Հուլիսի 30-ին Իրաքից Հայաստան եկած եզդի երեք ընտանիքների հետ այսօր հանդիպելու է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչը: Այս մասին Epress.am-ին հայտնել է «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ նախ իրենց կազմակերպության ներկայացուցիչներն էին հանդիպել և ներկայացրել փախստականների խնդիրերը: Հայաստան եկած ընտանիքներին տրվել է փախստականի կարգավիճակ, եզդիական համայնքը նրանց տրամադրել է տներ, որոնք ավելի հարմարավետ ու նախընտրելի պայմաններ ունեն, քան Միգրացիոն ծառայության կողմից առաջարկվող հանրակացարանները:
ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները խոստացել են կազմակերպել հայերեն լեզվի դասընթաց, ինչպես նաև ՀՀ օրենսդրության ծանոթացման դասընթաց ընտանիքների համար՝ օժանդակելու նրանց ինտեգրմանը:
Բորիս Մուրազիի խոսքով՝ եզդիական համայնքի ներկայացուցիչ Միրզա Սլոյանը փախստականներից 4-ին աշխատատեղ է առաջարկել եզդիական կենտրոնում, ընտանիքի մյուս անդամների աշխատանքի հարցը դեռ լուծված չէ:
«Մինչ այժմ փախստականներին աջակցում է համայնքը և հասարակական, միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը և «Առաքելություն Արևելքը»: Պետական այլ աջակցություն չկա»,- ասել է Բորիս Մուրազին: