Չստացված հեղափոխություններ, քաղաքացիական պատերազմներ, փախստականների ալիքներ և սով․ Միջին Արևելքը հազվադեպ է հայտնվում դրական վերնագրերի ներքո։ Բռնության և քաոսի վերջը չի երևում։ Նույնիսկ հարաբերական կայունության կղզյակները կառուցված են ավազի վրա, գրում է լրագրող Քրիստիան Վայսֆլոգը շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականում։
«Միջին Արևելքում պետք է լավատես լինել», – խորհուրդ տվեց մի փորձառու գործընկեր։ Սակայն, եթե օբյեկտիվ նայել, քիչ պատճառներ կան հուսալու, որ իրավիճակը Արևելքում կլավանա․․․
Հույսի հազվագյուտ շողերի է Սաուդյան Արաբիայում Մոհամեդ բին Սալմանի իշխանության գալն էր․ Երիտասարդ թագաժառանգը «չափավոր իսլամ» էր քարոզում, բարեկամական տոնայնություն պահպանում Իսրայելի նկատմամբ, թույլատրում կանանց մեքենա վարել և թուլացնում նրանց հանդեպ վերահսկողությունը։ Եթե առաջ սաուդյան նավթային միապետությունը ֆինանսավորում էր դաժան իսլամի գլոբալ տարածումը, որը ջիհադիստների համար հաճախ առաջին աստիճան էր հանդիսանում, ապա այժմ Ալ-Ռիյադը կարծես բաց է կայուն, պրագմատիկ քաղաքականության համար։
Բայց շուտով պարզ դարձավ, որ բին Սալմանը արաբական Գորբաչովը չէ, ով պատրաստ է զոհել իր իշխանությունը հանուն ավելի ազատ հասարակության։ Իր հոր կողմից 2015 թվականին պաշտպանության նախարար նշանակվելուն պես նա Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ միասին՝ Եմենում պրոիրանական հութիների ապստամբների դեմ ճակատագրական պատերազմ մտավ։ 2018-ի հոկտեմբերին իր մերձավոր շրջապատից ագենտները Ստամբուլի սաուդյան հյուպատոսությունում սպանեցին Ջամալ Խաշոգիին՝ իր ռեժիմը քննադատող լրագրողի։ Նույն թվականին նախագահ Պուտինի հետ իր խանդավառ ձեռքսեղմումը G-20 գագաթնաժողովում ցույց տվեց, թե ինչ հայացքներ ունի սաուդյան գահի ժառանգը։
Հույսի ևս մեկ շող ի հայտ եկավ 2020-ի օգոստոսին․ ԱՄԷ-ի որոշումը՝ նորմալացնել Իսրայելի հետ հարաբերությունները։ Ամերիկյան միջնորդության ներքո այսպես կոչված Աբրահամյան պայմանավորվածության շրջանակներում ԱՄԷ-ը դարձավ արաբական երրորդ երկիրը (Եգիպտոսը՝ 1979-ին, Հորդանանը՝ 1994-ին), որը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց հրեական պետության հետ։ Միևնույն ժամանակ Էմիրություններն անտեսել են Արաբական խաղաղ նախաձեռնությունը, որը որպես Իսրայելի հետ հաշտվելու պայման պահանջում էր «երկու պետություն» սկզբունքի սատարումը։ ԱՄԷ-ի օրինակին հետևեցին Բահրեյնը, Մարոկկոն և Սուդանը։
Այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը հայտարարում էր «դեպի ավելի խաղաղ, բարգավաճող Միջին Արևելք քայլի մասին»։ Ավելի մանրակրկիտ դիտարկումը, սակայն, հույսի այս նշույլը պատրանք է դարձնում: Առաջինը՝ Աբրահամյան պայմանագիրը ոչնչով չի նպաստում իսրայելա-պաղեստինական հակամարտության լուծմանը։ Իսկ թե ինչքան պայթյունավտանգ է մնում այն՝ պարզ դարձավ այս տարվա մայիսին, երբ Համաս իսլամական շարժումը 11 օր շարունակ հռթիրակոծում էր Երուսաղեմը, ինչին ի պատասխան Իսրայելը արձանգանքում էր՝ Գազայի հատվածի օդային հուժկու հարվածներով։
Երկրորդը՝ իսրայելա-արաբական հակամարտությունը վաղուց դադարել է լինել Միջին Արևելքում անորոշության, բռնության և հումանիտար աղետների գլխավոր պատճառը։ Իսրայելը պատասխանատվություն չի կրում Լիբանանում տնտեսական կոլապսի, Սիրիայում, Եմենում, Լիբիայում արյունալի քաղաքացիական պատերազմների, Իսլամական պետության վերելքի և անկման կամ՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա 2019-ի սեպտեմբերին Իրանի ենթադրյալ հարձակումների համար։
Եվ երրորդը՝ Էմիրությունները պայմանագիրը ստորագրել են ոչ թե Իսրայելի հանդեպ համակրանքի պատճառով, այլ սեփական ավտորիտար ռեժիմի պաշտպանության համար։ Իրենց հույսը տնտեսական նոր իմպուլսներն են և առաջին հերթին՝ անվտանգության բնագավառում Իսրայելի հետ համագործակցության ամրապնդումը հանուն Իրանի ազդեցության զսպման և անցանկալի քննադատների դեմ պայքարի։ Այդ նպատակով ԱՄԷ-ը մի քանի տարի առաջ իրավունք են ստացել օգտվելու իսրայելական NSO ընկերության լրտեսական ծրագրից։ Դա թույլ է տվել Աբու-Դաբիին հետևել ոչ միայն ահաբեկիչներին, այլ նաև ռեժիմի ազատական քննադատներին, իրավապաշտպաններին և լրագրողներին։
Իսրայելի հետ լավ հարաբերություններով Էմիրությունները ամրապնդում են հարաբերությունները ԱՄՆ-ի՝ Պարսից ծոցի կարևորագույն հովանավոր-տերության հետ։ Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման դիմաց Թրամփը խոստացել է ԱՄԷ-ին ամենաառաջադեմ մարտական անօդաչու թռչող սարքեր և F-35 գաղտագողի ռմբակոծիչ մատակարարել: Թե ինչու է Պարսից ծոցի մի փոքր պետություն 23 միլիարդի զենք գնում, բացատրվում է իր արտաքին քաղաքականությամբ։ Աբու-Դաբին Եմենում պատերազմի է մասնակցում և Լիբիայում հրամանատար Խալիֆա Խաֆթարին սատարում։ Չճշտված տեղեկություններով, ԱՄԷ-ը պլանավորում էին 2017 թվականին Ալ-Ռիադ հետ միասին Կատար ներխուժել։
Էմիրությունների տիրակալները «Մուսուլման եղբայրների» եռանդուն հակառակորդներն են և ապավինում են «ավտորիտար լիբերալիզմին»՝ տարածաշրջանում մահմեդականներին վերահսկելու համար։ Այդ պատճառով են Լիբիայում Խաֆթարին սատարել և ֆինանսավորել Եգիպտոսում ժողովրդավարական ճանապարհով «Մուսուլման եղբայրներից» ընտրված նախագահի դեմ 2013-ի ռազմական հեղաշրջումը։
Պետություններն ու նրանց սահմանները Միջին Արևելքում անկայուն են Օսմանյան կայսրության անկումից 100 տարի անց նույնիսկ։ Պայքարն ընթանում է՝ իսլամական աշխարհում առաջատարի և կրոնի քաղաքական դերի համար։ Կրոնական և էնթիկ ասպեկտներն ու մրցակցությունը հաճախ պետությունների սահմաններից դուրս են գալիս։ 2011-ի Արաբական գարունը ցույց տվեց, թե ինչ արագությամբ է Թունիսի քաղաքական երկրաշարժը տարածվում Եմենում։
Դրան պատրաստ լինելու համար՝ ավտորիտար ռեժիմները կազմում են միջազգային դաշինքներ, որոնք միջնորդավորված պատերազմներ են մղում Լիբիայում, Սիրիայում և Եմենում։
Իրանը վերջին տարիներին արաբական մի քանի երկրներում ընդլայնել է շիիտական ռազմականացված կազմավորումների իր ցանցը։ 1982 թվականին Լիբանանում ի հայտ եկած «Հեզբոլլան» որոշիչ դեր խաղաց Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ասադի ռեժիմի գոյատևման հարցում։ Այն նաև սերտ կապեր ունի Եմենում հութի գրոհայինների հետ։ Պրոիրանական գրոհայինները ուժի կարևոր գործոն են հանդիսանում նաև Իրաքում։
Թեհրանից Բաղդադով և Դամասկոսով հյուսիսում դեպի Բեյրութ և հարավում դեպի Սանաա ձգվող շիիտական «դիմադրության առանցքը» մարտահրավեր է նետում Սաուդյան Արաբիային։ Հութիները կանոնավոր կերպով հրթիռահարում են Սաուդյան Արաբիայի տարածքը։ Միևնույն ժամանակ «Հեզբոլլան» սպառնում է Իսրայելին՝ իր զինանոցում ունենալով շուրջ 130 000 հրթիռ։ Իրանն իր ցանցն անվանում է «առաջնագծային պաշտպանություն»՝ Իսրայելին, ԱՄՆ-ին և նրանց արաբական դաշնակիցներին հարձակումներից հետ պահելու համար։
«Արաբական գարնան» ժամանակ հույս կար, որ մեծ ազատությունն ավելի շատ խաղաղություն կբերի Միջին Արևելք։ Սակայն ժողովրդավարական շարժումները չափազանց թույլ գտնվեցին, իսկ հին ռեժիմները՝ չափազանց դաժան։
Միջին Արևելքում այս ընդհանուր պատկերը փակուղի է տանում։ Էլ ի՞նչ կարող է Արևմուտքն անել ազատության ու մարդու իրավունքների առաջխաղացման համար մի տարածաշրջանում, որտեղ հաճախ թվում է, թե ընտրություն կա միայն երկու չարիքների՝ բռնապետության և անարխիայի միջև։ Թեև Ջո Բայդենը սիրում է մարդու իրավունքներից խոսել, տարածաշրջանում նրա քաղաքականությունը սահմանափակվում է Իսրայելի հետ դաշինքի և Պարսից ծոցի արաբական երկրների հետ համագործակցության ամրապնդմամբ, ինչպես նաև իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարով։ Ֆրանսիան՝ լինելով եվրոպական ծանր քաշային, իր միջինարևելյան քաղաքականության մեջ խաղադրույք է կատարում ԱՄԷ-ի և Եգիպտոսի վրա։ Ավելի լավ է բռնապետություն, քան ժողովրդավարական փորձարկումներ, որոնց հնրավար հետևանքը քաղաքացիական պատերազմներն ու փախստականների ալիքներն են․ սա է, հավանաբար, Փարիզի կարգախոսը։ Դա լավատեսություն չի ներշնչում, եզրափակում է Neue Zürcher Zeitung-ը։