Home / Հայաստան / «Իրաքից Բեյրութ նույն հեղափոխությունն է»․ բողոքի ակցիաները շարունակվում են

«Իրաքից Բեյրութ նույն հեղափոխությունն է»․ բողոքի ակցիաները շարունակվում են

Իրաքի ու Լիբանանի ցուցարարներն առաջնորդ չունեն, հիմնականում երիտասարդ աղջիկներ ու տղաներ են, ուսանողներ։ Սոցցանցերի միջոցով ինքնակազմակերպվում են, իրենցից հետո ամեն ինչ մաքրում են, օգնում են իրար։ Դժգոհ են կոռուպցիայից ու գործազրկությունից, որոնց մեջ մեղադրում են արմատացած համակարգին, որտեղ պաշտոններն ըստ դավանական քվոտաների են բաշխվում, ոչ թե ըստ արժանիքների։

«Իրաքից Բեյրութ նույն հեղափոխությունն է, ու այդ հեղափոխությունը չի մեռնելու», – Բեյրությում հնչող կարգախոսը։

Լիբանանում քաղաքացիական պատերազմից շատ տարիներ անց առաջին անգամ բողոքի ակցիան դուրս է եկել դավանական տարբերությունների շրջանակից․ փողոց են դուրս եկել շիաներ, սունիներ, քրիստոնյաներ, դրուզներ՝ բողոքը միավորել է բոլորին։ Առաջին անգամ Լիբանանցիները ոչ թե տարբերություններից են խոսում, այլ ընդհանրությունից՝ Լիբանանի քաղաքացիություն։

Իրաքում ցուցարարները հիմնականում շիաներն են։ Ոչ այն պատճառով, որ ուրիշների համար երկրում խնդիր չկա, ինչպես բացատրում է Վաշինգտոնի համալսարանի Մերձավոր Արևելքի քաղաքականության փորձագետ Հանին Գադարը, այլ այն պատճառով, որ սունիները վախենում են, որ իրենց նորից կմեղադրեն ջիհադիստների ու ռադիկալ իսլամիստների հետ կապի մեջ։ 2013 թվականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն օգտագործում էր ցուցարարների հռետորաբանությունը տարածաշրջանում հիմնավորվելու համար։ Այժմ սունիները նախընտրում են պակաս հանրային գործել, չնայած ցույցերին աջակցում են։

Արտահայտություն կա․ արաբական աշխարհի ամեն երկիր յուրովի է երջանիկ, բայց դժբախտության մեջ բոլորը նման են․ անհավասարություն, աղքատություն, երիտասարդների գործազրկություն (բնակչության 60%֊ը մինչև 30 տարեկան է), կոռուպցիա, հիասթափություն իշխող էլիտաներից, որոնք մեղադրվում են ռեսուրսների ու հարստության անհավասար բաշխման մեջ։

Իշխող վերնախավի ու ժողովրդի հին չգրված համաձայնությունը՝ կայունություն ու բարեկեցություն՝ լոյալության դիմաց, այլևս չի աշխատում։ Ոչ արդյունավետ իշխանություններն այլևս չեն կատարում պարտավորությունները, չեն ապահովում անգամ բազային պայմանները, իսկ մարդիկ չեն վախենում բողոքն արտահայտել անգամ մահվան վախի ներքո։

«Արաբական գարնան» երեխաները

Պատմության մեջ որպես «արաբական գարուն» մնացած իրադարձություններից ավելի քան ութ տարի անց նոր սերունդ է մեծացել, որը կատարել է «աշխատանքը սխալների վրա» և պատրաստ է նոր բողոքի։ Որոշ փորձագետների կարծիքով «արաբական գարունը», միգուցե, չի էլ ավարտվել։

Նոր ցուցարարներին «Արաբական գարնան երեխաներ» անվանել է Կարնեգի կենտրոնի Մերձավոր Արևելյան բաժանմունքի տնօրեն Մահա Յախյան։ Արաբական աշխարհի բնակչության 60 տոկոսը մինչև երեսուն տարեկան քաղաքացիներն են, որոնք էլ բողոքի ակցիաների հիմնական մասնակիցներն են։

2011-ի բողոքի ակցիաների արդյունքը հուսադրող չէր։ Որոշ երկրներում հանրահավքներն ավարտվեցին ռեժիմի արյունալի փոփոխությամբ ու պատերազմով, որոշ երկրներում իշխանափոխությունը հակահեղափոխական բնույթ ունեցավ ու իշխանության եկավ հաջորդ դիկտատորը։ Եվ միայն «արաբական գարնան առաջին ծիծեռնակը» դարձած Թունիսում ժողովրդավարական ընտրություններ կայացան։

Հին համակարգերի բեկում

Մարդիկ պահանջում են իշխանության բաշխման դավանահեն համակարգի վերանայում, որը Լիբանանում արմատացել է 90-ականների քաղաքացիական պատերազմներից հետո, իսկ Իրաքում՝ 2003 թվականին Ամերիկայի ներխուժումից ու Սադամ Հուսեյինի պաշտոնանկությունից հետո։

Այդ ժամանակներից սկսած Իրաքի նախագահը քուրդ է, վարչապետը՝ շիա, խորհրդարանի խոսնակը՝ սունի։ Լիբանանում նախագահը քրիստոնյա մարոնիտ է, վարչապետը՝ սունի, խորհրդարանի խոսնակը՝ շիա։

Ցուցարարներն իշխանության նման բաշխման մեջ տեսնում են միջդավանական մրցակցության ու կոռուպցիայի հիմքը, երբ լոյալութունը վեր է դասվում արժանիքներից։ Որոշ փորձագետներ, այնուամենայնիվ, առաջարկում են բարեփոխել և ոչ թե չեղարկել բաշխման այս սկզբունքըմ, որը զուրկ չէ դրական կողմերից։

Իրան, հեռացի՛ր

Ցույցերի ընթացքի մեջ նաև տարբերություններ կան։ Եթե Բեյրութում հանրահավաքները դեռևս խաղաղ են ընթանում, ապա Իրաքում բողոքի ակցիաների հենց սկզբից ցուցարարների դեմ սնայպերներ էին տեղակայված, մի քանի հարյուր զոհեր կան։ Ցույցերի բռնի ճնշման մեջ մեղադրում են իրանամետ աշխարհազորին և անձամբ «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Քասեմ Սուլեյմանիին։

Լիբանանում հանրահավաքների արդյունքում հրաժարական տվեց վարչապետ Սաադ Հարիրին։ Ցուցարարները սակայն ավելի հիմնավոր փոփոխություններ են պահանջում։

Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ֊Մահդին պատրաստվում էր հետևել Հարիրիի օրինակին, սակայն շուտով մտափոխվեց։ Իրաքի իշխանություններում իրենց աղբյուրին հղվելով որոշ լրատվականներ գրում էին, որ նրան այդ քայլից հետ են պահել իրանական խորհրդականները, ովքեր չեն ցանկանում կորցնել ազդեցությունը Իրաքում։

«Այս ցույցերից հետո Իրանը կարող է կորցնել Իրաքը, եթե կորցնի շիաների աջակցությունը», – նշել է բաղդադցի վերլուծաբան Վատիկ ալ֊Հաշիմին։

Վաշինգտոնի համալսարանի Մերձավոր Արևելքի քաղաքականության փորձագետ Հանին Գադարի խոսքով «Թեհրանին չի հաջողվել իր ռազմական ու քաղաքական հաղթանակները սոցիալական կապիտալի վերածել Իրաքի ու Լիբանանի շիաների համար»։

Եթե Իրաքում մարդիկ հենց սկզբից որպես իրենց հիմնական թշնամի հռչակել էն Իրանը, ապա Լիբանանում ամեն ինչ պակաս միանշանակ է։ Լիբանանում մեծ ազդեցություն ունի «Հեզբոլլահ» միավորումը, որի դիրքորոշումը որոշիչ կարող է լինել։