Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիան իր խիստ դժգոհությունն ու զայրույթն է հայտնում Ազգային ժողովի կողմից եզդիների ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունների դատապարտման նախագծի մեջ չներառելու համար: Այս մասին հայտարարությունն Ասոցիացիան տարածել է այսօր Ազգային ժողովում կայացած նիստից հետո, որի ընթացքում որոշում է կայացվել օրակարգ մտցնել Օսմանյան կայսրությունում ազգային֊կրոնական փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության մասին օրինագիծն առանց հիշատակելու եզդի ժողովրդի ցեղասպանությունը։
Օրինագծում, մասնավորապես, խոսվում է Օսմանյան կայսրությունում հույների և ասորիների ցեղասպանության փաստի մասին, մինչդեռ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները այսօր Աժ֊ի մոտ անցկացրած բողոքի ակցիայի ընթացքում պնդել են, որ փաստեր կան 20-րդ դարի սկզբին եզդիների ոչնչացման մասին ևս։
«Այս քայլով իշխանությունները մեծ վիրավորանք հասցրեցին եզդիներին: Մենք քննադատում ենք ու դատապարտում իշխանությունների այս քայլը, որ անտեսվեց հայ-եզդիական բարեկամությունը, անտեսվեց եզդիների ցեղասպանության վերաբերյալ ցայտուն դրվագները, անտեսվեց Հայոց ցեղասպանության տարիներին Սինջարի եզդիների կողմից 6000 հայ գաղթականներին ոչնչացումից փրկելու եզդիների սխրանքներն ու կռիվները թուրք-գերմանական զորքերի դեմ պայքարում, անտեսվեց Իգդիրի ճակատամարտը, Սարդարապատի և Բաշ-Ապարանի գոյապայքարներում եզդիների սխրագործությունները, անտեսվեց ու մոռացության մատնվեց Ջահանգիր աղայի և Ուսուբ բեկի գործունեությունn ի շահ ՀՀ-ի (խոսքը Առաջին Հանրապետության մասին է` 1918-1920- խմբ․), անտեսվեց Ղարաբաղյան գոյապայքարում չորս տասնյակի հասնող զոհված եզդիների թափած արյունը:
Հայտնում ենք, որ եզդիական համայնքը չի հանձնվելու և մինչև վերջ պայքարելու է, որպեսզի ՀՀ ԱԺ-ը ընդունի և դատապարտի եզդիների ցեղասպանության փաստը ոչ միայն Օսմանյան Կայսրությունում, այլ նաև 2014թ. օգոստոսին տեղի ունեցած Իրաքյան եզդիների ցեղասպանությունը», ֊ ասված է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիայի տարածած հաղորդագրության մեջ։