հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ճանաչել Իրաքի դեպքերը որպես ցեղասպանություն. եզդիները դիմել են ՀՀ Ազգային ժողով

Ճանաչել Իրաքի դեպքերը որպես ցեղասպանություն. եզդիները դիմել են ՀՀ Ազգային ժողով

Այսօր Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները ակցիա են անցկացրել Ազգային Ժողովի շենքի դիմաց և նամակներ ուղարկել ԱԺ բոլոր խմբակցություններին՝ հորդորելով ՀՀ օրենսդիրին ճանաչել Իրաքում եզդիների ցեղասպանությունը: Ակցիայի մասնակիցներն ԱԺ պատգամավորների ընտրությանն են թողնում՝ ինչպես դա անել՝ հայտարարության, թե օրենքի տեսքով: Օրը պատահական չէր ընտրված. 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման մասին կոնվենցիա է ընդունել:

1yezidi

Ինչպես Epress.am-ին հայտնել է ակցիայի նախաձեռնողներից մեկը՝ «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին, իրենք դիմել են Արտաքին գործերի նախարարությանը երկու հարցումով։ Դրանցից մեկով «Սինջարի» ներկայացուցիչները ցանկանում են առարկայական հաշվետվություն ստանալ, թե ինչպես է ծախսվել Հայաստանից Իրաքի եզդիներին ուղղված 100 հազար դոլար դրամական օգնությունը:

«Բացի նրանից, որ մեզ համար կարևոր է, որ մեր քույրերին և եղբայրներին օգնենք, պետք է պետական միջոցները նպատակային ծախսվեն»,- ասել է Բորիս Մուրազին:

Երկրորդ հարցումը վերաբերում էր Իրաքի փախստականների խնդրին: Մուրազին վստահ է, որ Հայաստանը չի ընդունի եզդի փախստականներին:

«Ամիսներ առաջ ասացին, որ աշխատանքներ պետք է տանեն, այս հարցը պետք է քննարկվի պետական կառույցների հետ, համակարգված քայլեր մշակվեն։ Թող հիմա ցույց տան, ֆիքսենք՝ ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է իրականացրել այդ ուղղությամբ», – նախարարության պատասխանին է սպասում է եզդիական համայնքը:

Ակցիայի մասնակիցները կարևորել են Հայաստանի կողմից պետական մակարդակով եզդիների ցեղասպանության հնարավոր ընդունումը՝ նշելով, որ դա նաև այլ երկների համար կարող է օրինակ դառնալ:

«Դա կբերի նրան, որ օգնությունը փախստականներին, ինչպես նաև իրենց տարածքները հետ բերելու համար կռվող եզդի մարտիկներին, ավելի ինտենսիվ կլինի: Նրանք կվերադառնան իրենց տները»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է «Սինջարի» փոխնախագահ Մամե Ամիրյանը:

Նրա խոսքով՝ Իրաքում իսլամիստների հարձակումների հետևանքով այժմ կա 700-800 հազար եզդի փախստական, իսկ բոլոր փախստականների թիվը, ներառյալ քրիստոնյաներն և շիա մահմեդականները, հասնում է մոտ 2 միլիոնի:

Եզդիները, ովքեր դեռևս Իրաքում են, ապրում են վրաններում, նրանց այլ երկիր տեղափոխվելը բարդ է նաև այն պատճառով, որ նրանց մեծ մասը չունի անձնագիր: Մոտ 30 հազար եզդի ապաստան է ստացել Թուրքիայում: