Home / Մարզեր / Իրաքի ցույցերի զոհերի թիվը հասել է 65-ի

Իրաքի ցույցերի զոհերի թիվը հասել է 65-ի

Sky News Arabia լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրաքի բողոքի ակցիաների զոհերի թիվը հասել է 65-ի։

Ավելի վաղ Իրաքի Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդել էր 50 զոհերի ու 1936 վիրավորների մասին։

Բողոքի ակցիաները սկսվել են երեքշաբթի օրը Բաղդադում։ Չորեքշաբթի օրը ցույցերին միացել են նաև երկրի այլ հատվածներ։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, կյանքի պայմանների բարելավում, առողջապահության, կրթության, աշխատաշուկայի խնդիրների լուծում, պայքար կոռուպցիայի դեմ։

Իշխանությունները չորեքշաբթիից հինգշաբթի անջատել են Բաղդադի ու երկրի կենտրոնական և հարավային շրջանների ինտերնետը։ Չորեքշաբթի գիշերը Բաղդադում հայտարարված պարետային ժամը հինգշաբթի երեկոյան տարածվել է նաև Նաջաֆ, Մայսան, Զի֊Քար, Բաբիլ, Վասիթ շրջանների վրա։ Փակ է Իրանի հետ սահմանային անցակետը։

Իրաքի շիաների առաջնորդ, «Սաիրուն» խորհրդարանական բլոկի ղեկավար Մուքթադա աս֊Սադրը կառավարությունը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչ է արել։

ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը իշխանություններին ու ցուցարարներին հորդորել է երկխոսություն սկսել։

Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մախդին, ում հրաժարականը պահանջում են ցուցարարները, հեռուստատեսությամբ հայտարարել է, որ համաձայն է ցուցարարների արդար պահանջների հետ։

Նրա ելույթի ժամանակ երկրում ինտերնետը նորից հասանելի է դարձել։

Վարչապետը նշել է, որ իր կառավարությունը կաշխատի ցուցարարների պահանջները բավարարելու ուղղությամբ և ավելացրել, որ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու «կախարդական ձևեր» չկան։ Նա խորհրդարանին կոչ է արել օրինագիծ ընդունել, որը երկրի աղքատ բնակչության համար երաշխավորված եկամուտ կապահովի, սակայն հիշեցրել է, որ այդ ամենի համար ժամանակ է պետք։

Իրաքի տնտեսական վիճակը

Իրաքը նավթի պաշարներով աշխարհում չորրորդ տեղում է, բայց 40 մլն բնակչության 22,5 տոկոսն ապրում է օրական մոտ երկու դոլլարով (Միջազգային բանկի տվյալներ, 2014)։ Ամեն վեցերորդ ընտանիք սննդի խնդիր ունի։

2018 թվականին գործազրկության մակարդակը հասել էր 7,9 տոկոսի, իսկ երիտասարդության շրջանում՝ կրկնակի ավել։ Աշխատունակ իրաքցիների շուրջ 17 տոկոսը ժամանակավոր աշխատանքով է ապրում։

Երկիրը դեռևս կրում է Իսլամական Պետության (ԻՊ) գրոհայինների հետ պատերազմի հետևանքները։ 2014 թվականին ԻՊ-ն գրավել է Իրաքի արևմտյան և հյուսիսային հատվածների զգալի մասը։

Իրաքի կառավարության և Համաշխարհային բանկի գնահատմամբ, վերականգնման համար կպահանջվի նվազագույնը 88 մլրդ դոլար։