Հինգշաբթի ուշ երեկոյան «Իրաքի և Լևանտի Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գնդակոծել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիսում գտնվող շիա մահմեդականների սրբատեղին, որից անմիջապես հետո երեք մահապարտ զինյալներ իրենց պայթեցրել են նույն տարածքում, հաղորդում են Իրաքի իշխանությունները։ Հարձակման հետևանքով առնվազն 36 մարդ զոհվել է, ավելի քան 40֊ը՝ վիրավորվել։
Տվյալ հարձակումից մի քանի օր առաջ ԻԼԻՊ֊ը Բաղդադի կենտրոնում ականապատ մեքենա էր պայթեցրել, ինչի հետևանքով զոհերի թիվը, համաձայն իրաքցի պաշտոնյաների, հասել է 292֊ի, իսկ վիրավորներինի թիվն անցել է 200֊ից։
Երեկվա հարձակումը տեղի է ունեցել Բաղդադից 80կմ հեռավորության վրա գտնվող Բալադ քաղաքի սրբատեղիում, որտեղ հավաքված շիա մահմեդականները նշում էին սուրբ ամսի՝ Ռամադանի ավարտը։
Մահապարտներից երկուսն իրենց պայթեցրել են անմիջապես սրբատեղիի դարպասների մոտ, իսկ մյուսը նաև ներթափանցել է շինություն ու նռնակներ նետել ուխտավորների ուղղությամբ։