հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Բոլորին անհայտ ցեղասպանություն․ եզդիները ԱԺ֊ի մոտ պահանջներ են ներկայացրել

Բոլորին անհայտ ցեղասպանություն․ եզդիները ԱԺ֊ի մոտ պահանջներ են ներկայացրել

Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները պայքարելու են, որպեսզի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ֊ական Էդուարդ Շարմազանովի հեղինակած՝ Օսմանյան կայսրությունում ազգային֊կրոնական փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության մասին օրինագիծը չընդգրկվի ԱԺ֊ի օրակարգում, կամ դրանում ներառվի նաև եզդիների ցեղասպանության փաստը։ 

Այսօր եզդիական համայնքի մոտ 2 տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց՝ պահանջելով փոփոխություն մտցնել օրինագծի մեջ ու չմոռանալ եզդիների ցեղասպանության մասին։ Ոստիկանները թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին կանգնել անմիջապես ԱԺ֊ի մուտքի մոտ, և ակցիան անցկացվել է դիմացի մայթին։ Բողոքողները նշել են, որ անգամ եթե ներկայիս օրինագիծն օրակարգում ներառվի, իրենք պայքարելու են, որպեսզի եզդիների ցեղասպանության վերաբերյալ առանձին օրինագիծ մշակվի։

Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սայիդ Ավդալյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Զարուհի Փոստանջյանի հեղինակած հայտարարության նախագծում եզդիների ցեղասպանության մասին նշված է եղել, մինչդեռ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի փաստաթղթում այդ կետը չի ներառվել։ Ավդալյանն ասել է, որ որպես պատճառաբանություն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նշել են, թե չկան եզդիների ցեղասպանության մասին վկայող համապատասխան արխիվային փաստաթղթեր, մինչդեռ նման փաստաթղթեր գոյություն ունեն և իրենք ներկայացնելու են դրանք պատգամավորներին։  Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահը, մասնավորապես, հիշատակել է հրեա պատմաբան, ցեղասպանագետ Իսրայել Չարնիին, ով խոսել է Օսմանյան կայսրությունում եզդիների հանդեպ իրականացված ցեղասպանության մասին՝ այն անվանելով բոլորին անհայտ ցեղասպանություն։ 

Ավդալյանն իր զարմանքն է արտահայտել պատգամավորների նման պահվածքի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանում հաճախ են խոսում հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին, սակայն կոնկրետ այս դեպքում այդ մասին մոռանում են։

Ավդալյանը ենթադրել է, որ նման վերաբերմունքը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ։ 

«Փետրվարի 7-ին Մյունխեն քաղաքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ և խոսել Իրաքի Քուրդիստանի ու Հայաստանի համագործակցության զարգացման մասին։ Մենք կարծում ենք, որ այն նախագծի մեջ, որում ներառված էր եզդիների ցեղասպանությունը, կային տվյալներ նաև եզդիների ցեղասպանության մասին ոչ միայն Օսմանյան կայսրության տարածքում, այլ նաև հենց իրաքյան տարածքում, որն իրականացվել էր վերջին շրջանում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից։ Հետևաբար, եթե ընդունվում է Զարուհի Փոստանջյանի նախագիծը, դրանով դատապարտվում է եզդիների ցեղասպանությունը ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլ նաև իրաքյան տարածքներում։ Հայաստանի իշխանությանը ձեռնտու չէ դատապարտել ցեղասպանությունը Իրաքում, քանի որ տվյալ դեպքում խաթարվելու են Հայաստանի և Քուրդիստանի միջև համագործակցության պլանները», ֊ ասել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահը։

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում խնդիրը բարձրացրել է Զարուհի Փոստանջյանը, ով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրել է՝ ինչու եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանոթյան փաստը չի ընդգրկվել փաստաթղթի մեջ։ Փոստանջյանը նշել է, որ ինքն արդեն ապացույցներ է ներկայացրել առ այն, որ եզդիների նկատմամբ ցեղասպանությունը տեղի է ունեցել։ 

ԱԺ նախագահն ասել է, որ իրենք որևէ փաստաթուղթ չեն գտել, որտեղ եզդիների ցեղասպանության հիմնավորումներ կլինեն։ Այնուամենայնիվ, նա խոստացել է, որ հանձնաժողովը կրկին կանդրադառնա խնդրին՝ ուսումնասիրելով Փոստանջյանի ներկայացրած փաստաթղթերը։