Home / Խմբագրի ընտրություն / Արցախի լուծարումը ավելացնում է Հայաստանի պետական պարտքը

Արցախի լուծարումը ավելացնում է Հայաստանի պետական պարտքը

Հայաստանն իր վրա է վերցնում Լեռնային Ղարաբաղի կառավարության, պետական հիմնադրամների, քաղաքացիների վարկերի մեծ մասը․ 315 միլիարդ դրամ (783,6 միլիոն դոլար) պարտքի 70 տոկոսը կմարվի Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին։

Դեկտեմբերի 22-ին ընդունված օրինագծի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի նկատմամբ ԼՂ կառավարության, հիմնադրամների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորությունների սպասարկումը դարձել է անհնար։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ սա «մեծ սթրես է» Հայաստանի ֆինանսական համակարգի համար, որը կանգնած է «կապիտալի էական կորստի և ֆինանսական կայունության խաթարման» վտանգի առաջ։ 

Քաղաքացիների վերցրած (հիփոթեքային, բիզնես և այլ) վարկերը ընդհանուր պարտքի միայն մի փոքր մասն են։ Շուրջ 270 միլիարդը (671.641 միլիոն դոլար) Լեռնային Ղարաբաղի կառավարության ու պետական հիմնադրամների ունեցած պարտավորություններն են․ հայաստանյան բանկերից 7-ը Արցախում մասնաճյուղեր են ունեցել, վարկեր են տվել պետությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, այժմ գումարը հետ են պահանջում։ 

Առևտրային բանկերից բացի՝ լուծարված Արցախի հանրապետությունը հսկայական միջպետական վարկեր է վերցրել նաև Հայաստանի Հանրապետությունից։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ավելի վաղ պարզաբանել էր՝ խոսքը շուրջ 2․5 միլիարդ դոլարի մասին է, գումարը վերադարձի ենթակա չէ, քանի որ վերադարձնող այլևս չկա։

Արդեն մի քանի ամիս է՝ կառավարությունը բանակցությունների է վարկում ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչների հետ։ 

«Մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու այդ պարտքի հետ․ բանկերի վրա ենք թողնելո՞ւ՝ բարդ խնդրի առաջ կանգնացնելով ֆինանսական համակարգին, թե՞ վերցնելու ենք պետության վրա՝ ավելացնելով պետական պարտքը», – նշել էր Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Բանակցությունների արդյունքները ամփոփվել են ընդունված օրինագծում՝ Լեռնային Ղարաբաղի 315 միլիարդ դրամ ընդհանուր պարտքի 70 տոկոսը (220․5 միլիարդ դրամ կամ 548,5 միլիոն դոլար) իր վրա է վերցնում Հայաստանի Հանրապետությունը, 30 տոկոսը՝ ֆինանսական կազմակերպությունները։ Պետության կողմից ստանձնված պարտավորությունների դիմաց «բանկային համակարգը ստանում է պետական գանձապետական պարտատոմսեր»։

Այսպիսով արդեն կառավարությունը բանկերին պարտք կլինի, հետևաբար զգալի կաճի նաև Հայաստանի ավելի քան 11 միլիարդ դոլար կազմող պետական պարտքը։ Այն կավելանա միանգամից 5 տոկոսով։