Home / Հայաստան / Իսրայելցի պաշտոնյայի պատասխան այցը Հայաստան նույնպես գաղտնի է պահվում

Իսրայելցի պաշտոնյայի պատասխան այցը Հայաստան նույնպես գաղտնի է պահվում

Իսրայելի ԱԳ նախարարությունը չի հրապարակում  Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմի կենտրոնական վարչակազմի աշխատակցի` Երևան կատարած այցի մանրամասները: Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել անցյալ շաբաթ Հայաստանի պետական համակարգերից մեկի ղեկավարի` Իսրայել կատարած այցի պարագայում:

IzRus կայքի տեղեկությունների համաձայն, Մերոմը Երևան է ժամանել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի` Իսրայել կատարած գաղտնի այցելությունից հետո:

IzRus-ի հարցմանն ի պատասխան, Իսրայելի ԱԳ նախարարությունից պատասխանել են. «Ի պաշտոնե դեսպան Շմուել Մերոմը հաճախակի այցելություններ է կատարում Հայաստան: ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում երկկողմանի հարաբերությունների զարգացման ուղղությամբ»:

Թուրքիայի և Իսրայելի միջև աճող հակասության համատեքստում Հայաստանի քաղաքական շրջանների ու փորձագիտական հանրության կարծիքը կիսվել է հրեական պետության հետ հարաբերությունների զարգացման հարցում, գրում է վերլուծաբան Ալեքսանդր Գոլդենշտեյնը: «Ոմանք գտնում են, որ անհրաժեշտ է օգտվել Երուսաղեմի և Անկարայի միջև առկա հակամարտությունից` սեփական շահերը առաջ մղելու նպատակով, մասնավորապես,  Մերձավոր Արևելքում դիրքերն ամրապնդելու համար: Այս կարծիքի հակառակորդները, իրենց հերթին, նշում են, որ Իսրայելը հայկական հարցում առաջնորդվում է կոնյուկտուրային նկատառումներից ելնելով և Հայաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու անկեղծ ցանկություններ չունի:

Պաշտոնական Երուսաղեմը Երևանի հետ հատկապես զգույշ է վարվում, որպեսզի վնաս չհասցնի Բաքվի հետ ռազմավարական համագործակցությանը: Շմուել Մերոմի գործունեության մեծ մասը առհասարակ չի հրապարակվում»,- գրում է վերլուծաբանը: