Մերձավոր Արևելքի երկրների «Արաբական գարուն» անվանմամբ հայտնի զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկից անցել է արդեն 10 տարի։ Տարածաշրջանի 13 երկրներում իրականացված հարցումների համաձայն (մեկը կազմակերպվել է բրիտանական փորձագետների կողմից, մյուսը՝ արաբական), մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ արաբական գարնանը հաջորդած տարիներին կյանքի որակը վատթարացել է, բայց ժողովրդավարությունը կարևոր է։
Ինչ է կատարվել Մերձավոր Արևելքում 10 տարի առաջ և ինչ է կատարվում հիմա։
Ինչպես սկսվեց
2010 թվականի դեկտեմբերի 17-ին 27-ամյա գործազուրկ թունիսցի Մոհամեդ Բուազիզին ինքնահրկիզվեց։ Պատճառը տեղի պաշտոնատար անձանցից մեկի հետ վեճն էր․ վերջինս Մոհամեդից կաշառք էր պահանջում՝ փողոցում մրգերի և բանջարեղենների վաճառքի թույլտվության համար։ Ողբերգական դեպքից հետո երկրով մեկ հակակոռուպցիոն շարժում սկսվեց, որն ավարտվեց Թունիսի 24 տարի շարունակ պաշտոնավարած նախագահ Զին ալ-Աբիդին Բեն Ալիի պաշտոնանկությամբ։
«Դոմինոյի սկզբունքով» հեղափոխական շարժումները հասան արաբական այլ երկրներ։ Ժողովրդական դժգոհությունը կոնցենտրացվել էր ըննդեմ ցմահ ավտորիտար առաջնորդների։ Լիբիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆին սպանվեց, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հաջողվեց պահպանել իշխանությունը՝ Ռուսաստանի ռազմական միջամտության շնորհիվ։
Լավատեսություն․․․
Քաղաքականության հետազոտության Արաբական կենտրոնի հոկտեմբերին իրականացված հանրային կարծիքի հետազոտությունն ամենալայնամասշտաբն էր Մերձավոր Արևելքի պատմության մեջ։ 900 սոցիոլոգներ հարցումներ են իրականացրել շուրջ 30 հազար քաղաքացիների հետ 13 երկրներից։
Կենտրոնի տվյալներով, արաբական աշխարհի բնակչության 76 տոկոսը կողմ է ժողովրդավարության գաղափարին, 74 տոկոսն ասել է, որ իրենց երկրներին փլյուրալիստական ժողովրդավարություն և ազատ ընտրություններ են պետք։ Հարցվածների 47 տոկոսն իրենց երկրի խորհրդարանի աշխատանքը լավ է գնահատել։ 58 տոկոսը դրական է վերաբերում «արաբական գարնանը», 48 տոկոսը կարծում է, որ 2010-ին մեկնարկած շարժման նպատակներին ամբողջությամբ հասնել չի ստացվել, բայց վստահ է, որ մի օր դրանք կիրականանան։
…և հիասթափություն
Քաթարցի սոցիոլոգների հարցմանը մասնակցած քաղաքացիների 91 տոկոսն իր բնակության երկիրը կոռումպացված է համարում։
Եվս մեկ հետազոտություն իրականացրել են բրիտանական Guardian պարբերականը և YouGov սոցիոլոգիական կենտրոնը։ Այն ներառում էր «արաբական գարնան» ութ երկրները՝ Սուդան, Թունիս, Ալժիր, Իրաք, Եգիպտոս, Լիբիա, Սիրիա, Յեմեն։ Այս երկրների մի մասում ռազմական գործողությունները դեռևս չեն ավարտվել, իսկ տնտեսությունը շարունակում է անկում արձանագրել։
Թունիսում հաջողվեց խուսափել ներքին հակամարտություններից ու հեղաշրջումներից, լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ տեղի ունեցան, բայց տնտեսական վիճակը կայունացնել դեռևս չի հաջողվում։
Եգիպտոսը փաստացի իր հին շրջանակներին վերադարձավ․ չափավոր իսլամիստների կարճաժամկետ կառավարումից հետո իշխանության եկավ նախկին նախագահ Մուբարաքի զինակից Ֆատահ ալ-Սիսին։
Ամենամեծ հիասթափությունը Սիրիայում էր, որտեղ քաղաքացիական պատերազմը ձգվում է արդեն տասը տարի։ Յեմենում, Լիբիայում և Սուդանում ևս տարբեր ինտենսիվության ռազմական գործողություններ են ընթանում։ Այս երկրների բնակչության կեսից ավելին (Սիրիայում՝ երեք քառորդը) հայտարարել են, որ ապրում են ավելի վատ, քան հեղափոխությունից առաջ։ Թունիսում հարցվածների 27 տոկոսը նշել է, որ հեղափոխությունից հետո կյանքի որակը բարելավվել է, մյուս երկրներում այս ցուցանիշը 25 տոկոսից ցածր է։
Իրաքում, Եգիպտոսում և Ալժիրում քաղաքացիների մեկ երրորդի կարծիքով ոչինչ չի փոխվել։
Բոլոր ութ երկրներում բնակչության մեծամասնությունը իր երեխաների համար ավելի լավ ապագայի հույսեր չունի։ Սիրիայում ու Յեմենում վատատեսների թիվը լավատեսների թվին գերազանցում է 10 անգամ։
Բոլոր երկրներում մեծամասնությունը պնդում է, որ հարուսների և աղքատների միջև խզումը վերջին տասը տարիների ընթացքում մեծացել է։ Սիրիայում այսպիսի կարծիք հայտնել է հարցվածների 92 տոկոսը, Յեմենում՝ 87։
Թունիսի քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ հեղափոխությունից հետո իր իրավունքներն ընդլայնվել են․ 86 տոկոսը հայտարարել է, որ այսուհետ կարող է քննադատաբար արտահայտվել կառավարության հասցեին, 50 տոկոսը նշել է, որ փոքրացել է անհիմն ձերբակալությունների վտանգը։
Եգիպտոսի բնակչության կեսի կարծիքով, խոսքի ազատությունը Մուբարաքից հետո նվազել է, հակառակ կարծիք հայտնել է հարցվածների 20 տոկոսը։
Յեմենից, Սիրիայից և Լիբիայից բացի, մյուս երկրներում մեծամասնությունը չի զղջում, որ մասնակցել է հեղափոխական գործընթացներին։
Եգիպտոսում, Ալժիրում և Իրաքում հստակ տարանջատում է նկատվում երիտասարդների և մեծահասակների կարծիքներում․ 18-24 տարեկան քաղաքացիները հեղափոխության մասին անհամեմատ ավելի լավ կարծիք ունեն, քան իրենց ծնողները։