Home / Հայաստան / «Լիբանանը գրեթե սնանկության եզրին է»․ հայացք Բեյրութից

«Լիբանանը գրեթե սնանկության եզրին է»․ հայացք Բեյրութից

Վերջին շրջանում Լիբանանը հայտնվել է ժողովրդական հեղափոխության եզրին․ զանգվածային ցույցերը գրավել են ամբողջ երկիրը և ներառել բոլոր կրոնական համայնքները: Մայրաքաղաքից մինչև ծայրամաս օրեր շարունակ արգելափակված են կենտրոնական փողոցները, չեն գործում պետական և կրթական հաստատությունները, դրամատները, խանութները։ Երկիրը սառեցված սպասում է վարչապետի, նախագահի, նախարարների և պատգամավորների հրաժարականներին։ Ցույցարարները մեղադրում են կառավարությանը կոռուպցիայի, «քաղաքական գիրացման» և մարդկանց կարիքների նկատմամբ բացարձակ անտարբերության մեջ։

Ժողովրդական ըմբոստության պատճառների, պահանջների և հեռանկարների մասին հոկտեմբերի 29-ին՝ վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից ժամեր առաջ, Epress.am-ը զրուցել է շարժման մասնակից Հովիկ Հովհաննիսյանի հետ․

— Եթե մի փոքր ավելի մանրամասն սերտենք, կարծեմ, հեղափոխական մթնոլորտ կա, և այդ մթնոլորտը տարբեր բնագաբառներում երևելի է, բայց եթե բավական զգույշ և բծախնդիր լինենք, դժվար է ասել, որ այսօր Բեյրութում հեղափոխություն է տեղի ունենում․ հեղափոխություն իր լայն, քաղաքական, ընկերային փոփոխությունների, կտրուկ, արմատական փոփոխությունների իմաստով։

— Լիբանանցի ժողովուրդը այսօր աննախադեպ զարթոնք է ապրում, որ մինչ այս չի եղել։ Նախ՝ լիբանանի տարբեր համայնքների, տարբեր կրոնական պատկանելիություն ունեցող հավաքականությունների, լայն զանգվածների միջև առաջին անգամ համերաշխություն գոյացավ․ բոլորը միասին պահանջում, դիմում և փորձում են իրականացնել նույն նպատակը, մինչդեռ ավելի հաճախ Լիբանանը բաժանված էր համայնքային գծերով, համայնքային պատկանելիության սահմաններով։ Այսօր այդ սահմանները ջնջված են․ անշուշտ՝ ամբողջական չէ, բայց բավական մեծ չափով, ինչը աննախադեպ է Լիբանանի համար։

— Լիբանանյան շատ տարածքներում, որտեղ երբեք նմանօրինակ պահանջատիրական ցույցեր, բողոքներ տեղի չեն ունեցել, ընդհակառակը՝ կար կարծիք, որ այդ շրջաններում ժողովուրդը իր համայնքային պատկանելիությունը գերադասելով՝ ամեն տեսակ ճնշումների ներքո ենթակա էր իր ղեկավարությանը, իր համայնքային իշխանություններին, այդ շրջաններում այսօր՝ հյուսիսից մինչև հարավ, շիա, սուննի կամ քրիստոնյա տարբեր խմբավորումներում, առաջին անգամ ժողովուրդը դեմ է դուրս եկել իշխանություններին։

— 13 օր շարունակ՝ տարբեր համայնքներում, տարբեր քաղաքական պատկանելիություն կամ մեծամասնություն ունեցող շրջաններում ճանապարհները փակ են [սառեցված է պետական հաստատությունների, դրամատների, կրթական օջախների աշխատանքը]։ Սա ևս աննախադեպ է՝ այսքան երկար ժամանակ երկիրը արգելափակված պահելը։

— Հեղափոխությունը բավականին տարերային է, ժողովրդային է, հստակ ղեկավարություն չունի և հստակ ծրագիր էլ չունի։

— Հստակ առարկայական պատճառներ կան բողոքի ալիքի բարձրացման համար։ ․․․Լիբանանի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո՝ 1990 թվականից ի վեր, Լիբանանը ղեկավարում են պատերազմով եկած կամ զինվորական խմբակցությունների ղեկավարները՝ ունենալով իրենց կռնակը համայնքային կրոնական ղեկավարներին։ Այս իշխանությունը, որ իշխեց մոտավորապես 29-30 տարի, Լիբանանը աղքատացրեց և հասցրեց այնպիսի հանգրվանի, ուր տնտեսական տագնապը շատ սուր դարձավ։

Այս տագնապի հիմնական պատճառը, նախ, իշխանությունների՝ բոլոր մակարդակների վրա, ավազակությունն ու թալանն է, ապա՝ նորազատական և դրամատիրական այն համակարգը, որ Լիբանանը գերի դարձրեցին միջազգային հաստատություններին և միջազգային դրամական սիստեմներին։

— Նոր հաստատված տարեկան պետական բյուջով սահմանված տուրքերը և այդ տուրքերին զուգահեռ արտաքին դրամամիջոցի տագնապը վերջին պատճառն էին, որ ժողովրդին դուրս մղեցին փողոց։ Լիբանանի տնտեսությունը հիմնված է ամերիկյան դոլարի վրա, և երբ դոլարի գինը [վերջին շրջանում] թանկացավ, ինչի հետևանքով թանկացան նաև շատ ուրիշ ապրանքներ, սկսվեց հստակ տագնապ՝ բենզինի, վառելանյութի և ցորենի․․․ Վերջին-վերջին պատճառն էլ, որ նախավերջին օրը պատահեց, այն էր, որ կառավարությունը այլևս ճարահատ սկսեց անտրամաբանական տուրքեր և հարկեր զետեղել, և որոշեց, որ պետք է սկսի տուրք դնել Whatsapp հավելվածի հաղորդակցությունների վրա։ Այս որոշումը այլևս ժողովրդի համբերության բաժակը հագեցրեց, և ժողովուրդը անմիջապես դուրս եկավ փողոց։ Եվ առաջին երեք-չորս օրը հսկայական տարերային շարժում կար, որը հետագայում վերածվեց մի փոքր ավելի կազմակերպված և որոշակի եղանակ ունեցող շարժման։

— Հայկական համայնքը իբրև համայնք ամենալուռ կամ ամենանվազ ազդող և ազդվող համայնքներից է։ Սա չի նշանակում, որ հայ անհատներ չկան, որ մասնակցում են ցույցերին, շարժումներին, նույնիսկ ճանապարհներ փակելուն։ Բայց իբրև համայնք Լիբանանի հայ համայնքը ամենանվազ մասնակցողն է։

— Եթե հասնենք նրան, որ կառավարությունը ամբողջությամբ տապալի, ցուցարարների ամենամեծ զորակցությունը վայելող պահանջը այն է, որ ստեղծվի նոր կառավարություն՝ կազմված մարդկանցից, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը։

― Արտահերթ ընտրություններ կազմակերպելուց առաջ պետք է կազմվի փոխարինող, հանգրվանային կամ անցումային կառավարություն, և պահանջ կա, որ այն կազմվի ոչ քաղաքական անցյալ ունեցող անհատներից և մասնագետներից, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը։ Այս երեք հատկանիշները և չափանիշները արդեն իսկ ենթակայական են․ ի՞նչ է նշանակում ոչ քաղաքական անցյալ, ի՞նչ է նշանակում մասնագետ, ո՞վ պիտի որոշի․․․

— Պահանջը այն է, որ անցումային կառավարությունը անմիջապես կազմակերպի նոր արտահերթ ընտրություններ։ Այդտեղ մեկ այլ խնդիր է ի հայտ գալիս․ ինչպես արդեն ասացի, դասական, համայնքային գործող քաղաքական ուժերը, բնականաբար, մասնակցելու են ընտրություններում։ Եվ հիմա հույսը այն է, որ այս ոչ համայնքային, ժողովրդային շարժումը կարողանա մեծ տոկոս խլել նրանցից։

— Լիբանանի այս տագնապը ընկերային, տնտեսական տագնապ է, որի հիմնական պատճառը իշխանության հաստատած համակարգն է, նորազատական սիստեմը, որ կիրարկվում է։ Այսօր հիմնական լուծումը այս համակարգը փոխելու մեջ է։ Եթե այս կառավարությունը հրաժարական տա, նույնիսկ եթե նոր կառավարություն ստեղծվի, որ նվազ փտած է կամ փտած չէ, եթե քաղաքական, տնտեսական համակարգը և ուղղությունը մնա նույնը, ես կասկածում եմ, որ Լիբանանի տնտեսական վիճակը կբարելավվի։   

― Լիբանանը գրեթե սնանկության եզրին է։ Երեկ Կենտրոնական դրամատան կառավարիչը հայտարարեց, որ եթե երկու-երեք օր հետո կացությունը չփոխվի, Լիբանանը կկանգնի մեծ տնտեսական անկումի առջև։ Մարդիկ ասում են՝ անկումն արդեն եղել է։ Բայց ճշգրիտ նկարագրությունը չէ կարևոր այստեղ, այլ այն, որ տնտեսական այս համակարգը այլևս չի կարող շարունակվել։ Բավական տագնապների մեջ է մտած արդեն, և պետք է ամբողջությամբ բարեփոխվի, համակարգային փոփոխություններ պետք է տեղի ունենան։