Պաղեստինի կառավարությունը փետրվարի 14-ին հրաժարական է տվել, հաղորդում է Associated Press-ը:
Նախարարների հրաժարականի մասին հայտարարել է նախագահ Մահմուդ Աբասը: Պարբերականի փոխանցմամբ` վարչապետ Սալամ Ֆայադը Աբասին նամակ է փոխանցել, որտեղ, մասնավորապես, նշվում է կառավարության հրաժարականի փաստը:
Այժմ Ֆայադը պարտավոր է 6-շաբաթյա ժամկետներում նոր կառավարություն ձևավորել:
Միաժամանակ, անցյալ շաբաթ օրը, փետրվարի 12-ին, Աբասը հայտարարել է նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:
Պաղեստինյան կառավարության հրաժարականի պաշտոնական պատճառները չեն նշվում:
Նշենք, որ կառավարության հրաժարականը նախապատրաստվում էր դեռ 2010-ի նոյեմբերից, սակայն հետաձգվել էր Թունիսի և Եգիպտոսի ընդվզումների պատճառով, որի արդյունքում պաշտոնանկ արվեցին Թունիսի նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալին և Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը: