իրավունքներ ունեն պաղեստինցիների համեմատ, ում անմիջական նախնիները ապրում էին այդ հողի վրա մինչ վերաբնակողների գալը:
Նրա կարծիքով՝ ազգային պատկանելիության, դասակարգի և ուժի համադրությունը և Իսրայելում, և Հարավային Աֆրիկայում գերակայություն է տվել բնակչության մի մասին՝ գրավված և շահագործվող, գաղութացումից առաջ այդտեղ ապրող բնաչկության հանդեպ: Վերը նշված հատկանիշների հիման վրա ընդհանրությունները, ըստ Մելքոնյանի, երկրում ներքին համախմբվածություն են ստեղծում և դրանով է պայմանավորված նաև, օրինակ, Իսրայելի բնակչության «ռազմական ոգին» և բանակի ժողովրդականություն վայելելը:
«Սա շատ տարբեր է Հայաստանից, որտեղ հայ պլուտոկրատները, հարուստ ղեկավարները իշխում են Հայաստանի բնակչությանը, իսկ հայաստանցի կապիտալիստները շահագործում են աշխատավորներին: Ճիշտ է՝ Հայաստանը ստաբիլ է, այսինքն՝ անընդհատ հեղափոխական ցնցումների մեջ չէ, ինչպես օրինակ, Ուկրաինան, բայց Հայաստանը հանգիստ է՝ հետխորհրդային երկրների հետ համեմատ։ Իսրայելի համեմատ՝ այն հանգիստ չէ: Երևանը և Բաքուն հիանում են Իսրայելի ստաբիլությամբ, բայց չեն հասկանում, որ այդ ստաբիլությունը ինստիտուցիոնալացված ապարտեիդի արդյունքն է», – փաստել է Մելքոնյանը:
Նենսի Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը նման չէ Իսրայելին, իսկ հայկական սփյուռքը իսրայելականին, և դա միայն լավ է: Իր խոսքով՝ հարցը իսրայելամետ կամ պաղեստինամետ լինելը չէ, այլ խնդրի լուծումն է։ Նա օրինակ բերեց պաղեստինացիների տեղաշարժի խիստ սահմանափակումները, որն Իսրայելի իշխանությունն իրականացնում է ռազմական ուժով։
«Ես ուզում էի ասել, որ Իսրայելի ղեկավարության քաղաքականության քննադատելը անտիսեմիտիզմ չէ», – ընգծեց Գրիգորյանը:
Երբ հարթակից խոսվեց Հայաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրների բացակայության մասին, դահլիճից արձագանքեցին՝ մեջբերելով քաղաքական գործիչ, հրեա հոգևորական Մեիր Կահանեյին։ Վերջինս ասում էր, որ չի ցանկանում, որպեսզի Իսրայելի հողում արաբների արյուն թափվի, քանի որ չի ցանկանում արաբների գոյությունը այդ տարածքում։ Դրան հետևեց հարցը՝ արդյո՞ք Հայաստանում ադրբեջանցիների «անհետացումը» չի հանգեցրել ազգային փոքրամասնությունների խնդիի «բացակայության»։ Պատասխանի փորձը կրկնեց Հայաստանում իշխող խոսակցություններն այն մասին, որ Հայաստանից ադրբեջանցիների արտաքսումը արդարացված էր Ադրբեջանում հայերի հանդեպ բռնությամբ։
Գուցե կարելի է համաձայնել, որ քննարկումը չպատասխանեց հարցին՝ ինչպե՞ս կարող է Հայաստանը դառնալ Իսրայել, բայց նախանշեց, թե ինչու Հայաստանը չպետք է դա անելու ուղիներ փնտրի: