ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի`մայիսի 19-ին, կոչ է արել Իսրայելին վերադառնալ 1967 թվականի սահմաններին: Նա առաջինն է ամերիկյան նախագահներից, ով նման առաջարկով է հանդես գալիս:
«ԱՄՆ-ն վստահ է, որ բանակցությունների արդյունքում պետք է երկու պետություն կազմավորվի և Իսրայելը հիմնական սահմանններ հաստատի Պաղեստինի, Եգիպտոսի և Հորդանանի հետ»,-Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին իր 45 րոպեանոց ելույթի ընթացքում հայտարարել է Օբաման:
Իսրայելի և Պաղեստինի ապագա պետության միջև սահմանը, ԱՄՆ նախագահի խոսքով, «պետք է անցնի 1967 թվականին գծված տարածքներով, դրանց մի մասի փոխանակման փոխադարձ համաձայնության պայմաններում, այնպես, որպեսզի անվտանգ և երկու երկրների կողմից ճանաչված սահմաններ հաստատվեն»:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն Օբամայի ելույթից գրեթե անմիջապես հետո կտրականապես մերժել է ԱՄՆ-ի կողմից արված առաջարկությունը: Նրա կարծիքով, նման քայլը կարող է զրկել Իսրայելին իրեն պաշտպանելու հնարավորությունից: Վարչապետը հիշեցրել է, որ 1967 թվականի դրությամբ Իսրայելի սահմանների մեջ չմտնող տարածքներում ներկայումս իր երկրի մի քանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ապրում:
«Կենսունակ պաղեստինյան պետությունը չի կարող ստեղծվել ի վնաս աշխարհում միակ հրեական պետության կենսունակության»,-Նետանյահուի խոսքերն է փոխանցում BBC-ն: