«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՍԻՍ) զինյալները պարբերաբար բռնաբարության ու սեռական բնույթի այլ բռնությունների են ենթարկել Հյուսիսային Իրաքում բնակվող եզդի կանանց։ Այս մասին զեկույց է հրապարակել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը 2015 թվականի հունվար և փետրվար ամիսներին հետազոտություն է անցկացրել Հյուսիսային Իրաքի Դոհուկ քաղաքում։ Հետազոտության շրջանակում կազմակերպության ներկայացուցիչները հարցազրույցներ են անցկացրել 20 կանանց և աղջիկների հետ, որոնց հաջողվել է փախչել զինյալներից, ինչպես նաև ուսումնասիրել թեմայի շուրջ «Իսլամական պետության» հայտարարությունները։
Իրավապաշտպան կազմակերպությունը փաստագրել է կազմակերպված բռնաբարության ու սեռական ոտնձգության, սեռական ստրկության ու բռնի ամուսնությունների ԻՍԻՍ֊ում գործող համակարգը։ Նման գործողությունները պատերազմական հանցագործություններ են ու կարող են համարվել հանցագործություններ մարդկության դեմ, նշում է Human Rights Watch֊ը։ Կանանցից ու աղջիկներից շատերն անհայտ կորած են, իսկ փրկվածները, որոնք այժմ գտնվում են Իրաքյան Քուրդիստանում, հոգեբանական աջակցության և այլ օժանդակության կարիք ունեն։
Ըստ Քուրդիստանի պաշտոնյաների ու համայնքային ղեկավարների՝ ԻՍԻՍ֊ի ուժերը թվով մի քանի հազար խաղաղ եզդի բնակչությանը պատանդ են վերցրել Հյուսիսային Իրաքի Նինվեի մարզում 2014 թվականի օգոստոսին։ Ականատեսների վկայությամբ՝ ահաբեկիչները երիտասարդ կանանց ու անչափահաս աղջիկներին պարբերաբար խլում էին իրենց ընտանիքներից ու տեղափոխում մեկ վայրից մյուսը Իրաքի ու Սիրիայի ներսում։
11 կանայք ու 9 աղջիկները, որոնց հետ զրուցել են իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները, զինյալներից փախել են 2014 թվականի սեպտեմբերից 2015 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում։ Կանանց կեսը, այդ թվում՝ երկու 12֊ամյա աղջիկներ, ասել են, որ բռնաբարության են ենթարկվել, ոմանք՝ մի քանի անգամ ու մի քանի զինյալների կողմից։ Գրեթե բոլոր կանայք իրավապաշտպաններին հայտնել են, որ իրենց հարկադիր կերպով ամուսնացրել են, վաճառել, որոշ դեպքերում՝ մի քանի անգամ, կամ՝ տվել որպես «նվեր»։ Նրանք նաև այլ գերիների նկատմամբ բռնությունների ականատես են եղել։
Իրավապաշտպան կազմակերպությունը թեմայի շուրջ զրուցել է նաև տասնյակ միջազգային ու տեղական օգնական ուժերի ներկայացուցիչների, բժիշկների, քուրդ պաշտոնյաների, համայնքային ղեկավարների, ակտիվիստների հետ, որոնք հաստատել են կանանց տրամադրած տեղեկությունը։ Փրկված կանանց Դոհուկում օգնություն ցուցաբերող բժիշկներից մեկը Human Rights Watch»֊ին ասել է, որ իր կողմից հետազոտված 105 կանանցից ու աղջիկներից 70֊ը ԻՍԻՍ֊ում պատանդ գտնվելու ընթացքում բռնաբարվել է։
Իրավապաշտպանների հետ զրուցած բոլոր կանանց մոտ նկատվել է սուր հուզական հյուծում։ Նրանցից շատերը մինչ օրս բաժանված են իրենց ընտանիքներից, որոնք կամ սպանվել են ԻՍԻՍ֊ի կողմից, կամ դեռ գտնվում են գերության մեջ։ Կանանցից ոմանք ասել են, որ բռնաբարությունից, հարկադիր ամուսնությունից ու բռնի կրոնափոխությունից խուսափելու համար անգամ փորձել են ինքնասպան լինել։
Հիշեցնենք, որ, ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների, 2014 թվականի օգոստոսի 3֊ին Սինջար նահանգում սկսված հարձակումներից ի վեր 736,000 իրաքցիներ՝ հիմնականում եզդիներ ու այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, փախել են Նինվե մարզում իրենց տներից, նրանց մեծ մասը՝ Իրաքյան Քուրդիստան ինքնավար շրջան։ ԻՍԻՍ֊ի զինյալները մահապատժի են ենթարկել հարյուրավոր եզդի տղամարդկանց, առևանգել նրանց հարազատներին, հաղորդել է ՄԱԿ֊ը, ինչպես նաև՝ մի շարք տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։
Հայաստանի եզդիական համայնքը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ օրենսդիր մարմնին հորդորելով Իրաքում տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչել։