Հոկտեմբերի 29-ին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին դիմել է երկրի բնակչությանը և հայտնել, որ հրաժարական է տալիս։
Երկրում երկու շաբաթ շարունակ բողոքի ցույցեր էին իրականացվում։ Ցուցարարները պահանջում էին Հարիրիի հրաժարականը, կոռուպցիայի դեմ իրական պայքար, կոմունալ ծառայությունների բարելավում, փոփոխություններ երկրի քաղաքական համակարգում։
Ինքնաբուխ ակցիաներն իրականացվում էին երկրի բոլոր նահանգներում, ինչն անսովոր էր Լիբանանի համար, որտեղ քաղաքական համակարգն ու ժողովրդական շարժումները ավանդաբար հիմնված են կրոնական պատկանելության վրա։
Կառավարության հարկային քաղաքականության, ավելի հստակ՝ WhatsApp հավելվածի և այլ մեսսենջերների միջոցով զանգերը հարկելու որոշման դեմ բողոքի ալիքը հոկտեմբերի 17-ին էր սկսվել։ Իսկ ավելի ուշ իշխանությունները չեղարկեցին այդ որոշումը, ինչը, սակայն, չազդեց ցույցերի վրա։
Հարիրին հայտարարել է, որ Լիբանանը փակուղու մեջ է, և ճգնաժամից դուրս գալու համար երկրին շոկ է հարկավոր։
Լիբանանի պետպարտքն աշխարհում ամենախոշորներից է։
Բողոքի ցույցերի հետևանքով տասը օր բանկերը չէին գործում, փակ են նաև մի շարք ընկերություններ, դպրոցներ ու համալսարաններ։
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կոչ են անում Լիբանանը հնարավորինս արագ նոր կառավարություն ձևավորել։
«Վարչապետ Հարիրիի հրաժարականի լույսի ներքո Միացյալ Նահանգները կոչ են անում Լիբանանի քաղաքական առաջնորդներին շուտափույթ կերպով աջակցել նոր կառավարության ձևավորմանը, որը կօգնի կայուն, բարգավաճ և անվտանգ Լիբանան կառուցել», – ասված է նրա հայտարարության մեջ։